• Latest news

Բարեգործական հիմնադրամներն ու մանկական ուռուցքաբանները նոր՝ խոշոր հիմնադրամ կստեղծեն

22 մայիսի, 2018  16:25

Այսօր ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի հրավերով տեղի է ունեցել մանկական ուռուցքաբանության եւ արյունաբանության ոլորտի բարեգործական հիմնադրամների եւ մասնագետների մասնակցությամբ երկրորդ հանդիպումը: Հանդիպման մասնակիցները փարատել են նախորդ հանդիպման առիթ հանդիսացած մտահոգությունները, թե երկրում քաղաքական իրավիճակի փոփոխությունը կարող էր խաթարել այս անչափ կարեւոր ոլորտի բնականոն գործունեությունը: Այս մասին հայտնում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանի գրասենյակը։

Ավելին, ներկաները ուրախությամբ հայտնել են, որ նախորդ հանդիպման արդյունքներով տարածված հայտարարությունը մեծ ազդեցություն է ունեցել, եւ նվիրատվությունների հոսքը մանկական ուռուցքաբանության եւ արյունաբանության ոլորտի բարեգործական հիմնադրամներ էականորեն աճել է: Ներկաները վերահաստատել են պատրաստակամությունը՝ համախմբել բոլոր ուժերը եւ հնարավորությունները քաղցկեղով հիվանդ երեխաների բուժումը բնականոն շարունակելու համար:

Այս նպատակով նախատեսվում է բարեգործական հիմնադրամների եւ ոլորտի մասնագետների մասնակցությամբ ստեղծել խոշոր հիմնադրամ, որը կկոորդինացնի աշխատանքները եւ հանդես կգա խնդրով մտահոգ բոլոր մասնագետների, կազմակերպությունների եւ անհատների անունից: Այս առումով առաջարկ է եղել Աննա Հակոբյանին՝ ներգրավվել հոգաբարձուների խորհրդի կազմում:

Տիկին Աննա Հակոբյանը սիրով տվել է իր համաձայնությունը եւ համոզմունք է հայտնել, որ հիմնադրամը բաց է լինելու բոլոր շահագրգիռ կազմակերպությունների հետ համագործակցության համար եւ գործելու է բացառապես թափանցիկ եւ համակարգված:

Այսօրվա աշխատանքային խմբի հանդիպումը եղել է ընդլայնված, որին մասնակցել են մանկական ուռուցքաբան, արյունաբան Սամվել Դանիելյանը, ՀՀ Առողջապահության նախարարության մոր եւ մանկան առողջության պահպանման վարչության պետ Կարինե Սարիբեկյանը, «Օգնեմ» հիմնադրամի նախագահ Էդգար Գյանջումյանը, «Ֆոնդ100» հիմնադրամի նախագահ Տիգրան Բալոյանը եւ հոգաբարձուների խորհրդի անդամ Լուսինե Բադալյանը, «Մենք ենք» հիմնադրամի նախագահ Սոնա Ազարյանը, «Սիթի օֆ Սմայլ» հիմնադրամի տնօրեն Լիլիթ Սարգսյանը, մանկական արյունաբան Մարինե Քամալյանը եւ մանկական ուռուցքաբան, արյունաբան Գեւորգ Թամամյանը: 

Փաշինյանի տիկնոջ նախաձեռնությամբ քննարկել են մանկական քաղցկեղի հիմնախնդիրները

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել