• Latest news

«Ոմն անձից» 100 լսողական սարքերն այնպես են ոգեւորել՝ ասես պետությունը դրանով երբեք չէր զբաղվել. պատգամավոր

5 հունիսի, 2018  11:41

Մեր հանրությունն այնքան էր ոգեւորվել «ոմն անձից» 100 լսողական սարքերի տրամադրմամբ՝ ասես մեր պետությունը դրա կարիքն ունեցող քաղաքացիներին երբեք լսողական սարքեր չէր տրամադրել: Այս մասին խորհրդարանում 2017 թվականի բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Մարգարիտ Եսայանը՝ դիմելով աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանին:

Նա նախարարին խնդրեց թվեր ներկայացնել՝ հաշվետու ժամանակահատվածում նախարարությունը քանի լսողական սարք է տրամադրել: «Վերջին շրջանում սոցցանցերում մենք անհասկանալի ոգերություն էինք տեսնում ընդամենը ոմն անձի՝ 100 լսողական սարքերի տրամադրման առիթով: Մեր հանրությունն այնքան ոգեւորված էր՝ ասես պետությունը երբեք դրա կարիքն ունեցող քաղաքացիներին լսողական սարքեր չէր տրամադրել: Ես Ձեզ խնդրում եմ հարցը Ձեր ձեռքը վերցնել, քանի որ որպես հանձնաժողովի անդամ, ես գիտեմ, որ պետությունը լուրջ պարտավորություններ ունի եւ դրանք կատարում է: Այդ 100 լսողական սարքերը որքանո՞վ են թեթեւացրել նախարարության պարտավորությունները»,- հարցրեց նա:

Մանե Թանդիլյանը նշեց, որ ներկայումս նախարարությունը հաշմանդամությամբ մարդկանց անհրաժեշտ սարքավորումների տրամադրման նոր եղանակ է ներդնում՝ սերտիֆիկատներով: Մասնավորապես՝ այդ եղանակն արդեն ներդրվել է հաշմասայլակներ ստանալու համար, դրանով տարբեր կազմակերպություններ են զբաղվում, եւ այս հարցով քաղաքացիների գանգատները մեծապես կրճատվել են:

Նա հավելեց, որ քաղաքացիների հետ հաղորդակցությունն ընդհատվում է, երբ նրանց սարքեր են տրամադրվում, որոնք իրենք չեն ընտրել, եւ նրանց անհարմար է դրանք կրել: Նրա խոսքով՝ անհրաժեշտ է տարբեր կազմակերպությունների մասնակցությամբ մրցույթներ անցկացնել, անհրաժեշտ է որակի մոնիթորինգ, սակայն միանշանակ է, որ հարցի լուծումը սերտիֆիկատներն են:

Ի պատասխան՝ Մարգարիտ Եսայանը կրկին նշեց, որ այդ էյֆորիայի վիճակում շատ մարդիկ կլինեն, որոնք կգան ու կհայտարարեն այն մասին, որ 10-20-100 սարք են նվիրել: «Ես՝ որպես պետության ներկայացուցիչ եմ դիմում Ձեզ, որպեսզի դուք ունենաք պատվախնդրություն այս հարցում: Եվ որ Դուք թվեր ներկայացնեք, թե բյուջեի շրջանակում քանի սարք է տրամադրվում: Նվիրատվություններ շատ կլինեն, սակայն չեմ կարծում, որ պետք է այդ մասին այնպես թմբկահարել՝ իբր մենք այնքան կորած մոլորած երկիր ենք, որ երբեք լսողական սարք չենք տեսել»,- ասաց նա:

Մանե Թանդիլյանը հավաստիացրեց, որ նախարարության բոլոր քայլերը բխելու են քաղաքացիների շահերից, այդ թվում՝ եթե բարեգորությունը բխում է քաղաքացիների շահերից, այն նույնպես տեղ կունենա:

Նախարարն, այնուամենայնիվ, թվեր չհրապարակեց, թե պետությունը քաղաքացիներին քանի լսողական սարք է տրամադրել: Իսկ Մարգարիտ Եսայանը, որն ակնարկում էր Էլթոն Ջոնի այցին, որը Երեւանում լսողական սարքեր է բաժանել, ինչպես երեւում է, ժամանակ չի ունեցել ծանոթանալու տվյալ բարեգործական ակցիայի լիակատար տեղեկատվությանը: Starkey Hearing Foundation ընկերությունը, որի բարեգործական ակցիայի շրջանակում էլ Երեւան էր ժամանել Էլթոն Ջոնը, 3 օրում 1300 կարիքավորների տրամադրել է 2500 լսողական սարք: Անցյալ տարի այս ընկերությունը լսողական սարքերով էր ապահովել Հայաստանի 1800 անապահով երեխաների եւ մեծահասակների:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել