• Latest news

Ցածրկալորիական սննդակարգը տղամարդկանց համար ավելի օգտակար է, քան կանանց

14 օգոստոսի, 2018  19:58

Ցածրկալորիական սննդակարգը տղամարդկանց ավելի շատ օգուտ է տալիս, քան կանանց. սննդակարգում կալորիաների կրճատման դեպքում տղամարդիկ ավելի արագ եւ արդյունավետ են նիհարում, քան կանայք: Այս մասին նշված է նոր հետազոտության մեջ, որը հրապարակվել է Diabetes, Obesity and Metabolism ամսագրում:

Կոպենհագենի համալսարանի գիտնականները հետազոտությանը մասնակցելու համար հրավիրել են 2 հազար մարդու, որոնք տառապել են նախադիաբետով: Նախադիաբետն այն վիճակն է, որի դեպքում արյան մեջ շաքարի մակարդակը զգալիորեն բարձրանում է, սակայն հիվանդությունը դեռեւս չի զարգանում:

Բոլոր մասնակիցները հետեւել են ցածրկալորիական սննդակարգի: Կալորիաների քիչ քանակությամբ եւ սպիտակուցների մեծ պարունակությամբ սնվելուց 8 շաբաթ հետո բոլոր մասնակիցները նիհարել են մարմնի զանգվածի 10 տոկոսով, նրանց մոտ բարելավվել է շաքարի մակարդակի վերահսկողությունը: Պարզվել է, որ տղամարդկանց դեպքում այդպիսի սննդակարգի օգտակար ազդեցությունը չի սահմանափակվում միայն ավելորդ կիլոգրամներից ազատվելով: Դրանից բացի, նշվել է, որ նրանք ավելի շատ քաշ են կորցրել ճարպի հաշվին, քան կանայք, նրանց մոտ լավացել են սրտի ռիթմի ցուցանիշները, նվազել է «վատ խոլեստերինի» մակարդակը, փոքրացել է գոտկատեղի շրջագիծը:

Միաժամանակ, կանանց մոտ, որոնք նիհարում են ցածրկալորիական սննդակարգին հետեւելով, նկատվել են որոշ բացասական արդյունքներ. նրանց արյան մեջ նվազել է «լավ խոլեստերինի» մակարդակը եւ ոսկորներում հանքանյութերի պարունակությունը, նվազել է մկանային զանգվածը: Երկու սեռերի մասնակիցների մոտ նվազել է արյան մեջ բորբոքման մարկերների մակարդակի պարունակությունը եւ լավացել է արյան շրջանառությունը:

Մասնագետները նշում են, թե սա չի նշանակում, որ կանայք պետք է հրաժարվեն ցածրկալորիական սննդակարգից: Սակայն կանայք պետք է հասկանան, որ իրենց սննդակարգը պետք է առավելագույնս բազմազան լինի: Իրենց առողջությունը պահպանելու համար նրանք նաեւ պետք է բժիշկների հետ խորհրդակցեն:

Հետազոտության հեղինակ բժիշկ Պիա Քրիսթենսեն նշել է, որ հետագայում ծրագրում են պարզել, թե որքանով է երկարատեւ տղամարդկանց ու կանանց վրա ցածրկալորիական սննդակարգի ազդեցության տարբերությունը եւ արժե՞ արդյոք ավելորդ քաշի դեմ պայքարի ծրագրեր մշակել սեռից կախված:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել