• Latest news

Սուրճը բարելավում է թիմային աշխատանքը

8 հունիսի, 2018  12:09

Կոֆեինի օգտագործումը մեծացնում է կոլեկտիվում մարդկանց ուշադրությունն ու աշխատունակությունը: Մասնագետների հոդվածը հրապարակվել է Journal of Psychopharmacology ամսագրում: Հոդվածում ներկայացված է Օհայո նահանգի համալսարանի եւ Դեյվիսի Քալիֆորնիական համալսարանի ամերիկացի գիտնականների հետազոտությունը: Կոֆեինով սուրճը խմբի անդամներին ավելի ուշադիր է դարձնում, նրանք բարձր են գնահատել ընդհանուր խմբի եւ սեփական արդյունավետությունը:

2017 թվականին ԱՄՆ Սրճային ազգային ասոցիացիայի վիճակագրությամբ՝ ամերիկացիների 62 տոկոսը նշել է, որ երեկոյան սուրճ են խմում: Հարցման արդյունքներով, որն անցկացրել են Hilton-ի հուրանոցատերերը, բրիտանական գրասենյակների աշխատակիցների 61 տոկոսը եւ չինական գրասենյակների աշխատակիցների 58 տոկոսը համարում են, որ իրենց առավել հաջող գործնական հանդիպումներն անցել են թեյի կամ սուրճի սեղանի շուրջ: Քանի որ սուրճի սպառումն աճում է, տարբեր ոլորտների գիտնականներն ավելի հաճախ են ուսումնասիրում մարդու վարքի վրա կոֆեինի ազդեցությունը: Այսպես՝ նեյրոֆիզիոլոգները պարզել են, որ խնդիրներ լուծելիս կոֆեինը  բարելավում է ուշադրությունը եւ կոնտրոնացվածությունը: Մեկ այլ հետազոտության հեղինակները պարզել են, որ կոֆեինը մարդկանց ավելի զիջող է դարձնում, եւ նրանց ավելի հեշտ է ինչ-որ բան համոզել: Սակայն համանման բոլոր հետազոտություններն ուսումնասիրել են առանձին մարդկանց վարքագիծը, այլ ոչ թե թիմում աշխատանքը եւ դրա արդյունավետությունը:

Ամիթ Սինգհը, Վասու Ուննավան եւ Ռաո Ուննավան որոշել են ուսումնասիրել, թե սուրճն ինչպես է ազդում թիմային աշխատանքի եւ խմբում որոշումներ ընդունելու վրա: Սա պարզելու համար գիտնականները երկու փորձ են անցկացրել, որոնց արդյունքները գնահատել են դիսպերսիոն անալիզի միջոցով:

Առաջինին մասնակցել է 72 ուսանող՝ Միդվեսթերն համալսարանից, որոնք   օրական առավելագույնը չորս բաժակ սուրճ էին խմում։ Մասնակիցներին խնդրել են փորձել ու գնահատել սուրճի նոր տեսակը, իսկ հետո՝ խմբային աշխատանքի ժամանակ ընտրել ու նոր թեմա ավելացնել համալսարանում խմբային քննարկումների համար։ Իրականում հետազոտողները հետեւել են ուսանողների թիմային աշխատանքին։ Փորձի ժամանակ մասնակիցներին պատահականության սկզբունքով բաժանել են երկու խմբի։ Մի խմբին առաջարկել են խմել մեծ բաժակով (մոտ 350 միլիլիտր) կոֆեին պարունակող սուրճ,  իսկ հետո սկսել քննարկումը։ Մյուս խմբին խնդրել են սկզբում կատարել առաջադրանքը, իսկ հետո նոր սուրճ խմել։ Փորձից հետո մասնակիցներին խնդրել են գնահատել իրենց աշխատանքը խմբում ու ընդհանուր թիմի աշխատանքը։ Արդյունքում այն ուսանողները, որոնք մինչեւ քննարկումը սուրճ էին խմել,  ե՛ւ իրենց աշխատանքը (M=1.93) ե՛ւ թիմի աշխատանքը (M=1.3) ավելի բարձր են գնահատել, քան այն մասնակիցները, որոնք սուրճ են խմել քննարկումից հետո (M=1.37 եւ M=0․47 համապատասխանաբար)։

Երկրորդ փորձին մասնակցել է 61 ուսանող։ Մասնակիցներին տվել են նույն առաջադրանքը, ինչ առաջին դեպքում, բայց այս անգամ բոլորին  տվել են սուրճ մինչեւ խմբային աշխատանքը։ Ընդ որում՝ ուսանողների մի խմբին տվել են կոֆեին պարունակող սուրճ, մյուսին՝ առանց կոֆեինի սուրճ։ Այս անգամ մասնակիցներին առաջարկել են ոչ միայն գնահատել թիմի աշխատանքը ու իրենց այդ աշխատանքում, այլեւ իրենց վերաբերմունքը խմբի մնացած  ուսանողների հանդեպ ու նրանց միջեւ փոխգործակցությունը։ Ու նորից, այն մարդիկ, որոնք կոֆեինով սուրճ էին խմում, իրենց ու խմբի մյուս անդամներին ավելի բարձր էին գնահատել, քան նրանք, ովքեր առանց կոֆեինի ըմպելիք էին խմել։

Հեղինակները շեշտում են, որ ըստ իրենց ստացած արդյունքների, կոֆեինը նախ թույլ է տալիս բարձրացնել թիմում սեփական աշխատանքի ու ընդհանուր թիմի աշխատանքի գնահատականը։ Երկրորդ, այն թույլ է տալիս կենտրոնանալ առաջադրանքի վրա՝ ուսանողները, որոնք սուրճ էին խմել, ավելի շատ էին բանավիճում բուն թեմայի շուրջ, քան շեղվում թեմայից։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել