• Latest news

Ինչո՞ւ փրկված թաիլանդցի տղաներին դեռեւս չի կարելի ուտել սիրելի ճաշատեսակը

12 հուլիսի, 2018  16:40

Թաիլանդում ջրածածկված քարանձավում արգելափակված տղաներն իրենց ընտանիքներին գրած նամակներում խնդրել էին պատրաստել սիրելի ճաշատեսակները: Փրկարարական հաջող գործողության շնորհիվ 9 օր մեկուսացված 12 տղաները եւ նրանց մարզիչը քարանձավից դուրս բերվեցին եւ տուն վերադարձան: Սակայն նրանց դեռեւս չի կարելի ուտել սիրելի ճաշատեսակները. բժիշկները տուժածներին թույլ են տալիս միայն ցածրկալորիական, չգրգռող սնունդ՝ կանխելու համար, այսպես կոչված, վերականգնված սնուցման համախտանիշը:

Վերականգնված սնուցման համախտանիշը պոտենցիալ մահացու վիճակ է, որը զարգանում է, երբ մարդը երկար ժամանակ քաղցած մնալուց հետո կարճ ժամանակում չափից շատ կալորիաներ է ուտում:

Դեռահասային բժշկության հարցերով մասնագետ բժիշկ Ջենիֆեր Չուանգը, որը զբաղվում է ծանր թերսնմամբ հիվանդներով, ABC News-ի հետ զրույցում պարզաբանել է, թե քաղցածության ժամանակ օրգանիզմում ինչ է տեղի ունենում եւ ինչու չի կարելի միանգամից շատ ուտել:

«Երբ դուք երկար եք քաղցած մնում, մետաբոլիզմը ածխաջրերի օգտագործումից վերակողմնորոշվում է ճարպերի եւ սպիտակուցների օգտագործմանը, ինչպես նաեւ էներգիա ստանալու համար գլիկոգենի ներքին աղբյուրների օգտագործման»,- ասել է նա:

Օրգանիզմում կարեւոր էլեկտրոլիտների ընդհանուր քանակությունը, ինչպիսին են կալիումը, մագնիումը եւ ֆոսֆորը, քաղցած ժամանակ նույնպես նվազում են: Այս նյութերն անհրաժեշտ են օրգանիզմի նորմալ աշխատանքի համար:

Քանի որ սնուցող տարրերը «վերադառնում են» քաղցած մարդու դիետա, էլեկտրոլիտների եւ հեղուկների բալանսը կարող է փոխվել: Ինչպես նշել է դոկտոր Չուանգը, փոփոխությունները կարող են իրենց զգացնել տալ աչքերի շուրջ եւ ոտքերի այտուցների, ինչպես նաեւ, ինչը առավել վտանգավոր է, սրտի անբավարարության ձեւով:

Եթե փրկված տղաներին թույլ տան ուտել իրենց սիրած ուտեստները, հատկապես, եթե այդ ճաշատեսակները բարձր կալորիականության են, արյան մեջ ֆոսֆորի եւ մագնիումի մակարդակը կարող է կտրուկ նվազել, ինչը կարող է առիթմիա առաջացնել եւ անգամ կանգնեցնել սրտի աշխատանքը:

Դրանից խուսափելու համար բժիշկները կօգտվեն ԱՀԿ կողմից հաստատված մոտեցումից: Սկսել հարկավոր է սննդի փոքր քանակությունից եւ դանդաղ ավելացնել այն: Զուգահեռաբար մասնագետները հետեւում են տղաների վիճակին եւ նրանց արյան անալիզներին:

Դոկտոր Չուանգը, օգնելով հիվանդներին վերականգնվել քաղցից հետո, սովորաբար սկսում է օրական 1200 կիլոկալորիայից, ապա ավելացնելով օրական 200-400-ական կալորիայով: Սակայն շատ դեպքերում կալորիականության ավելացման ավելի դանդաղ տեմպ է պահանջվում:

Հիշեցնենք, որ 25-ամյա Էկապոլ Չանտավոնգը եւ Wild Boars ֆուտբոլային ակումբի 11-17 տարեկան 12 երեխաները արշավի էին գնացել: Թիմը մոլորվել էր քարանձավներում, եւ հորդառատ անձրեւ էր սկսվել, որ փակել էր քանարձավից դուրս գալու ճանապարհը: Սննդի եւ խմելու ջրի շատ փոքր պաշարով մութ քարայրում խումբը մնացել էր 9 օր: Այս ընթացքում մարզիչը երեխաներին սովորեցրել էր մեդիտացիա կատարել, ինչը թույլ էր տվել ավելի հեշտ վերապրել այս փորձությունը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել