• Latest news

Թավջութակ նվագելը ուղեղի վրա բարենպաստ է ներգործում

14 հունիսի, 2018  21:00

Կանադացի գիտնականները կատարել են երկարաժամկետ ֆՄՌՏ հետազոտություններ, որոնց ընթացքում սքաների վրա պառկած կամավորներին սովորեցրել են թավջութակ նվագել: Նրանք պարզել են, որ ուսումնառության ընթացքում բարելավվում են գլխուղեղի լսողական եւ շարժողական հատվածների ֆունկցիոնալ կապերը: Նրանք հայտնում են, որ նման պլաստիկությունը կախված չէ սովորելու հաջողություններից, պայմանավորված է հենց մարզումներով:

Երաժշտական գործիքներ նվագելը պահանջում է լսողական եւ շարժողական համակարգերի արդյունավետ աշխատանք, որը լավանում է ժամանակի եւ փորձի ընթացքում, սակայն մինչեւ հիմա վերջնականապես պարզ չէ, թե հատկապես ինչպես:

Այն, թե լսողական եւ շարժողական բաժինների միջեւ կապերի պլաստիկությունն ինչպես է կարգավորվում թավջութակ նվագել սովորելիս, որոշել է պարզել Մաքգիլի համալսարանի Մոնրեալի նեւրոլոգիական ինստիտուտի գիտնականների խումբը՝ Ռոբերտ Զատորեի ղեկավարությամբ: Նրանց հետազոտությանը մասնակցել է 13 կամավոր, որոնց մեկ ամիս շաբաթական երկու անգամ սովորեցրել են ՄՌՏ-թավջութակ նվագել՝ երաժշտական գործիք, որը ստեղծվել է ոչ մագնիսական եւ չհաղորդակցող նյութերից (ապակեթելից, փայտից, պլաստիկից եւ աղելարից), որի հնչյունը գրանցվում է լարերին ամրացված 2 օպտիկական սենսորներով եւ միաժամանակ հաղորդվում է նվագողի ականջակալներին:

Ուսումնառության ժամանակ մասնակիցները պառկած էին հատուկ ստվարաթղթե կառուցվածքի վրա, որը նմանակում է իսկական ՄՌՏ-սքաները: Բուն սքանավորումը կատարվել է 3 անգամ՝ մինչեւ սկսելը, սկսելուց մեկ շաբաթ հետո եւ ուսումնառությունն ավարտելիս: Կամավորները ֆՄՌՏ փորձի ժամանակ պետք է կա՛մ ինքնուրույն նվագեին գործիքի վրա, կա՛մ պարզապես լսեին սովորած մեղեդիները: 

Թավջութակ նվագել սովորելու արդյունվետությունը գնահատել են՝ հաշվելով կատարած սխալների քանակությունը:

Ուսումնառության արդյունքում մասնակիցները սկսել են ավելի քիչ սխալներ անել ինչպես տեմպի, այնպես էլ բարձրության առումով։ Սովորած մեղեդիների պասիվ ունկնդրման ժամանակ շարժողական եւ ձախ գագաթային գոտիների ակտիվությունը նկատելիորեն մեծացել է (p < 0,004)՝ ուսումնառության ընթացքում փորձի առաջին օրվա համեմատությամբ։ Ժամանակի ընթացքում եւ թավջութակ նվագելու փորձի ձեռքբերմանը զուգահեռ ֆունկցիոնալ կապերի զգալի աճ (p = 0,06) է նկատվել թիկնային լսողական-շարժողական ուղիների հատվածների միջեւ՝ լրացուցիչ շարժողական գոտու, լսողական կեղեւի եւ ձախ գագաթնային գոտու։

Հետաքրքիր է, որ ֆունկցիոնալ կապերի բարելավումը կապված չէր նվագի ճշգրտության հետ եւ տեղի է ունեցել բացառապես ուսման ակտիվ գործընթացի շնորհիվ։ Ուսումնառության անհատական հաջողություններից, սակայն, կախված է, օրինակ, հիպոկամպի ակտիվությունը, որը պատասխանատու է հիշողության եւ շարժողական վերահսկողության համար։

 

Անցկացված հետազոտությունը հերթական անգամ ցույց է տվել փորձի ազդեցությամբ ուղեղի փոխվելու հնարավորությունը։ Նման փորձի ձեռքբերման տարատեսակ բաղադրիչներն, այնուամենայնիվ, ուղեղի վրա տարբեր կերպ են ազդում. ինչ վերաբերում է թավջութակին, ապա լսողական-շարժողական նեյրոնային ուղիները լավացնում է հենց ուսման հանգամանքը, այլ ոչ թե դրա որակն ու անհատական հաջողությունները։ Ընդհանուր առմամբ, ստացված արդյունքները կարող են օգտակար լինել մանկավարժության եւ վերականգնման դեպքում։

Գիտնականների հոդվածը հրապարակվել է Proceedings of the National Academy of Sciences ամսագրում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել