• Latest news

Շատ տարօրինակ պատմություն է․ մի քանի միլիարդ ծախսել ենք, կողպեքով փակել․ Փաշինյանը՝ Ռադիոիզոտոպների կենտրոնի մասին

24 մայիսի, 2018  12:59

Շատ տարօրինակ պատմություն է, երբ գործի 95 տոկոսն արված է, իսկ 5 տոկոսի մասով տարիներով ձգձգվում է։ Այս մասին այսօր՝ մայիսի 24-ին ՀՀ կառավարության հերթական նիստում «Ճառագայթային բուժման կենտրոն» ՓԲԸ-ն լուծարելու նախագիծը քննարկելու ժամանակ ասաց  վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա տարակուսանք հայտնեց, որ մի քանի միլիոն եվրոն ծախսվել է, բայց թանկարժեք սարքավորումները կողպեքի տակ են եւ չեն աշխատում։

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նախ ներկայացրեց նախագիծը, հետո պարզաբանումներ տվեց վարչապետի բարձրացրած հարցերի շուրջ։ Նախարարը նշեց, որ խոսքն Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի ստեղծման 2-րդ փուլի մասին է, որով նախատեսվել է հիմնադրել Ճառագայթային բուժման կենտրոն, որի ստեղծման ամբողջ աշխատանքը (կառուցում, հագեցում) պետք է իրականացվեր Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ։

«Սակայն ոլորտում իրականացվող փոփոխությունների պատճառով հայկական կողմը Համաշխարհային բանկին խնդրել է Ճառագայթային բուժման կենտրոնի ստեղծման համար նախատեսված գումարները վերաբաշխել այլ ուղղություններով։ Համաձայնությունը ստանալուց հետո ձեռնարկվել է վարկային համաձայնագրի փոփոխման գործընթացը։ Սույն թվականի ապրիլի 25-ին ուժի մեջ է մտել վարկային համաձայնագրի փոփոխությունը, որով գումարներն ուղղվելու են Մարտունիում եւ Վայոց ձորի մարզում բժշկական նոր կենտրոններ կառուցելուն»,- ասաց նա։

Արսեն Թորոսյանը հավելեց, որ «Ճառագայթային բուժման կենտրոնը» ստեղծելու համար պետական բյուջեում եւս չկան ֆինանսական համապատասխան միջոցներ, ուստի առաջարկվում է այն լուծարել։ «Այնուամենայնիվ, կարեւորելով այս ուղղությունը մեր առողջապահությունում, պլանավորվում է ոլորտի զարգացումն իրականացնել մասնավոր նեդրողների կողմից»,- ասաց նա։

Պատասխանելով վարչապետի հարցերին ծրագրի առաջին փուլի, ցիկլոտրոնի եւ այլ սարքավորումների ձեռքբերման մասին, որոնք պետք է օգտագործվեին ուռուցքաբանական հիվանդությունների ախտորոշման համար, նախարարը նշեց, որ բավական երկարատեւ գործընթաց է տեղի ունեցել 2009 թվականից ի վեր, երբ որոշում կայացվեց, որ մեր երկրում այդ ախտորոշումը բացակայում է, բայց փաստացի այն բացակայում է մինչեւ հիմա։

«Ծրագրի իրականացման համար այդ տարիների ընթացքում պետբյուջեից ծախսվել է շուրջ 2.2 մլրդ դրամ եւ 5.4 մլն եվրոյի բելգիական վարկ, որի շրջանակում կառուցվել է շենքը, տեղադրվել են ցիկլոտրոն, ՊԵՏ եւ ՍՊԵԿՏ տոմոգրաֆներ։ Այսինքն՝ աշխատանքի 95 տոկոսը կատարված է, բայց դրանից հետո գործն առաջ չի գնացել, եւ ես պետք է խնդրեմ այդ հարցը լուծենք»,- ասաց նա՝ հավելելով, որ այս պահին Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնը չի գործում, բելգիական վարկն էլ մարվում է՝ 1.2 մլն եվրոն արդեն մարվել է։

Արսեն Թորոսյանը նշեց, որ իրականում շատ բարդ պրոցես է եղել՝ միջազգային փորձագետների ներգրավում, մրցույթ, կոնցեսիոն պայմանագիր։ «Սակայն քանի որ աշխատանքը չի ավարտվել, հանձնում-ընդունումը չի կատարվել Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն ՓԲԸ-ի կոնցեսիոներին, որը պետք է հետագայում շահագործեր այն»,- ասաց նախարարը։

Վարչապետի հարցին, գուցե ճիշտ կլիներ պահպանե՞լ «Ճառագայթային բուժման կենտրոնը»՝ այդ խնդիրը լուծելու համար, նախարարը պատասխանեց, որ «լուծարումը կոնկրետ կառուցած օբյեկտի հետ ուղղակի կապ չունի, դա եղել է երկրորդ փուլով, երբ արդեն Համաշխարհային բանկի վարկով բուժական մասը պետք է կառուցվեր։ «Մենք հիմա ունենք ախտորոշիչ մասը (Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն - խմբ․), որը գործարկված չէ, իսկ բուժական մասը (Ճառագայթային բուժման կենտրոն - խմբ․) պիտի կառուցվեր վարկային միջոցներով, որը տեղի չի ունեցել»,- ասաց նա եւ հավելեց. «Պարզապես թղթի վրա ՓԲԸ է, ոչ մի խնդիր չի առաջանում, ցանկացած պահի կարելի է բացել»։

Ըստ նախարարի՝ իրավական հարցերը լուծելուց հետո, այդ պահից սկսած Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնը տեխնիկապես ռեալ է կես տարում գործարկել։

Կառավարությունը որոշում կայացրեց լուծարել «Ճառագայթային բուժման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել