• Latest news

Հայաստանի էրգոթերապիստները աուտիզմով երեխաների համար բջջային հավելված են մշակում

31 հուլիսի, 2018  12:57

Բազմաթիվ ամենօրյա գործողություններ, որոնք մեզ հեշտ ու որեւէ ջանք չպահանջող են թվում, կարող են լուրջ դժվարություններ առաջացնել աուտիզմով երեխաների մոտ՝ երբեմն նրանց համար դժվար է հիշել գործողությունների հերթականությունը, որոնք անհրաժեշտ են, օրինակ, ձեռքերը լվանալու համար։ Նման երեխաներին ու նրանց  ծնողներին օգնելու համար էրգոթերապիստներ Էլինա Միրզոյանն ու Գայանե Հովհաննիսյանը մշակում են հատուկ բջջային հավելված։

NEWS.am Medicine-ի թղթակցին Էլինա Միրզոյանը պատմեց, որ Noomee բջջային հավելվածը յուրօրինակ օրգանայզեր է, որը կարող է օգտակար լինել ոչ միայն աուտիզմով երեխաների, այլեւ շատ այլ երեխաների համար։

Աշխատելով հատուկ կարիքներ ունեցող երեխաների հետ՝ Էլինան ու նրա գործընկերուհին հաճախ ստիպված են եղել նրանց համար նկարներով ու հուշումներով քարտեր պատրաստել՝ օրինակ «բացել ջուրը», «վերցնել օճառը» եւ այլն։ Այս քարտերը երեխաները կախում էին, օրինակ, լվացարանի վրա, եւ  այդ հուշումները նրանց օգնում էին հիշել գործողությունների հերթականությունը։ Նման քարտեր ստեղծելու համար մասնագետները շատ ժամանակ էին ծախսում, ու քարտերը բավականին արագ էին փչանում։ Դրա համար էլ նրանք որոշել են այլընտրանքային քարտեր ստեղծել։ Նրանց հաջող այլընտրանք էր թվացել բջջային հավելվածը՝ եթե երեխան բավականաչափ բարձր IQ ունի, նա կարող է ինքնուրույն օգտվել դրանից, նրա համար դա խաղի նման կլինի։ Իսկ եթե երեխան ինտելեկտի ցածր մակարդակ ունի, ապա նրան կարող են օգնել ծնողները, խնամակալները կամ մասնագետները։

Հավելվածի հետ միասին կրկնելով տարբեր գործողություններ՝ երեխան կսովորի ու կհիշի այդ գործողությունները, ինչը նրան կօգնի ավելի հեշտ ադապտացվել ժամանակակից կյանքին։

Ինչպես պատմեց Էլինա Միրզոյանը՝ հավելվածը աուտիզմով երեխաներին կամ էլ վարքագծային խնդիրներ ունեցող երեխաներին ու նրանց ծնողներին կառաջարկի եւս մեկ հետաքրքիր ֆունկցիա՝ սոցիալական պատմությունները։ Ինչպես բացատրեց մասնագետը, դրանք պատրաստի պատմություններ են, որոնց մեջ ծնողները կամ մասնագետը պետք է հավելեն տվյալ երեխայի անունը, ցանկության դեպքում՝ նաեւ նրա լուսանկարները։ Այդ պատմություններն օգնում են շտկել երեխայի վարքագիծը։ Օրինակ՝ եթե երեխան ագրեսիվ է դպրոցում, նրան կարող են առաջարկել պատմություն, որտեղ մատչելի ու հասկանալի ձեւով  բացատրում են, թե ինչու նրանք չպետք է ծեծեն ընկերներին դպրոցում, ինչպես նաեւ լավ վարքագծի համար առաջարկում են պարգեւատրություն, օրինակ՝ շոկոլադ կամ սիրելի խաղը խաղալու հնարավորություն։

Մասնագետը նշեց, որ ադ պատմությունների շնորհիվ երեխայի մոտ ձեւավորվում են որոշակի սովորություններ ու վարքագծային նորմեր, ինչը նրան օգնում է ավելի հեշտ հաղորդակցվել հասակակիցների հետ։

Հավելվածը դեռ մշակման փուլում է՝ էրգոթերապեւտներին օգնում է ծրագրավորողը, որը անվճար զբաղվում է հավելվածով աշխատանքից ազատ ժամանակ։ Սակայն եթե մասնագետներին հաջողվի ֆինանսավորում գտնել ու հաստիքով աշխատող ծրագրավորող ընդունել՝ հավելվածն ավելի շուտ պատրաստ կլինի, նշեց Էլինա Միրզոյանը։

Նշենք, որ Noomee սթարթափը ներկայացվել է Sevan Startup Summit 2018-ի ընթացքում, որտեղ ստացել է երրորդ տեղն ու 2000 դոլարի չափով մրցանակ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է