• Latest news

ԱԱՀ-ի նվազեցումը մինչեւ 10%-ով կնպաստի դեղերի գների նվազմանը. փորձագետ

19 մայիսի, 2018  10:32

Տարբեր լրատվամիջոցներ բազմիցս անդրադարձել են Հայաստանում դեղերի բարձր գներին: Նշենք, որ բարձր աղքատություն ունեցող երկրում, որտեղ հիվանդն է հոգում իր դեղորայքի ծախսերը, այս խնդիրը պետք է լիներ բոլոր ժամանակների կառավարությունների առաջնային խնդիրներից մեկը: Այս մասին «Առողջապահության կառավարում» ֆեյսբուքյան էջում հրապարակված հոդվածում նշում է դեղագործական ոլորտի փորձագետ Լիանա Ավետիսյանը։

«Ժամանակին Ազգային ժողովի «Ելք» խմբակցությունը դեղերն ԱԱՀ-ից ազատելու օրինագիծ ներկայացրեց, որը չհաստատվեց՝ հաշվի առնելով, որ բյուջեն այդ մասով պակասորդ կտա: Սակայն այս հարցն էլ հակառակ կողմ ունի: Նախ՝ առողջապահությունը համարվում է հանրային արժեք, եւ այն իբրեւ «բիզնես շահի» աղբյուր դիտարկելը սխալ է: Մյուս կողմից՝ չկա ցուցանիշ, թե ինչ քանակով է ամեն օր Վրաստանից, Ռուսաստանից ժամանողն իր հետ դեղորայք բերում:

Սերտորեն աշխատելով Վրաստանի շուկայի հետ՝ կարող եմ ասել, որ մաքսիմալ պահեստային մնացորդ ունեն կայարանի հարեւանությամբ գտնվող դեղատները, եւ շատ լավ գիտեն, թե երբ է գալու Հայաստանից գնացքը: Այսինքն՝ ռեալ շուկայի պատկեր Հայաստան դեղերի ներկրման եւ վաճառքի, մենք չունենք:

Լավ, հասկանալի է, որ ներկա պայմաններում միանգամից հանել ԱԱՀ-ն ռիսկային է: Սակայն գնային քաղաքականության վրա ազդել պետությունը կարող է եւ պարտավոր է:

Ստորեւ բերեմ մի քանի անուն դեղերի գնային տարբերությունը Հայաստանի, Վրաստանի եւ Ռուսաստանի շուկաներում:

Բոլոր գները ներկայացված են՝ ըստ 2018թ. մայիսի 17-ի տվյալների, հաշվարկված կուրսը 1 ոուբլին՝ 8 դրամ, 1 լարին՝ 200 դրամ միջին փոխարժեքով: Հայաստանի գները վերցված են «Նատալի Ֆարմ», Վրաստանում «Ավերսի» եւ Ռուսաստանում Մոսկվայի՝ «Ապտեչնիյ Դոմ» դեղատնային ցանցից:

Նշեմ, որ ըստ շուկայի վերլուծության՝ 2017 թվականին Հայաստանում ամենաշատ վաճառվող դեղերն առաջին չորսն են: Մնացած անվանումները վերցված են պատահականության սկզբունքով, որոնք նույնպես հաճախակի են նշանակվում:

Նախ խոսեմ շուկաների տարբերության մասին: Ինչպես գիտեք՝ Վրաստանում դեղերն ԱԱՀ-ով չեն հարկվում, Ռուսաստանում ԱԱՀ-ն 10% է: Ներկայացնեմ նաեւ ԱԱՀ-ն ԵՏՄ անդամ այլ երկրներում: Բելառուսն ու Ղազախստանը դեղերի համար ԱԱՀ չեն կիրառում, Ղրղզստանում այն 12% է: Ուստի Հայաստանում կիրառվում է ԱԱՀ-ի ամենաբարձր դրույքաչափը: Շուկաների միջեւ գնային տարբերությունը բերում է նաեւ ոչ օրինական եղանակով ներմուծման: ԱԱՀ-ի նվազեցումը մինչեւ 10%-ով կնպաստի դեղերի գների նվազման: Բացի այդ՝ օնկոլոգիան թանկարժեք եւ կյանքի ցուցում ունեցող ուղղություն է, ուստի անհրաժեշտ է նաեւ քննարկել օնկոլոգիական հիվանդությունների բուժման դեղորայքն ընդհանրապես ԱԱՀ-ից ազատելու հարցը:

Վրաստանում շատ խիստ է գործում հակամենաշնորհային օրենսդրությունը: Նմանատիպ հասկացություն, ինչպիսին «բարտերն» է, բացակայում է: Դեղատնային ցանցերն ունեն շատ ճկուն գնային քաղաքականություն: Շաբաթվա մեջ 2-3 անգամ տարբեր դեղատնային ցանցեր ունեն զեղչի օրեր, այսինքն՝ եթե այսօր զեղչ է «Ավերսի» ցանցում, վաղը զեղչ է «Ֆարմադեպո» ցանցում եւ այլն: Նշեմ, որ զեղչին միանում է նաեւ տվյալ ցանցի քարտի զեղչը: Դրանք կուտակային չեն եւ հաճախորդը միանգամից տեսնում է, թե որքան զեղչ ստացավ: Նույն կերպ Հայաստանում գործում են «Գեդեոն Ռիխտեր» ցանցի քարտերը: Զեղչի տոկոսը շատ տարբեր է. 15%-ից մինչեւ 40%՝  կախված ցանցի գնային քաղաքականությունից, մարժայից, մրցակցությունից եւ այլն: Նշեմ, որ երեկ վրացական «Ավերսի»-ում զեղչի օր էր, եւ դեղերի գները նշված են զեղչով:

Հիմա կցանկանամ կոնկրետ անդրադառնալ դեղորայքի ցանկի վերլուծությանը: Միայն նշված 28 անուն դեղերի համար արված վերլուծությամբ կարելի է ասել, որ Ռուսաստանում գներն այդ ցանկի համար 29%-ով էժան են, իսկ Վրաստանում՝ 36%-ով: Չհամեմատվելով Ռուսաստանի հետ, քանի որ շուկան մեծ է եւ ծավալի համար ներկրողները ստանում են հավելյալ զեղչեր, ասեմ, որ Վրաստանում անգամ գնից հանելով 16.67% ԱԱՀ-ն, միեւնույն է՝ գներն ըստ այս ցանկի 23%-ով էժան են:

Առանձնակի կցանկանամ ուշադրությունը սեւեռել «Սանոֆի Ավենտիս» ընկերության՝ դիաբետի բուժման համար նախատեսված Ամարիլ դեղամիջոցին: Հայաստանում այն արժե 10.300 դրամ, Վրաստանում՝ առանց զեղչի՝ 12.50 լարի (2500 դրամ), զեղչով՝ 6.56 լարի (1312 դրամ), ժամկետը՝ մինչեւ 2020 թվական (Ref. https://www.aversi.ge/ru/307/medikamentebi/?cat=46):

Նախ եւ առաջ կոնկրետ այս դեպքի համար պետք է հասկանալ Հայաստանի եւ Վրաստանի ներկրման ձեւերը եւ գնագոյացումը: Ունենալով Հայաստանուն ներկայացուցչություն՝ դա շատ հեշտ է կազմակերպել: Հաջորդը, եթե ներկրման գնի իջեցում է հնարավոր, ինչո՞ւ այնպիսի քրոնիկ հիվանդության համար, ինչպիսին շաքարային դիաբետն է, բուժման դեղորայքի ներկրման գինը չի կարելի իջեցնել: Սովորաբար ընկերությունները տարածաշրջանում ձգտում են ներկրման համանման գին սահմանել, եւ այս քաղաքականությանը պետք է հետամուտ լինել:

Եվ, ամենակարեւորը, Հայաստանի ներկրողները, ունենալով զուգահեռ ներմուծման հնարավորություն, փաստացի կա՛մ մոնիթորինգի չեն ենթարկում հարեւան շուկաների գները, կա՛մ, ունենալով պայմանագիր արտադրողի հետ, չեն կարողանում օգտվել տվյալ գնային հնարավորությունից, ինչը ռեալ չեմ համարում:

Այսպիսով՝ շատ հակիրճ ներկայացրեցի ներկայում տարածաշրջանային գնային քաղաքականությունը եւ այն խնդիրներից մեկը, որն առկա է հայկական դեղագործական շուկայում: Հաջորդ հոդվածում կանդրադառնամ այն առաջարկներին, որոնք խորհուրդ է տրվում անել դեղերի մասին օրենքում՝ մշակելով համապատասխան օրինագիծ»,- գրել է փորձագետը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել