«Աստղիկ» ԲԿ-ն ճանաչվել է 2017-ի լավագույն բուժհաստատությունը՝ Armenian Info պորտալի իրականացրած առցանց հարցումների հիման վրա։ Բուժկենտրոնի տնօրեն Ասատուր Ասատրյանը ճանաչվել է առողջապահության լավագույն կազմակերպիչը, իսկ Հանրային կապերի և մարքեթինգի բաժնի ղեկավար Լուսինե Պետրոսյանը՝ ամենակրեատիվ ՓՌ մենեջեր։
Հաղթողների պարգեւատրությունը տեղի է ունեցել մայիսի 20-ին «Անի» պանդոկում։ Պարգեւատրվածների շարքերում 2016-ի ապրիլյան պատերազմի հերոսներ էին, նաեւ զոհված զինծառայողների մայրեր։ Ամբողջ միջոցառումը կազմակերպված էր նրանց համար, ու պարգեւատրությունն ուղղակի կամ անուղղակի կապակցված էր նրանց հետ։ Պարգեւատրությունների ընթացքում բազմիցս հնչել է բուժկենտրոններին ուղղված կոչ՝ այդ երիտասարդներին տրամադրել անհրաժեշտ բուժօգնություն, լինել նրանց հետ սիրալիր եւ համբերատար։
Պորտալի համակարգող Աննա Առաքելյանը NEWS.am Medicine –ի թղթակցին հայտնել է, որ իրենք առցանց հարցումների միջոցով պարզել են տարվա լավագույն բուժհաստատությունների ցանկը, որոնք մշտապես աշխատել են օպերատիվ, հիվանդների հետ եղել են սիրալիր, բարեհամբույր եւ բարձր վարկանիշ ունեն։ «Այս առումով «Աստղիկ» ԲԿ-ն ՝ տնօրեն Ասատուր Ասատրյանի գլխավորությամբ, մշտապես առաջատարի դիրքերում է»,- ասել է նա։
Բուժկենտրոնի անունից պարգեւը ստացել է հիվանդանոցի գլխավոր բժիշկ Ռոբերտ Կուրղինյանը, որն իր խոսքում նշել է, որ այսօր «Աստղիկ» ԲԿ-ում աշխատում է 136 բժիշկ, որոնք պատերազմական տարիներին աշխատել են Ստեփանակերտում, Գորիսում ու Սիսիանում։
«Խոնարհվելով մեր զինվորների մայրերի առաջ, հարգելով զոհված տղաների հիշատակը՝ ես ուզում եմ մաղթել, որ բոլորիս աշխատանքը լինի խաղաղ պայմաններում, որ մենք կարողանանք ծառայել մեր ժողովրդին առանց ռմբակոծումների, որ չլինեն հրազենային վիրավորումներ։ Ես ուզում եմ նաեւ նշել, որ մեր կենտրոնը վերջին տարիներին զինվել է ամենաառաջադեմ սարքավորումներով եւ մեր ժողովրդին տրամադրում է տարբեր տեսակի բազմաթիվ ծառայություններ։» ,- ասել է նա։
Տարվա լավագույն մարտիկներ են ճանաչվել ապրիլյան պատերազմի մասնակիցներ Մանվել Մանուկյանը, Նորայր Զախարյանը, Ռազմիկ Գասպարյանը, Հայկ Սեխիլյանը, Հայկ Թորոսյանը, Դանիել Դավթյանը, Ալբերտ Դալլաքյանը, Ռոլանդ Սահակյանը։ Ապրիլյան պատերազմի ժամանակ զոհված Արմենակ Ուրֆանյանի ու Քյարամ Սլոյանի պարգեւները հանձնել են նրանց մայրերին։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր