• Latest news

Միակ կին պրոկտոլոգ-վիրաբույժը Հայաստանում․ Մենք միշտ աշխատում ենք բարդացած դեպքերի հետ

25 մայիսի, 2018  10:27

Անահիտ Գեւորգյանը այսօրվա դրությամբ Հայաստանում միակ կին պրոկտոլոգ- վիրաբույժն է։ 1984-ին նա եկել է աշխատելու Պրոկտոլոգիայի նորաբաց ինստիտուտ, որը հետագայում դարձել է «Իզմիրլյան» բուժկենտրոն։ Բժշկի խոսքով՝ իր հիվանդների 80 տոկոսը կանայք են։ Նրանք հատուկ են փնտրում կին բժշկի, որպեսզի կարողանան նրա հետ կիսվել իրենց «նուրբ  խնդիրներով»։

NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում Անաhիտ Գեւորգյանը պատմել է, որ Երեւանի բժշկական ինստիտուտն ավարտելուց հետո՝ 1980-ին, նա անցել է ինտերնատուրա «Մալաթիա» հիվանդանոցում, որտեղ մասնագիտացել է վիրաբուժության մեջ։ Որից հետո երեք տարի աշխատել է Կիրովականի (Վանաձորի) բուժկենտրոնում։

Անահիտ Գեւորգյանին ժամանակին հրավիրել էին աշխատելու «Էրեբունի» բուժկենտրոնում, էնդոկրին վիրաբուժության նոր բաժնում, սակայն նա ընտրել էր Պրոկտոլոգիայի ինստիտուտը, որտեղ նորաբաց ամբիոնին կին վիրաբույժներ էին պետք։ Նա այստեղ  կոլոպրոկտոլոգիայի գծով կլինօրդինատուրա է անցել, իսկ ավելի ուշ՝ 1992-ին, պաշտպանել է թեկնածուական թեզ, ու այդ ժամանակվանից ի վեր Հայաստանում միակ կին վիրաբույժ- պրոկտոլոգն է։

Բժշկուհու խոսքով՝ երբ ինքը ավարտեց ինստիտուտը,  Հայաստանում դեռ առհասարակ գործող կին – վիրաբույժներ չկային։ Այսինքն գինեկոլոգներ ու քիթ- կոկորդ- ականջի բժշկուհիներ կային, բայց մեծ որովայնային վիրաբուժության մասնագետներ չկային։ Այնպես որ Անահիտ Գեւորգյանը Հայաստանում առաջին նման մասնագետն է։

«Մեր պրակտիկայում հիվանդների հիմնական մասը կոլոռեկտալ քաղցկեղով մարդիկ են։ Ես գիտեմ, որ ճիշտ եմ ընտրել իմ մասնագիտությունը՝ յուրաքանչյուր հիվանդի հետ դու ապրում ես նրա դժվարություններով ու նրա ձեռքբերումներով։ Ու յուրաքանչյուր հիվանդի հաջողությունները քո հաղթանակն է մահվան հանդեպ։ Ամբողջ աշխահում ապրելիության լավագույն ցուցանիշը 3-5 տարի է ։ Մենք ունենք հիվանդներ, որոնք վաղուց են հատել այդ շեմը»,- ասում է նա՝ հավելելով, որ եթե կոլոռեկտալ քաղցեղը չվիրահատվի, ապա մարդը դատապարտված է մահվան, նույնիսկ եթե մետաստազներ չունի։

Կոլոռեկտալ  քաղցկեղի բուժման վիրահատությունները բարդ են, աշխատատար ու ծավալուն։ Ընդ որում հաճախ ստիպված են լինում վիրահատությունն ավարտել  հաստ  աղին որովայնային խոռոչի պատի վրա հանելով ու կոլոստոմա դնելով։ Բայց, ինչպես ասում է վիրաբույժը, որոշ դեպքերում բժիշկները պարզապես այլ ելք չեն ունենում։ Նա նշեց, որ ժամանակին ձեռնարկվել են այլ օրգանների մկաններից արհեստական սֆինկտեր (սեղմամկան) ստեղծելու փորձեր, բայց այդ սֆինկտերները «վատ էին աշխատում» ու արդյունքում էլ ավելի էին վատացնում հիվանդների կյանքի որակը, քան կղանքընդունիչները։

Բժշկուհու խոսքով՝ ուռուցքաբանական հիվանդներից բացի իրեն հաճախ են դիմում խոցային կոլիտով, Կրոնի ու Գիրշպրունգի հիվանդություններով մարդիկ, որոնք երկար հաստ աղիով են ծնվել։ Այդ հիվանդներից շատերը երիտասարդներ են, բայց նույնիսկ նրանք են չափից ուշ դիմում բժշկի։ «Կարելի է ասել, որ մենք միշտ աշխատում ենք բարդացած դեպքերի հետ»,- ասում է նա։

Կոլոպրոկտոլոգ Անահիտ Գեւորգյանը հիշեց, որ դոլիխոմեգասիգմայի հիվանդությամբ իր ամենաերիտասարդ հիվանդը 14-ամյա տղա էր (դա 1988-ին էր)։ 2016-ի դեկտեմբերին նա վիրահատել էր մի 22-ամյա երիտասարդ կնոջ։ Երկու հիվանդներն էլ ունեին մեծ կղղանքային քարեր, ու նրանց որովայնները նման էին հղիության վերջին ժամկետում գտնվող հղի կանանց փորերին։

Վիրաբույժը նշեց, որ «Իզմիրլյան» բուժկենտրոնը սարքավորված է պրոկտոլոգիական վիրահատությունների իրականացման համար բոլոր անհրաժեշտ գործիքներով՝ այդ թվում մեկանգամյա կարող, բերանակցող ապարատներով, որոնք զգալիորեն հեշտացնում են վիրաբույժի գործն ու կրճատում վիրահատության ժամանակը։

«Աշխատում եմ երկու սկզբունքով։ Առաջինը, որ միայն դու կարող ես օգնել այդ հիվանդին, եւ երկրորդը, որ դու ստանաս քեզ բավարարող արդյունք, որը կօգնի հիվանդին երկար ապրել»,- ասաց նա։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է