• Latest news

Ի՞նչ անել՝ քաշ հավաքելու համար. խորհուրդներ սննդաբանից

13 օգոստոսի, 2018  16:13

Սննդաբան Վարդանուշ Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում խորհուրդներ է տվել քաշն ավելացնել ցանկացողներին։

«Ուզում եք ավելացնել Ձեր քաշը, բայց չի՞ ստացվում։ Երբ շուրջ բոլորը մտածում են՝ ինչպես նիհարել, իսկ Դուք երազում եք՝ ինչպե՞ս մի քանի կգ գոնե ավելացնել. ուրեմն այս գրառումը Ձեզ համար է»,- սննդաբանն ու հավելել.– «Հենց սկզբից ասեմ, որ շատ ավելի հեշտ է նիհարել, քան ավելացնել քաշը, բայց եւ հնարավոր է»։

Հիմնական դրույթները.

ա․ Նախ, իսկապե՞ս Ձեր քաշը ցածր է։ Հաշվեք մարմնի զանգվածի ինդեքսը /Body Mass Index = BMI/, իրո՞ք այն տասնութից ցածր է. https://www.calculator.net/bmi-calculator.html

Եթե այո, ուրեմն իսկապես անհանգստանալու կարիք կա։

բ․ Ցածր քաշի դեպքում առաջին հերթին պետք է հասկանալ՝ արդյո՞ք ունեք ինչ-որ առողջական խնդիր, որը կարող է քաշի նվազման պատճառ հանդիսանալ։ Ասենք՝ մարսողական համակարգի ախտահարում, հորմոնային դիսբալանս, ներծծման կամ այլ խանգարումներ։ Ամեն դեպքում, անհրաժեշտ է այցելել բժշկի, բացառել բոլոր պատճառները։

գ․ Եթե նախորդ երկու կետերն անցաք, եւ ունեք իսկապես ցածր քաշ, իսկ բոլոր առողջական խնդիրերը բացառվում են, ապա կարելի է ենթադրել, որ դա Ձեր մարմանակառուցվածքն է։

Ըստ մասնագետի, եթե արագ նիհարում եք, ասենք՝ հուզվելու պատճառում մեկ գիշերվա մեջ երեք կգ քաշ եք կորցնում, շատ դանդաղ եք քաշ հավաքում՝ քաշի ավելացումն ամսվա մեջ հաշվվում է գրամներով, կամ շատ շարժուն եք եւ օրվա ռեժիմն ու կանոնավորությունը Ձեր մասին չէ, ապա այս բոլորը հենց նման մարմնակառուցվածք ունենալու մասին է։

«Այստեղ չի կարելի ասել՝ լավ է, թե՞ վատ, որովհետեւ կարեւորն այս կառուցվածքը առողջ, ներդաշնակ պահելն է, այսինքն՝ հասկանալ՝ ի՞նչ ունես եւ դրան ճիշտ վերաբերվել: Որովհետեւ հիմնականում մարմնակառուցվածքն ամբողջ կյանքի համար է, ուղղակի անհրաժեշտ է իմանալ առավելություններն ու թերությունները եւ հսկողության տակ պահել»,- գրել է Վարդանուշ Պետրոսյանը։

Ի՞նչ է պետք անել՝ քաշ հավաքելու համար։ 

ա․ Պետք է սկսել օրվա ռեժիմից, քանզի այս դեպքում հիմնականում դա բացակայում է, եւ նման անձինք ունենում են անռեժիմ աշխատանք/զբաղմունք, ասենք՝ լրագրող են կամ ուսանող։ Անպայման ֆիքսեք նախաճաշի, ճաշի, ընթրիքի ժամերը։ Երբեք բաց մի թողեք սննդի որեւէ ընդունում։

Ռեժիմի մեջ անպայման պետք է մտցնել լիարժեք քուն եւ ժամանակ հանգստի համար։

Ցանկալի է, որ սննդի, քնի, հանգստի ժամերն ամեն օր պահպանվեն։

բ․ Կառավարեք սթրեսը, որպեսզի այն «չայրի» ձեր կիլոգրամները։ Այս մարմնակազմվածքի տեր մարդիկ շատ գզայուն են ու էմոցինալ։

Սովորեք կառավարել սթրեսները. զբաղվեք յոգայով, աուտոթրեյնինգով, գնացեք արթ-թերապիայի, բայց սովորեք «ամեն ինչ սրտին մոտ չընդունել», այլապես ամեն մի դրսի ազդակ կստիպի Ձեզ արագ կորցնել դժվար ավելացված կիլոգրամները։

գ․ Խուսափեք ցրտից, սառը քամիներից, միջանցիկ քամիներից, որովայնը բաց պահելուց, ձմռան սեզոնին ճամփորդելուց, սառը սննդից, սառնարանից հանած ուտելիքից։

դ․ Ինչ ուտել, ինչքան, ինչպես, երբ...

Սկսենք նրանից, որ չկա գիրացնող ուտելիք, եւ հաճախ նիհարները որոշում են քաշ հավաքել հենց այդպիսի «գիրացնող» սնունդ շատ ուտելով, ասենք՝ քաղցրավենիք, ֆասթ ֆուդ եւ այլն։ Պետք է հիշել, որ քաշը պիտի ավելանա ոչ ճարպի հաշվին, այլ մկանների։ Այդ պատճառով, անիմաստ է այդ հիմար ուտելիքն ուտել...

Պետք է ընտրել խիտ սննդարարությամբ սննդատեսակներ՝ կարագ, տնային հալած յուղ, ձու, միս, ծովամթերք, ընկուզեղեն, սերմեր, ամբողջական հացահատիկ, կաթնամթերք։

Օրվա մեջ անպայան օգտագործեք մոտ երեք թեյի գդալ յուղ՝ ձիթապտղի ձեթի կամ տնական հալած յուղի տեսքով։

Հիշեք, որ շատ օգտակար են արմավը, բազուկը, ավոկադոն, վայրի բրինձը։

Կերեք դանդաղ, երկար ծամելով, ճաշեք սիրելի մարդկանց հետ։ 

Ամեն ինչ կերեք ու խմեք միայն տաք վիճակում, ոչ մի սառը բան։

Համեմունքներից լավ են հայկական կանաչիները, կոճապղպեղը, սամիթի սերմը։

դ․ Շատ հետաքրքիր խորհուրդ կա, որն օգնում է հավասարակշռել այս մարմնակազմվածքը՝ դա հաճախ գրկել, գրկվել, մերսում ստանալն է ՝ անպայման մի քիչ տաք յուղերով։

Ցանկալի է նաեւ երեկոյան քնից առաջ յուղել ոտքերի թաթերն ու դաստակները։ Օրինակ՝ քնջութի տաքացրած յուղով։

Շատ էին խորհուրդները, բայց մի անհանգստացեք, սկսեք քիչ-քիչ, փոքրիկ քայլերով մտցնել նոր սովորությունները ձեր առօրյա, եւ շուտով ավելի լավ կզգաք ու կկարգավորեք քաշը։ 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է