• Latest news

Հիվանդները խնդրում են վերադարձնել հայկական «Կոլխիցինը». Այս տարի մրցույթում հաղթել է ռումինական ընկերությունը

6 հուլիսի, 2018  20:25

Հայաստանում մի շարք հիվանդներ դժգոհ են, որ այս տարվա հունիսից սկսած պետպատվերի շրջանակում կտրամադրվի ռումինական արտադրության «Կոլխիցինը»:

Դիմելով NEWS.am Medicine-ի խմբագրություն՝ հիվանդները, մասնավորապես, նշեցին, որ վերջին տարիներին պետպատվերի շրջանակում հաշվառման վայրի պոլիկլինիկաներում հատկացվում էր հայկական «Արփիմեդ» ընկերության «Կոլխիցինը»: Երեւանյան հիվանդությամբ որոշ հիվանդներ, որոնց այս դեղամիջոցն էր նշանակված, նշում են, որ իր արդյունավետությամբ տեղական արտադրության «Կոլխիցինը» գերազանցում է ռումինական նմանակին: Հետաքրքիր է, որ Հայաստանում հիվանդները սովորաբար դժգոհում են պետպատվերով տրամադրվող հենց տեղական դեղամիջոցների որակից: Սակայն «Կոլխիցինի» դեպքում ամեն ինչ միանգամայն հակառակն է ստացվել: Հիվանդներից մեկը նաեւ հավելեց, որ կառավարությունը շատ է վկայակոչում, որ պետք է տեղական արտադրողին խթանել: Իսկ ինչո՞ւ այս անգամ այդ գործոնը հաշվի չի առնվել:

Բուժող թերապեւտները NEWS.am Medicine-ի հետ զրույցում նաեւ նշեցին, որ շատ հիվանդներ գոհ են տեղական «Կոլխիցինի» արդյունքից եւ դրսից բերելու հնարավորություն ունենալով՝ այդ պրակտիկայից հրաժարվել են:

«Արփիմեդի» տնօրեն Վաչագան Ղազարյանը NEWS.am Medicine-ի հետ զրույցում ասաց, որ մրցույթը տեղի է ունեցել 2018 թվականի փետրվարին: Ռումինական ընկերությունը մեկ հաբի համար մի քանի լումա պակաս գին էր առաջարկել, արդյունքում՝ ամբողջ խմբաքանակի համար գնային տարբերությունը կազմում էր մի քանի տասնյակ հազար դրամ: Սակայն պետական գնումների մասին օրենքի պահանջներն այնպիսին են, որ հաղթում է այն ընկերությունը, որն ավելի ցածր գին է առաջարկում, պարզաբանեց «Արփիմեդի» տնօրենը:

Առողջապահության նախարարության Դեղային քաղաքականության եւ բժշկական տեխնոլոգիաների վարչության պետ Վարդուհի Գրիգորյանը NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ այս կամ այն դեղամիջոցով բուժման արդյունավետության մասին հիվանդը կարող է պնդել միայն կլինիկական հետազոտություններից հետո՝ իրեն բուժող բժշկի եզրակացության հիման վրա: Նա տեղեկացրեց, որ ռումինական արտադրողին ընտրել են հայտարարված մրցույթի արդյունքներով: «Կոլխիցինի» մատակարարման մրցույթին ներկայացվել էր ընդամենը 2 հայտ, որից մեկը «Արփիմեդից»: Ռումինական ընկերությունն ավելի ցածր գին առաջարկեց եւ մրցույթում հաղթեց:

Հարցին՝ հնարավո՞ր էր արդյոք «Արփիմեդի» հետ պայմանավորվել գնի նվազեցման հարցում, Գրիգորյանը պատասխանեց, որ նման քննարկումներ են նախաձեռնում այն դեպքում, եթե մրցույթի մասնակիցները ներկայացրել են գնային միատեսակ առաջարկներ:

«Մրցույթից հետո մենք անցկացրել ենք ռումինական «Կոլխիցինի» լաբորատոր հետազոտություններ եւ նորմայից ոչ մի շեղում չենք հայտնաբերել, մենք չենք կարող այս դեղամիջոցի որակի մասին բացասաբար խոսել: Դրանից բացի, երկու դեղամիջոցն էլ՝ հայկական եւ ռումինական արտադրության, պատրաստվում են միեւնույն հումքից»,- հայտնեց նա:

Գրիգորյանը տեղեկացրեց, որ պետպատվերի շրջանակում ռումինական «Կոլխիցինի» մատակարարումները կիրականացվեն տարվա ընթացքում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել