• Latest news

Ընդամենը մեկ սխալ, եւ մենք կկորցնենք բոլոր հյուսվածքները. վիրաբույժը պատմել է դեմքի ամբողջական փոխպատվաստման մասին (ֆոտո)

17 հուլիսի, 2018  18:52

Ավելի քան վեց տարի է անցել, մինչեւ Ուգուր Աջարը, որը հիմա 25 տարեկան է, նոր դեմք է ստացել: Երեխա էր, երբ լրջորեն տուժել է տանը տեղի ունեցած հրդեհի հետեւանքով, եւ երկար տարիներ այրված դեմքի պատճառով նրա կյանքը լիարժեք չէր: Վիրահատությունից հետո նրա կյանքը կտրուկ փոխվել է. չնայած մոդել չի դառնա, սական ապրում է նորմալ, ինքնուրույն կյանքով, այգեպան է աշխատում հիվանդանոցից ոչ հեռու, որտեղ նրան վիրահատել են:

Ուգուր Աջարը հայտնի է որպես Թուրքիայում առաջին հիվանդը, ում կատարել են դեմքի ամբողջական փոխպատվաստում: Նրան վիրահատել է Անթալիայի Akdeniz University-ի (Թուրքիա) դոցենտ, բժիշկ Օմեր Օզքանի ղեկավարած մասնագետների խումբը:

NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում բժիշկ Օմեր Օզքանը նշեց, որ դեմքի փոխպատվաստումը շատ բարդ վիրահատություն է, որին կարելի է դիմել միայն այն դեպքում, երբ հիվանդին օգնելու այլ միջոցներ չկան: Մինչեւ դեմքի փոխպատվաստում կատարելու մասին մտածելը, թուրք մասնագետները կատարել էին դեմքի վերականգնման 50-ից ավելի վիրահատություն, սակայն արդյունքը ո՛չ Ուգուրին էր գոհացնում, ո՛չ մասնագետներին:

2012 թվականի հունվարի 20-ին 39-ամյա Ահմեթ Քայան զոհվել է ավտովթարում, հաջորդ օրը հենց նրա դեմքն են Ուգուրին փոխպատվաստել, որը վիրահատության պահին 19 տարեկան էր:

Վթարը տեղի է ունեցել Անթալիայից մոտ 400 կմ հեռավորությամբ, եւ հենց հայտնի է դարձել, որ մահացած մարդու օրգանները եւ հյուսվածքները կարելի է օգտագործել փոխպատվաստման համար, վթարի վայր է մեկնել Akdeniz University-ի մասնագետների խումբը: Բժիշկ Օզքանն ասում է, որ ամբողջ գործողությունը մեկ օր է տեւել. խումբը մեկնել է այն քաղաք, որտեղ գտնվում էր դոնորի մարմինը, առանձնացրել է դեմքի անհրաժեշտ հյուսվածքները՝ այս վիրահատությունը տեւել է մոտ 3,5 ժամ, այնուհետեւ օդանավով վերադարձել է՝ հետադարձ ճանապարհը տեւել է եւս 1 ժամ: Մինչ խումբը տեղ կհասներ, հիվանդին արդեն սկսել են պատրաստել վիրահատությանը, անհրաժեշտ էր նրա դեմքից հեռացնել բոլոր հին սպիները, այն ամենը, ինչը կխանգարեր նոր դեմքի սերտաճմանը:

Փոխպատվաստման բուն գործընթացը 10 ժամ է տեւել, սակայն դա, Օզքանի խոսքով, շատ քիչ է այսպիսի բարդ վիրահատության համար:

«Տեխնիկապես սա բավականին բարդ վիրահատություն է: Ընդամենը մեկ սխալ, մեկ խնդիր, եւ մենք կկորցնենք բոլոր պատվաստվող հյուսվածքները: Մինչդեռ ամեն տեսակի խնդիրներ կարող են լինել: Եթե, օրինակ, պատվաստված դեմքի անոթները նորմալ չգործեն, եթե նոր դեմքն արյուն եւ թթվածին չստանա, ստիպված կլինեն այն ամբողջությամբ հեռացնել,- նշեց բժիշկ Օզքանը: - Իսկ հաջող վիրահատությունից հետո արդեն գոյություն ունի անջատման վտանգ, սա նույնպես լուրջ խնդիր է: Կան նաեւ իմունիտետը ճնշող դեղամիջոցների հետ կապված վտանգներ՝ ուռուցքներ, ինֆեկցիաներ, օպորտունիստական հիվանդություններ»:

Ուգուրի դեպքում այս բոլոր բարդություններից հաջողվել է խուսափել: Սակայն վիրահատությունից հետո նա հոգեբույժի եւ հատուկ աշխատակցի օգնության կարիք ուներ, որոնք օգնել են ընդունել նոր դեմքը եւ նոր կյանքին հարմարվել:

Հիմա Ուգուրն իրեն լավ է զգում եւ վատ տեսք չունի: Քանի որ հիվանդանոցից ոչ հեռու է աշխատում, որտեղ աշխատում է նրա վիրաբույժը, նրանք հաճախ են տեսնվում:

Նշենք, որ դեմքի ամբողջական փոխպատվաստումը շատ բարդ վիրահատություն է համարվում, եւ աշխարհում  հաջող փոխպատվաստման դեպքերը դեռեւս սակավաթիվ են: Դեմքի առաջին մասնակի փոխպատվաստումը կատարվել է 2005 թվականին Ֆրանսիայում, իսկ առաջին ամբողջական փոխպատվաստումը՝ 2010-ին Իսպանիայում: Այսօր հաջող փոխպատվաստումների թվով աշխարհում առաջատար են Թուրքիան, Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Իսպանիան:

Ինքը Օմեր Օզքանն այդ ժամանակից սկսած կատարել է դեմքի 5 հաջող փոխպատվաստում: Նա իր հիվանդների կյանքի բոլոր մանրամասներին տեղյակ չէ, սակայն տեղյակ է, որ նրանցից երկուսը վիրահատությունից հետո ամուսնացել են, երկուսն էլ երեխաներ ունեն:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել