• Latest news

Հայաստանում սուր իշեմիկ կաթվածների բուժման պետական ծրագիր է անհրաժեշտ. Բագրատ Ալեքյան

16 օգոստոսի, 2018  16:54

Հայաստանում սրտի սուր կաթվածի խնդիրը կարող է լուծված համարվել 2015 թվականից մեկնարկած Stent for Life ծրագրի շնորհիվ. ամեն տարի այս ծրագրի շրջանակում երկրում անցկացվում են կորոնար անոթների մոտ 1500 ստենտավորումներ, որոնք ֆինանսավորվում են պետական բյուջեից: Հիմա ժամանակն է լուծելու սուր իշեմիկ կաթվածի խնդիրը: Տեսակոնֆերանսի ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց հայտնի բժիշկ, Ռուսաստանի Դաշնության էնդովասկուլյար վիրաբույժների միության նախագահ, ակադեմիկոս Բագրատ Ալեքյանը:

Նրա խոսքով՝ սուր իշեմիկ կաթվածի դեպքում աշխարհում արդեն էնդովասկուլյար վիրահատություններ են անցկացնում, որոնք զգալիորեն բարձրացնում են հիվանդի ապրելիության հնարավորությունները: Կոնսերվատիվ մեթոդներով կաթվածների բուժման դեպքում մահացությունը չափազանց բարձր է. հիվանդների 25-30 տոկոսը մահանում է, եւս 65 տոկոսը հաշմանդամ է դառնում եւ միայն 10-15 տոկոսն է բնականոն կյանքին վերադառնում: Սակայն 2015 թվականին անցկացված պատահական ընտրանքով հետազոտությունները ցույց են տվել, որ կաթվածը սկսվելուց կարճ ժամանակ հետո (ոչ ուշ, քան 10-12 ժամ հետո) կատարված վիրաբուժական միջամտությունը կոնսերվատիվ բուժումից շատ ավելի արդյունավետ է:

Այս վիրահատությունների ժամանակ ազդրի զարկերակով ուղեղի անոթներ է մտցվում հատուկ կաթետեր, իսկ դրա միջով կոնտրաստային նյութ, որի միջոցով կարելի է որոշել, թե կոնկրետ որ անոթում է կաթված առաջացրած խցանումը: Այնուհետեւ այդ կաթետերի միջով անհրաժեշտ անոթի մեջ են մտցնում ռետրիվեր ստենտը, որը դուրս է քաշում թրոմբը: Շատ հաճախ կոմայի մեջ գտնվող հիվանդը հենց վիրահատական սեղանին ուշքի է գալիս եւ աչքերը բացում:

Ինչպես նշեց Բագրատ Ալեքյանը, այս միջամտության շնորհիվ կարելի է փրկել սուր իշեմիկ կաթվածով հիվանդների մոտ 50 տոկոսին, այսինքն՝ մահացությունը 3,5 անգամ նվազում է: Սակայն քանի որ վիրահատությունը բավականին թանկարժեք է, շատ քաղաքացիներ չեն կարող այն իրենց թույլ տալ, եւ պետական ծրագիր է անհրաժեշտ՝ ինչպես կորոնար անոթների ստենտների դեպքում:

Ինչպես նշեց մասնագետը, մարդկանց 55 տոկոսը մահանում է 2 հիվանդությունից՝ սրտի եւ գլխի կաթվածից: Ընդ որում՝ օնկոլոգիայի հետեւանքով մահանում է միայն մոտ 13 տոկոսը: Հենց այս պատճառով ինչպես Հայաստանում այնպես էլ ամբողջ աշխարհում այդքան կարեւոր է սիրտ-անոթային հիվանդությունների խնդրի լուծումը, նշեց Ալեքյանը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել