• Latest news

«Կրծքագեղձի քաղցկեղի ժամանակակից վերանայված մոտեցումներ». Միջազգային մասնակցությամբ սեմինար (ֆոտո)

11 հունիսի, 2018  18:37

Հունիսի 9-10-ը Ծաղկաձորում Marriott հյուրանոցի մամուլի սրահում տեղի ունեցավ «Կրծքագեղձի քաղցկեղի ժամանակակից վերանայված մոտեցումներ» թեմայով գիտագործնական սեմինար՝ միջազգային մասնակցությամբ, որը կազմակերպել էին «Էրեբունի» ԲԿ-ն, «Դավիդյանցի լաբորատորիաներ» ախտորոշման կենտրոնը եւ Roche-ի հայաստանյան ներկայացուցչությունը: Սեմինարի նախագահն էր Երեւանի գլխավոր ուռուցքաբան, «Էրեբունի» ԲԿ ուռուցքաբանական բաժանմունքի վարիչ, բ.գ.թ. Հայկուհի Գյոքչյանը:

Հետաքրքիր զեկույցներով, կլինիկական դեպքերի ներկայացմամբ հանդես եկան Բելգիայի, Ռուսաստանի, Հայաստանի, Արցախի, Վրաստանի, Ղազախստանի խոշորագույն ուռուցքաբանական կլինիկաների մոմոլոգները, ուռուցքաբանները, քիմիաթերապեւտները:

Կրծքագեղձի քաղցկեղը կրծքագեղձի չարորակ նորագոյացություն է, որը կանանց շրջանում օնկոլոգիական հիվանդությունների թվում զարգացման եւ մահացության հաճախությամբ առաջին տեղում է ինչպես աշխարհում, այնպես էլ Հայաստանում: ԱՀԿ վիճակագրական տվյալների համաձայն՝ աշխարհում ամեն տարի ախտորոշվում է կրծքագեղձի չարորակ ուռուցքների զարգացման ավելի քան միլիոն նոր դեպք:

Բժիշկը պետք է վաղ փուլում հիվանդությունը որոշի ամենամյա մամոգրաֆիայի կամ ուլտրաձայնային հետազոտության միջոցով: Բացի հիվանդության հայտնաբերման բարելավումից, որը հիմնված է հատուկ ախտորոշիչ սարքերով զանգվածային կանխարգելիչ հետազոտությունների վրա, նկատվում է ախտորոշման հաստատումից հետո մահվան դեպքերի կրճատում: Կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշման գործընթացում կարեւորագույն պահը կրծքագեղձերի ինքնուրույն ստուգումն է, որը պետք է կանոնավոր անել: Այսպիսով կարելի է գոյացությունը հայտնաբերել ամենավաղ փուլում: Ուռուցքը որքան շուտ հայտնաբերվի, այնքան պակաս տրավմատիկ կլինի վիրաբուժական միջամտությունը:

Բուժման կանխատեսումը մեծապես կախված է պրոցեսի տարածվածությունից եւ ուռուցքի գիստոլոգիական կառուցվածքից:

Կրծքագեղձի քաղցկեղի բուժման մեթոդաբանությունը կախված է ուռուցքային պրոցեսի փուլից: Վիրաբուժական բուժումը՝ ճառագայթման կամ քիմիաթերապիայի համակցությամբ առավել արդյունավետ է վաղ փուլերում: Ուշ փուլերում նկատվում է ուռուցքի տարածում տարբեր օրգաններում: Համեմատաբար վաղ փուլերում հայտնաբերված հիվանդությունը հաջողությամբ բուժվում է, եւ նման ախտորոշմամբ հիվանդների կյանքի տեւողությունը մեծանում է:

Սեմինարի ժամանակ քննարկվեց նաեւ իմունաթերապիայի կիրառման կարեւորության հարցը, որն աշխարհում օնկոլոգիայի բուժման առավել առաջավոր եւ նոր մեթոդ է: Վիրահատությունը, քիմիաթերապիան եւ ճառագայթումը կազմում են շատ ուռուցքների թերապիայի ստանդարտ համակարգը, սակայն դրանք արդյունավետության սահման եւ ծանր կողմնակի էֆեկտներ ունեն: Իսկ քաղցկեղի դեպքում իմունաթերապիայի հիմնական նպատակն է սեփական պաշտպանական ուժերի ակտիվացումը: Ինչպես նշեց Հայկուհի Գյոքչյանը, Հայաստանում, ցավոք, այս մեթոդը դեռեւս չի կիրառվում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել