• Latest news

Ռուսաստանցի գիտնականները կաթվածի դեմ սառցե սաղավարտ են ստեղծել

18 օգոստոսի, 2018  15:05

Ռուսաստանում ստեղծել են սառեցնող սաղավարտ՝ կաթվածից կամ գանգուղեղային վնասվածքից հետո առաջին ժամերին կիրառելու համար: Այն կօգնի հիվանդների մահացությունը նվազեցնել գրեթե 2 անգամ: Սարքը ստեղծել են «Սկոլկովոյի» ռեզիդենտները՝ «Կրիոտեխնոմեդ» նախագծի շրջանակում, որն ուղղված է թերապեւտիկ հիպոթերմիայի (սառեցման) ինովացիոն սարքի մշակմանը եւ բժշկական պրակտիկայում ներդրմանը:

Սաղավարտը թույլ է տալիս առանձին օրգանները եւ մարմնի մասերը, օրինակ՝ գլուխը, երկար ժամանակահատվածում պահել ցածր ջերմաստիճանի պայմաններում: Մի քանի հարյուր մարդկանց վրա կատարված փորձարկումները ցույց են տվել դրա արդյունավետությունը: Սարքը արտոնագրված է, պատրաստվում են այն կիրառել նաեւ նարկոլոգիայում, նեւրոլոգիայում, նեոնատոլոգիայում, արթրոլոգիայում, սպորտային բժշկության մեջ:

«Սկոլկովո» հիմնադրամի ավագ նախագծային մենեջեր Վլադիմիր Եգորովը «Իզվեստիային» ասել է, որ մշակված սարքը թերապեւտիկ հիպոթերմիայի երկրորդ սերունդն է ներկայացնում: Այս սերունդը տարբերվում է մարմնի տարբեր մասերի (առաջին հերթին գլխի) սելեկտիվ (ընտրողական) սառեցման ուղղվածությամբ՝ ուղեղի ջերմաստիճանը ոչ ինվազիվ մեթոդներով վերահսկելու, բարձր ճշգրտությամբ ջերմության արտադրման ինտենսիվության կառավարման հնարավորությամբ:

Կլինիկական փորձարկումն անցկացվել է ավելի քան 600 հիվանդների ընտրությամբ եւ ցույց է տվել, որ կաթվածից կամ գանգուղեղային վնասվածքից հետո առաջին ժամերին սարքի կիրառումը թույլ է տալիս հիվանդների մահացությունը նվազեցնել գրեթե 2 անգամ:

Տեխնոլոգիայի էությունն է անտրոպոմետրիկ (գլխի ձեւը կրկնող) սաղավարտ-կրիոապլիկատորների միջոցով գլխի մաշկի մազածածկ մակերեւույթի սառեցման կառավարումը եւ գլխուղեղի ջերմաստիճանի նվազեցումը հիվանդի համար անվտանգ սահմաններում: Կառավարելի սառեցումը ոչ ինվազիվ մեդթոդ է, որը թույլ է տալիս կանխել նեյրոնների ոչնչացումը, երկարացնել շրջելի փոփոխությունների ժամանակահատվածը եւ նվազեցնել գլխուղեղի վնասման ծանրության աստիճանը տարբեր ախտաբանական վիճակների դեպքում, որոնց հատուկ է նրա ջերմաստիճանի բարձրացումը:

Կաթվածից եւ գանգուղեղային վնասվածքներից բացի, այսպիսի վիճակներին է դասվում նաեւ դելիրիան (սպիտակ տենդ), աֆեկտը, միգրենները եւ որոշ այլ հիվանդություններ: Դրանից բացի, հետազոտությունները ցույց են տվել, որ հատկապես ուղեղի, այլ ոչ ամբողջ մարմնի, ջերմաստիճանի չափավոր նվազեցումը կարող է կանխել կամ մեղմել Ալցհեյմերի հիվանդության եւ նեյրոդեգեներատիվ այլ հիվանդությունների զարգացումը:

Սառեցնող սաղավարտը խողովակների համակարգ է, որոնք միացված են ոչ մեծ սառնարանի չափով սարքին, որից հեղուկ սառեցնող ագենտը, որը 32°C-ից ցածր ջերմաստիճան ունի, փոխանցվում է սաղավարտի խողովակներին: Սարքի եւ դրա կիրառման համար մշակողները ձեւակերպել են ռուսական եւ միջազգային արտոնագրեր:

Այս պահին նախագծի շրջանակում անցկացվում են բժշկության այլ ոլորտներում սառեցման թերապեւտիկ կիրառման հետազոտություններ: Մասնավորապես հուսադրող արդյունքներ են ստացվել արթրոլոգիայում. հոդերի արթրիտի դեպքում հիպոթերմիայի մի քանի սեանսները նկատելիորեն թուլացրել են հիվանդության արտահայտվածությունը:

Երկրորդ սերնդի սարքը լավ արդյունք է ունեցել նաեւ սպորտային բժշկության մեջ. դրա օգնությամբ հաջողվում է բուժել բռնցքամարտիկների գլխի վնասվածքները եւ վերացնել սպորտի ցիկլիկ ձեւերով զբաղվողների ուժասպառությունը

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել