• Latest news

Ինչպես բարեփոխել մանկաբուժական կրթությունը. Երեւանում օտարերկրյա մասնագետների մասնակցությամբ համաժողով տեղի ունեցավ

2 հունիսի, 2018  20:45

Ինչպես Հայաստանում բարեփոխել մանկաբուժական կրթությունը, լրացնել մասնագետների պակասը եւ կարելի է արդյոք մեր երկրում կիրառել այլ երկրների փորձը: ԵՊԲՀ-ում «Մանկաբուժության մարտահրավերները. անցյալը, ներկան եւ ապագան» համաժաղովի ընթացքում օտարերկրյա մասնագետների մասնակցությամբ այս հարցերը քննարկվեցին:

Մասնավորապես՝ ԱՄՆ-ից Կարինե Աբուլյանը եւ Շանթ Շեխերդիմյանը ներկայացրեցին մանկաբուժական ուսուցման մոդելներ, որոնք գործում են ԱՄՆ-ում եւ Կանադայում: Նրանց խոսքով՝ ընդհանուր առմամբ ԱՄՆ-ում մանկաբույժի ուսուցումը 25-27 տարի է տեւում, ներառյալ 12-ամյա դպրոցական կրթությունը:

Շանթ Շեխերդիմյանը նշեց, որ մանկական վիրաբույժ դառնալու համար հարկավոր է ռեզիդենտուրա անցնել, եւ այստեղ մեծ ուշադրություն է դարձվում կատարվող վիրահատությունների թվին: ԱՄՆ-ում, ըստ նրա, ռեզիդենտը տարեկան 300 վիրահատություն է կատարում, Հայաստանի համար դա ֆանստաստիկ թիվ է, ուստի սխալ է խոսել այստեղ եւ այնտեղ ռեզիդենտների նույն որակի մասին: Նա նաեւ նշեց, որ ԱՄՆ-ում 1 մլն մանկական բնակչությանը 10 մանկական վիրաբույժ է հասնում, իսկ Հայաստանում՝ 40: Լոս Անջելեսում, նրա խոսքով, 10 մլն բնակիչ կա եւ ընդամենը 122 հիվանդանոց, Երեւանում՝ 1 մլն բնակիչ եւ 41 հիվանդանոց: Եթե համեմատենք, ապա հայկական չափորոշիչներով Լոս Անջելեսում պետք է 410 հիվանդանոց լինի:

Այնուհետեւ նա նշեց, որ ԱՄՆ-ում եւ Կանադայում պետությունը վերահսկում է տարբեր բժշկական ոլորտներում անհրաժեշտ մասնագետների թիվը: Օրինակ՝ մանկաբույժների թիվը չի կարող ավելին լինել պետության սահմանած թվից: Ամեն ինչ խստորեն կարգավորվում է ամեն փուլում. բժշկական հաստատությունը չի կարող այնքան ռեզիդենտ վերցնել, որքան ցանկանա, եթե չի կարող նրանց անհրաժեշտ քանակով վիրահատություններով ապահովել: Յուրաքանչյուր ռեզիդենտ, նրա խոսքով, 5 տարվա ընթացքում առնվազն 800 վիահատություն պետք է կատարի:

Շանթ Շեխերդիմյանը նաեւ նշեց, որ տարբեր երկրներում բժշկական սպասարկման հասանելիության տարբեր մոդելներ են գործում: Մասնավորապես Կանադայում բժշկական ծառայությունների կենտրոնացման մոդել են ընտրել, բայց այնտեղ հստակ լուծված է ամենահեռավոր շրջաններից հիվանդների տեղափոխելու հարցը՝ ջրային, ցամաքային եւ օդային տրանսպորտով: Նա վկայակոչեց մի շարք հետազոտություններ, որոնք բարդ իրավիճակներում բժշկական ծառայությունների կենտրոնացման դեպքում ցուցանիշների բարելավում են ցույց տվել:

Առողջապահության նախարարության գլխավոր մանկաբույժ Սերգեյ Սարգսյանն ասաց, որ այս մեդալը երկու կողմ ունի. նախ՝ երկրներում առողջապահության մոդելները պատմականորեն են ձեւավորվել՝ ելնելով տեղական մենթալիտետից եւ ավանդույթներից, եւ դա այնքան էլ կապված չէ սոցիալ-տնտեսական դրության հետ: Երկրորդ՝ բժշկական ծառայությունների կենտրոնացումը երկար հերթերի գոյացման է հանգեցնում, օրինակ՝ նույն Կանադայում: Նա հետաքրքրվեց՝ արդյոք այդ հերթերը բժշկական ծառայությունների որակի նվազեցմանը չե՞ն հանգեցնում:

Սրան ի պատասխան՝ Շեխերդիմյանը նշեց, որ տեղյակ չէ հետազոտությունների մասին, որոնք ապացուցում են հերթերի եւ սպասարկման որակի միջեւ կապը: Նրա խոսքով՝ Կանադայում վիճակագրական տվյալները ավելի բարվոք են, քան ԱՄՆ-ում, որտեղ հերթերը զգալիորեն կարճ են: Շանթ Շեխերդիմյանը  հավելեց, որ փոքր Հայաստանի համար միջոցների արդյունավետ ծախսի տեսանկյունից լավագույն լուծում է համարում կենտրոնացված մոդելը:

ԱՄՆ-ից բժիշկն անդրադարձավ նաեւ առողջապահության ոլորտի ֆինանսավորման թեմային՝ նշելով, որ ԱՀԿ հրահանգներով պետությունը պետք է այս ոլորտին հատկացնի ՀՆԱ նվազագույնը 3 տոկոսը, իսկ Հայաստանում այս թիվը կազմում է 1,6 տոկոս:

Երեւանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանն այս կապակցությամբ կատակով նշեց, որ մենք կարող ենք ամերիկացիներին սովորեցնել, թե ինչպես քիչ փող ծախսեն եւ առողջապահության լավ ցուցանիշներ ունենան: Նա հավելեց, որ ռեզիդենտների համար տարեկան 300 վիրահատությունը Հայաստանի համար ոչ իրատեսական թիվ է, այդ պատճառով մենք պետք է մշակենք մեր ստանդարտները:

NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում Սերգեյ Սարգսյանը նշեց, որ համաժողովի ժամանակ ներկայացվել է ամերիկյան մոդելը, որը բացառիկ է, սակայն մենք չենք կարող ուրիշների մոդելներն ուղղակիորեն պատճենել: «Մոդելները ձեւավորվում են մենթալիտետի, ավանդույթների, հանրակրթական ավանդույթների, երբեմն աշխարհագրության ազդեցությամբ, եւ սա կապված չէ անգամ ֆինանսների հետ: Եթե որեւէ այլ երկրում հետազոտությանը մեկ ամիս սպասելը նորմալ է, ապա Հայաստանում դա մեծ դժգոհություն է հարուցում»,- ասաց նա՝ հավելելով, որ մենք պետք է այս ամենը մշակենք եւ մեր մոդելը ստեղծենք:

Շեխերդիմյանի ասածը մեկնաբանելով՝ Սերգեյ Սարգսյանը նշեց, որ մանկական բնակչության մեկ շնչին բաժին ընկնող մանկաբույժների թվով Հայաստանի եւ ԱՄՆ-ի տարբերություններն այնքան էլ մեծ չեն, սակայն մեզ մոտ, ի տարբերություն ԱՄՆ-ի, կա նոր կադրերով համալրելու խնդիր: «Այնտեղ մրցակցություն կա, եւ բժիշկը գիտի, որ եթե մանկաբուժությունն ընտրի, միեւնույն է՝ իր փողը կստանա ու բարձր կարգավիճակ կունենա, իսկ մեզ մոտ ե՛ւ աշխատավարձերն են ցածր, ե՛ւ ռիսկերն են մեծ: Հիմա մանկաբույժների հիմնական ավագ սերունդը հեռանում է, իսկ նրանց փոխարինող երիտասարդներ չկան: Նշանակում է՝ մենք պետք է այնպիսի պլանավորում անենք, որ այդ բացը համալրվի: Ուստի մենք պետք է քննարկենք, թե դա ինչպես անենք, եւ ինչպես բարելավենք կրթական ծրագրերը՝ այս ամենը համալիր է, որը պետք է քննարկել»,- ասաց նա:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել