• Latest news

«Ամեն ծնված երեխա կարող է նոր Փաշինյան դառնալ». «Հայ» ասոցիացիան ֆինանսավորում է անպտուղ ընտանիքների ԱՄԲ-ը

15 հուլիսի, 2018  15:38

Ամեն հայ երեխայի ծնունդը չափազանց կարեւոր է երկրի համար. մեկ երեխան կարող է մեծանալ եւ հզոր մարդ դառնալ, որը կարող է փոխել աշխարհը։ Այդ պատճառով չպետք է միջոցներ խնայել երեխային ծնվելու հնարավորություն տալու հարցում, նույնիսկ ընդամենը մեկ երեխայի պարագայում։ NEWS.am Medicine-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀԱՅ Ասոցիացիայի (Asociacion HAY) հիմնադիր Տիգրան Հակոբյան-Հովհաննիսյանը։

«Տիգրան Մեծը մեկ մարդ էր, Գարեգին Նժդեհը՝ նույնպես, ՀՀ նոր առաջնորդ Նիկոլ Փաշինյանն էլ է մեկ մարդ։ Այս հզոր մարդկանցից յուրաքանչյուրն ինչ-որ ժամանակ փոքրիկ երեխա է եղել, այնպես, ինչպես շուտով կծնվեն այն կանանցից, որոնց մենք արտամարմնային բեղմնավորում ենք արել։ Մեզ դիմած զույգերից յուրաքանչյուրի երեխան կարող է ապագայում հզոր մարդ դառնալ», - նշեց նա։

ՀԱՅ Ասոցիացիան, որն օգնում է անպտուղ հայ ընտանիքներին վճարել արտամարմնային բեղմնավորման պրոցեդուրայի համար, պաշտոնապես գրանցվել է 2 տարի առաջ, սակայն ակտիվորեն սկսել է գործել վերջին տարվա ընթացքում։ Ամեն ինչ սկսվեց նրանից, երբ Տիգրանն ու նրա ընկերներից մի քանիսը Իսպանիայից, որոնք մտահոգված էին հայրենիքի ժողովրդագրական պատկերով, որոշեցին անանուն օգնել Հայաստանում անպտուղ ընտանիքներին։ Հետագայում նրանց սկսեցին միանալ նաեւ այլ մարդիկ, եւ ինչ-որ ժամանակ անց որոշվեց գրանցել հիմնադրամ եւ սկսել պաշտոնապես գործել. հավաքել նվիրատվություններ, որոնց միջոցով հնարավոր կլինի վճարել անպտուղ զույգերի ԱՄԲ-ի համար։

«Մենք մտածում էինք, որ եթե հեռվում ենք ապրում եւ մեզանից ոչ բոլորը կարող են պաշտպանել մեր սահմանները, ապա մենք մեր երկրի համար պետք է ինչ-որ ոչ պակաս կարեւոր գործ անենք։ Մենք չենք կարող այնպես անել, որ ոչ մի հայ չմահանա, բայց դրա փոխարեն կարող ենք այնպես անել, որ հայ երեխաներ ծնվեն», - պատմեց Տիգրանը։ 

«5-ից 3-ը հղիացել են»

Այս պահին հիմնադրամը մասնավոր անձանց նվիրատվությունների շնորհիվ կարողացել է վճարել 5 զույգի ԱՄԲ-ն, նրանցից 3-ն արդեն երեխայի է սպասում։ Հետաքրքիր է, որ բոլոր կանայք էլ տղա երեխա են ունենալու։

Հոգաբարձուների խորհրդի անդամները եւ ինքը՝ Տիգրանը, անձամբ հետեւել են ամեն պատմության զարգացմանը, ամբողջ սրտով ուրախացել են լավ լուրերով, տխրել են անհաջողություններից։

Ներկայում հիմնադրամ են դիմել անպտղությամբ տառապող եւ ԱՄԲ-ի կարիք ունեցող 600 զույգեր։ Ավաղ, հիմնադրամը բավարար միջոցներ չունի՝ բոլորին կարճ ժամանակում անհրաժեշտ բուժմամբ ապահովելու համար։ Եվ եթե նվիրատվությունները չավելանան, շատ զույգեր ստիպված կլինեն իրենց հերթին տարիներով սպասել։

Ո՞ւմ է օգնում հիմնադրամը

Հիմնադրամը ֆինանսավորում է այն հայ ընտանիքների ԱՄԲ-ն (առանց անալիզների ու դեղերի), որոնք չունեն երեխաներ եւ առանց օժանդակ վերարտադրողական տեխնոլոգիաների կիրառման բեղմնավորվել չեն կարող։ Կա նաեւ տարիքային սահմանափակում. 38 տարեկան՝ կանանց եւ 60 տարեկան՝ տղամարդկանց համար։ Համարվում է, որ 40 տարեկանից հետո կանանց՝ ԱՄԲ-ի միջոցով հղիանալու շանսերը կտրում նվազում են, այդ պատճառով հիմնադրամի Հոգաբարձուների խորհուրդը որոշել է, որ նպատակահարմար է ծրագրում ներառել ավելի երիտասարդ կանանց, որոնց հղիանալու շանսերն ավելի բարձր են։ Բացի այդ՝ հաջողության հավանականությունը պետք է 25 տոկոսից բարձր լինի, որպեսզի զույգը ներառվի ծրագրում. այդ հավանականությունը հաշվարկում են մասնագետները։

«Հիմնադրամը դեռեւս մեծ չէ, եւ եթե ցանկանում ենք, որ ավելի շատ հայ երեխաներ ծնվեն, պետք է ֆինանսավորենք այն զույգերի ԱՄԲ-ն, որոնց հղիանալու եւ ծննդաբերելու շանսերն ավելի մեծ են»,- նշեց Տիգրանը։ 

Բայց եթե հիմնադրամի հնարավորություններն ավելանան եւ ավելի շատ նվիրատվություններ լինեն, տարիքային սահմանափակումը կվերանայվի եւ ծրագրում կսկսեն ներառվել նաեւ 38 տարեկանից բարձր կանայք։

Ծրագրում ներառված զույգերն իրենք կարող են որոշել, թե որ կլինիկայում եւ որ մասնագետի մոտ կատարել ԱՄԲ-ն, հիմնադրամի ներկայացուցիչներն անհրաժեշտության դեպքում կարող են օգնել խորհրդով։ Զույգը նաեւ պետք է վճարի անալիզների համար, որոնք անհրաժեշտ է հանձնել ԱՄԲ-ից առաջ, ինչպես նաեւ գերձվազատման խթանման դեղամիջոցների համար: Հոգաբարձուների խորհրդի անդամների կարծիքով՝ նպատակահարմար է ֆինանսավորել միջին եկամտով զույգերի ԱՄԲ-ն, որոնք երեխայի ծննդից հետո ի վիճակի կլինեն նրան պահել։ Եթե ընտանիքն անապահով է եւ չի կարող վճարել անալիզների համար, ապա հավանականություն կա, որ երեխային պահելու հետ կապված ավելի մեծ դժվարություններ կլինեն ԱՄԲ-ից հետո։

Ո՞վ կարող է նվիրատվություն կատարել հիմնադրամին

Հիմնադրամի դոնորների թվում են հայտնի մարդիկ, օրինակ՝ դերասան Հայկ Մարությանը, ինչպես նաեւ ՀՀ եւ օտարերկրյա քաղաքացիներ, որոնք ցանկանում են նպաստել Հայաստանում ծնելիության ցուցանիշի աճին: Հիմնադրամը խոշոր հովանավորներ դեռեւս չունի, բայց հիմնադիրը հույս ունի, որ այդպիսիք կգտնվեն մոտ ապագայում։

Դոնորներին միանում են նաեւ կանայք, որոնք հղիացել են հիմնադրամի օգնությամբ. իրենց նվիրատվությամբ նրանք ցանկանում են մյուս կանանց եւս հնարավորություն տալ զգալ մայրանալու բերկրանքը:

Հիմնադրամին նվիրաբերել կարելի է ցանկացած չափի գումար՝ սկսած 5 եվրոյից. մարդկանց մեծամասնության համար, հատկապես նրանց, որոնք ապրում են արտասահմանում, դա մեծ գումար չէ, եւ եթե նրանք ամեն ամիս հիմնադրամի հաշվեհամարին 5 կամ 10 եվրո փոխանցեն, դրանից նրանց կյանքն ու բարեկեցությունը չի տուժի։ Փոխարենը, եթե ամեն ամիս գտնվի մի քանի հազար մարդ, որոնք կնվիրաբերեն 5 եվրո, կհավաքվի բավական գումար, որի օգնությամբ մի քանի անպտուղ զույգեր կկարողանան ԱՄԲ կատարել։

«Իմ երազանքն է, որ հիմնադրամն ամեն ամիս ֆինանսավորի գոնե 10 զույգի ԱՄԲ-ն։ Դեռեւս այդքան գումար չի հավաքվել, բայց ես հույս ունեմ, որ կգա օրը, որ նվիրատվություններն այնքան շատ կլինեն, որ ամեն ամիս կարելի կլինի վճարել նույնիսկ 10-ից ավելի ԱՄԲ-ի համար», - խոստովանում է Տիգրանը։

Նրա խոսքով՝ ՀԱՅ Ասոցիացիայի գլխավոր առավելությունը թափանցիկությունն է. հիմնադրամը շահույթ չի հետապնդում, նվիրատվության յուրաքանչյուր լուման ծախսվում է պացիենտների համար, իսկ ամեն դոնոր կարող է տեսնել նվիրատվության ցուցակն ու ծախսերը։

Տեղեկություն հիմնադրամին նվիրատվություն կատարել ցանկացողների համար.

Բանկ՝ Caixabank, Spain

BIC/SWIFT CODE: CAIXESBBXXX

IBAN: ES79 2100 6802 5401 0004 1224

Հաշվեհամար՝ 2100-6802-54-0100041224

Այլ հնարավորություններ՝

Paypal.me/hayasociacion

http://asociacionhay.org/donate/project/1

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել