• Latest news

«Շենգավիթ» ԲԿ-ում բացվել է ինտերվենցիոն ժամանակակից սրտաբանության ծառայություն, արդեն նվազեցվել են նաեւ ստենտավորման գները (ֆոտո)

18 հուլիսի, 2018  11:49

«Շենգավիթ» ԲԿ-ն համալրել է իր ծառայությունները եւ ավելի քան մեկ ամիս է՝ կենտրոնում ակտիվ գործում է սիրտ-անոթային կենտրոնը, որն արդեն հասցրել է ավելի քան 20 վիրահատական միջամտություն կատարել: Այս մասին NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց կլինիկայի ղեկավար Տիգրան Աստվածատրյանը:

Նրա խոսքով՝ կենտրոնը հագեցած է անհրաժեշտ բոլոր ժամանակակից սարքավորումներով՝ սիրտ-անոթային համակարգի պաթոլոգիաների ճշգրիտ ախտորոշման եւ ինտերվենցիոն սրտաբանության համար: Հիվանդների եւ անձնակազմի համար ստեղծվել է Հայաստանում նախադեպը չունեցող բժշկական կենտրոն՝ անվտանգ եւ հարմարավետ պայմաններով:

«Մեր կենտրոնում կատարվող միջամտությունները սիրտ-անոթային հիվանդությունների, ասել է թե՝ քրոնիկական ոչ ինֆեկցիոն հիվանդությունների բուժման փուլն են: Դա մեզ հնարավորություն է տալիս կանգնեցնել երկար ժամանակ զարգացող հիվանդությունը եւ վերականգնել հիվանդի կյանքի որակը: Մեզ մոտ սրա համար բոլոր հնարավորությունները ստեղծված են»,- ասաց Տիգրան Աստվածատրյանը:

Նրա խոսքով՝ «Շենգավիթ» ԲԿ-ում աշխատանքն իրականացվում է եվրոպական չափորոշիչներին համապատասխան՝՝ Սրտաբանների եվրոպական ասոցիացիայի ուղեցույցների հիման վրա: «Հիվանդանոց մուտքից սկսած եւ վերջացած հիվանդասենյակով՝ մենք ապահովում ենք եվրոպական որակի բժշկական սպասարկում»,- հավաստեց մասնագետը:

Բաժանմունքում իրականացվող ամբուլատոր ծառայությունը ներառում է Էլեկտրասրտագրություն (ԷՍԳ), Էխոսրտագրություն, Հոլտեր մոնիտորինգ (24 ժամյա ԷՍԳ), զարկերակային ճնշման մոնիտորինգ, Էվենտ մոնիտորինգ (սրտխփոցների էպիզոդների գրանցում), ֆիզիկական ծանրաբեռնվածության (Տրեդմիլլ) թեստ եւ սթրես-էխոսրտագրություն, սրտի ռիթմը վարող սարքերի (ՍՌՎՍ) աշխատանքի ստուգում: 

Իսկ ստացիոնար ծառայությունն իրականացնում է`

  • սրտի խոռոչների կատետերիզացիա
  • սրտի անոթների սելեկտիվ անգիոգրաֆիա (կորոնարոգրաֆիա)
  • սրտի անոթների բալոնային անգիոպլաստիկա եւ ստենտավորում
  • վերին եւ ստորին վերջույթների մագիստրալ անոթների, գլխուղեղի եւ երիկամների անգիոգրաֆիա
  • սրտի էլեկտրաֆիզիոլոգիական հետազոտություններ՝ բոլոր տեսակի ռիթմի խանգարումների դեպքում. այն իրենից ներկայացնում է ներսրտային հետազոտություն՝ սրտի արագ, անկանոն խանգարումներն ախտորոշելու համար:

Հայաստանի Ինտերվենցիոն սրտաբանության առաջատարներից, «Շենգավիթ» ԲԿ-ի սիրտ-անոթային կենտրոնի Ինվազիվ սրտաբանության ծառայության ղեկավար Արամ Նազարյանն էլ NEWS.am Medicine-ի հետ զրույցում հայտնեց, որ հիվանդանոցի տեխնիկական ապահովումը բարձր մակարդակ ունի. բոլոր սարքավորումները նոր են՝ գերժամանակակից, վերջին սերնդի: Դրանք հնարավորություն են տալիս ապահովել ինվազիվ սրտաբանության ամբողջ ծավալը: Բացի այդ՝ բժշկական կենտրոնում իրականացվում է CT անգիոգրաֆիա, որը հավելյալ կարեւոր ինֆորմացիա է ապահովում ճշգրիտ ախտորոշման համար:

«Մեր թիմի պրոֆեսիոնալիզմը բարդ միջամտություններ կատարելու, անոթների բարդ ստենտավորման հնարավորություն է տալիս: ԲԿ-ի նոր մասնաշենքում ստեղծված են հնարավոր իդեալական պայմաններ՝ թե՛ այցելուների, թե՛ հիվանդների եւ թե՛ բժիշկների համար: Հատկապես պետք է նշեմ ինտենսիվ թերապիայի եւ վերակենդանացման բաժանմունքի հագեցվածությունն ու հարմարավետությունը, իսկ հիվանդների խնամքը, բուժսպասարկումը շատ բարձր մակարդակի վրա են: Հիվանդի համար ստեղծված է առավելագույն հարմարավետություն, որ իրեն զգա ինչպես տանը»,- ասաց նա:

Արամ Նազարյանը հայտնեց, որ «Շենգավիթ» ԲԿ-ում նույնպես ստենտավորման գները նվազեցվել են: Ցածր գնի պայմաններում կտրամադրվեն բարձրորակ ծառայություններ. հավաստեց մասնագետը: Սահմանվել են նոր գներ. մեկ դեղապատ ստենտի տեղադրումն արժե 850 հազար դրամ, իսկ յուրաքանչյուր հաջորդի համար վճարվում է լրացուցիչ 400 հազար դրամ, եւ սա տեղադրվելիք ստենտի որակի հաշվին չի կատարվում:

Սիրտ-անոթային կենտրոնի մենեջերը հայտնեց, որ հիվանդների համար մշակվել է հատուկ քարտ՝ գնահատելու այցելուի գոհունակության աստիճանը: Կենտրոնը նախատեսում է նաեւ ակտիվ գիտական գործունեություն իրականացնել՝ արտասահմանցի մասնագետների մասնակցությամբ համաժողովներ, սեմինարներ:

«Շենգավիթ» ԲԿ-ի մասնագետները վերապատրաստվել են Եվրոպական լավագույն կլինիկաներում, եւ սա շարունակական բնույթ է կրելու: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է