• Latest news

Աշխարհում առաջին բիոինժեներական թոքերի փոխպատվաստումը հաջողված է համարվել

2 օգոստոսի, 2018  19:23

2014 թվականին աշխարհում առաջին անգամ բիոինժեներները խոզերին արհեստական թոքեր են փոխպատվաստել: Հիմա նրանք հրապարակել են փորձարկման մանրամասն արդյունքները: Ձեռակերտ օրգանները հաջողությամբ հարմարվել են եւ ձեւավորել արյունատար անոթների խիտ ցանց: Թեխասի Բժշկական գիտությունների համալսարանից Խոակին Կորտիելայի ղեկավարած գիտնականների խմբի այս ձեռքբերումը ներկայացված է Science Transplantation Medicine-ում հրապարակված հոդվածում:

«Աշխարհում մեծանում է մարդկանց թիվը, որոնց մոտ զարգանում են ծանր թոքային հիվանդություններ, իսկ փոխպատվաստման համար հասանելի օրգանների քանակությունը նվազում է»,- հետազոտության վերաբերյալ մամուլի հաղորդագրության մեջ իրավիճակը պարզաբանում է Կորտիելան:

«Փորձանոթում» օրգանների ստեղծման եղանակներից մեկը, առաջին հայացքից, շատ պարզ է թվում: Հարկավոր է անհրաժեշտ օրգանի բջիջների նմուշներ վերցնել եւ դրանք ենթարկել աճի անհրաժեշտ գործոնների ազդեցությանը: Սակայն կարեւոր է, որ այդ ընթացքում հենց օրգան ստացվի, այլ ոչ թե տձեւ զանգված, եւ որ օրգանը չվանվի:

Այս նպատակով Կորտիելայի խումբը «թոքի հիմնակմախքը» ստացել է ուղղակիորեն թոքից: Հանված օրգանը մշակելով «լվացող միջոցների» եւ շաքարի հատուկ խառնուրդով՝ նրանք հեռացրել են բջիջները եւ արյունը՝ թողնելով միայն օրգանի արտաբջջային սպիտակուցային «հենակմախքը»:

Ըստ մանրակրկիտ մշակված մեթոդի՝ այս «շինարարական անտառների» վրա տնկվել են թոքի կենսունակ բջիջները: Բջիջները վերցվել են այն նույն կենդանուց, որին պետք է արհեստական օրգանը փոխպատվաստեին, որպեսզի իմունային վանում չառաջանա: Պատվաստված բջիջներն այնուհետեւ ենթարկվել են աճի գործոնների ազդեցությանը: Բիոռեակտորում յուրաքանչյուր օրգանի աճեցումը տեւել է 30 օր:

Հետազոտողներն ընդհանուր աճեցրել են թոքի 4 օրինակ՝ 4 խոզերի փոխպատվաստելու համար: Յուրաքանչյուր կենդանու զույգ օրգանից մեկը հեռացրել են, իսկ դրա փոխարեն փոխպատվաստել են բիոինժեներիայի զավակին: Երկրորդ թոքն իր տեղում է մնացել:

Առաջին խոզին էվթանազիա են կատարել եւ հերձել փոխպատվաստումից հետո 10 ժամ անց, երկրորդին՝ 2 շաբաթ անց, երրորդին՝ մեկ ամիս անց եւ չորրորդին՝ 2 ամիս անց: Սա թույլ է տվել որոշել, թե օրգանն ինչպես է ընտելանում յուրաքանչյուր փուլում:

Վիրահատությունից հետո բոլոր կենդանիները ողջ են մնացել: Արդեն 2 շաբաթ հետո փոխպատվաստված թոքը ձեւավորել է արյան ամբողջական մատակարարման արյունատար անոթների լիարժեք ցանց:

«Մենք թոքերի այտուցի նշաններ չենք տեսել, ինչը սովորաբար անոթային ցանցի անբավարար հասունության նշանն է,- նշել է հետազոտության համահեղինակ, Թեխասի Բժշկական գիտությունների համալսարանից Ջոան Նիքոլսը: - Փոխպատվաստումից հետո բիոինժեներական թոքերը շարունակել են զարգանալ՝ առանց աճի գործոնի որեւէ ներարկման, օրգանիզմն ապահովում էր նոր թոքերի համար անհրաժեշտ շինարարական բոլոր բլոկները»:

Հետազոտության մեջ հիմնական ուշադրությունը դարձվել է այն հանգամանքին, թե փոխպատվաստված օրգանը օրգանիզմին որքան հաջող է ինտեգրվում: Մանրամասն չի հետազոտվել դրա գործելու արդյունավետությունը:

Նախատեսվում է հաջորդ հետազոտություններում ուսումնասիրել, թե փոխպատվաստված օրգանն իրեն ինչպես է պահում առավել երկարատեւ ժամանակահատվածում, այդ թվում՝ գնահատել, թե ինչպես է գործում: Բավարար ֆինանսավորման պարագայում խումբը խոստանում է 5-10 տարի հետո թոքեր աճեցնել, որոնք պիտանի կլինեն մարդուն փոխպատվաստելու համար:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել