• Latest news

Գիտնականները գտել են քրոնիկական հոգնածության համախտանիշի ախտորոշման մեթոդը

11 հուլիսի, 2018  12:01

Կոլումբիայի համալսարանի մասնագետները գտել են քրոնիկական հոգնածության համախտանիշի որոշակի մետաբոլիկ «հետքը»: Հայտնագործությունը կարող է օգնել նոր ախտորոշիչ գործիքի մշակմանը:

Քրոնիկական հոգնածության համախտանիշը, որը հայտնի է նաեւ միալգիկ էնցեֆալոմիելիտ անունով, բավականին ոչ միանշանակ վիճակ է, որը որոշվում է տարբեր ախտանշաններով՝ սաստիկ հոգնածությունից եւ մկանային ցավից մինչեւ ալերգիա, դեպրեսիա եւ հիշողության խանգարում: Բժշկական հանրության շրջանում որոշ մասնագետներ շարունակում են այս համախտանիշը համարել հոգեբանական խանգարում:

Կոլումբիայի համալսարանի Մեյլմանի անվան Հանրային առողջապահության դպրոցին առընթեր Ինֆեկցիայի եւ իմունիտետի կենտրոնի մի խումբ հետազոտողներ ուսումնասիրել են քրոնիկական հոգնածության համախտանիշով մարդկանց միկրոբիոմի պրոֆիլները: Հայտնաբերվել է, որ նրանց պրոֆիլները նման խանգարման համար յուրահատուկ էին:

Պարզվել է, որ համախտանիշով հիվանդները, առողջ ստուգիչ խմբի համեմատությամբ, կարող են նույնականացվել՝ աղիներում որոշակի բակտերիաների անոմալ բարձր մակարդակի հաշվին:

Ավելի ուշ գիտնականները որոշել են հետազոտել քրոնիկական հոգնածության համախտանիշով հիվանդների արյան կոնկրետ մետաբոլիկ պրոֆիլը եւ վերլուծել պլազմայի նմուշները, որ վերցվել են այսպիսի վիճակով եւ առողջ 50-ական մարդուց:

Հետազոտվել է ավելի քան 500 տարբեր մետաբոլիկ բիոմարկեր: Հետազոտողները հայտնաբերել են մի քանիսը, որոնք զգալիորեն փոփոխվել էին՝ առողջ ստուգիչ խմբի ցուցանիշների համեմատությամբ:

Մասնագետները համախտանիշի ախտորոշման համար կանխատեսման մոդել են ստեղծել արյան այդ բիոմարկերների օգտագործմամբ, որի ճշգրտությունը հասել է 80 տոկոսից ավելիի:

Այնուհետեւ ստեղծվել է համալիր մոդել, որը համադրել է մետաբոլիկ մարկերները եւ միկրոբիոմի նախկինում հետազոտված մարկերները: Այս մոդելը կարողացել է 84 տոկոս ճշգրտությամբ կանխատեսել համախտանիշի առկայությունը:

«Սա հզոր կանխատեսման մոդել է, որը ենթադրում է, որ մենք մոտենում ենք այն պահին, երբ լաբորատոր թեստեր կունենանք, որոնք թույլ կտան մեծ համոզվածությամբ ասել, որ ինչ-որ մեկի մոտ այդ խանգարումը կա»,- ասում է հետազոտության առաջին հեղինակ Դորոթյա Նադ Սակալը:

Մասնագետները հույս ունեն, որ այս սինդրոմի ախտորոշման գործիքի մշակումից բացի, իրենց հետազոտությունը կօգնի ավելի լավ հասկանալ այդքան կործանարար վիճակի առաջացման պատճառը:

«Մենք մոտենում ենք այն պահին, երբ կարող ենք կենդանիների մոդելներ մշակել, որոնք մեզ թույլ կտան ստուգել տարբեր վարկածները, ինչպես նաեւ բուժման պոտենցիալ մեթոդները»,- ասում է Ինֆեկցիայի եւ իմունիտետի կենտրոնի տնօրեն Իան Լիպկինը:

Նա նշում է, որ օրինակ՝ որոշ հիվանդներ կարող են պրոբիոտիկներ օգտագործել աղեստամոքսային միկրոբիոմի «վերակարգավորման» համար կամ այլ դեղամիջոցներ, որ ակտիվացնում են որոշակի նեյրոմեդիատոր համակարգերը:

Հետազոտության արդյունքները հրապարակվել են Scientific Reports գիտական պարբերականում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել