• Latest news

Հայկական սթարթափը մտադիր է լուծել բժիշկների անընթեռնելի դեղատոմսերի խնդիրը

18 օգոստոսի, 2018  12:08

FastMed սթարթափը նույնանուն հավելված է մշակել, որն անհրաժեշտ դեղատան ակնթարթային որոնման եւ դեղամիջոցների պատվերի հնարավորություն է ընձեռում: Համապատասխան նախագիծը ներկայացվել է Sevan Startup Summit 2018-ում:

Ընկերության հիմնադիր Գրիգոր Կորկոտյանը NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ հավելվածը հնարավորություն է տալիս իմանալ, թե քաղաքի որ դեղատանն է վաճառվում անհրաժեշտ դեղը, ծանոթանալ դեղատների գներին կամ գտնել մոտակա դեղատունը:

«Ներկա պահին FastMed հավելվածի միջոցով կարելի է դեղեր պատվիրել եւ ավելի ուշ այն վերցնել կոնկրետ դեղատնից: Սակայն շուտով կսկսի գործել տուն կամ ցանկացած այլ վայր առաքելու ծառայությունը: Ընդ որում՝ հավելվածը շատ պարզ է ու օգտագործման համար հարմար, եւ ամենակարեւորը՝ նրա ծառայություններն անվճար են, պետք է վճարել միայն առաքման համար»,- նշեց Գրիգոր Կորկոտյանը:

Նրա խոսքով՝ սթարթափը նաեւ բժիշկի դեղատոմսերի վերծանման ծառայություն է մատուցում:

«Բժիշկների դեղատոմսերը հաճախ անընթեռնելի են, որի պատճառով մարդը չի կարողանում հասկանալ՝ ինչ հաճախականությամբ եւ ինչպիսի դոզաներով է անհրաժեշտ ընդունել նշանակված դեղամիջոցը: Նման դեպքերում օգտատերերը կարող են մեզ ուղարկել դեղատոմսերի լուսանկարները, եւ մեր բանիմաց դեղագործները կվերծանեն դրանց բովանդակությունը ու հետ կուղարկեն տեքստային տարբերակով»,- պարզաբանեց սթարթափի հիմնադիրը: 

Նա նաեւ նշեց, որ օգտատերերը կարող են չաթի կամ զանգի միջոցով կապ հաստատել բանիմաց դեղագործների հետ եւ նրանց ուղարկել իրենց հարցերը:

«Ներկա պահին մենք աշխատում ենք հավելվածի բարելավման վրա եւ համագործակցության համար գործընկերների ենք ներգրավում: Առայժմ աշխատում ենք 10 դեղատների հետ, սակայն արդեն ուրիշների հետ էլ համագործակցելու պայմանավորվածություններ կան»,- նշեց Գրիգոր Կորկոտյանը:

Հավելվածը մեկ այլ խնդիր էլ է լուծում. հայկական դեղագործական շուկայում գործում են մի քանի խոշոր դեղատնային ցանցեր, որոնք իրացման ահռելի շուկա ունեն:

«Խոշոր ցանցային ընկերությունները հաճախ դուրս են մղում փոքրերին եւ առանձին դեղատների: Վերջինների համար դժվար է իրացման համար հարթակ ստեղծել, քանի որ դա մեծ ծախսեր է պահանջում: FastMed հաշիվը փոքր դեղագործական ձեռնարկություններին իրացման լրացուցիչ շուկա է տրամադրում, ինչպես նաեւ եղածը մեծացնում է՝ այդպիսով ընդլայնելով խոշորների հետ մրցակցելու հնարավորությունները»,- նշեց Գրիգոր Կորկոտյանը:

Նրա խոսքով՝ հավելվածում դեղամիջոցների անվանումները նաեւ տարբեր լեզուներով են թարգմանված, ինչը շատ հարմար է զբոսաշրջիկների համար, որոնք ծանոթ չեն տեղական անվանումներին:

«Դեղերը տարբեր լեզուներով կարելի է գտնել ձայնային որոնման միջոցով, ծածկագրի եւ այլն: Մեր հավելվածից օգտվելիս վերանում է պետք եղած դեղը գտնելու համար հերթով դեղատներ այցելելու անհրաժեշտությունը»,- նշեց FastMed ընկերության հիմնադիրը:

Նա հավելեց, որ օնլայն հաշվի առաջմղման համար սթարթափը 50 հազար դոլարի ներդրումների կարիք ունի, ինչպես նաեւ թիմի համալրման՝ աշխատանքների համակարգման եւ շուկա դուրս գալու համար:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել