• Latest news

Հոգեկան խանգարումներն ու Լուսնի փուլերը փոխկապված են. հետազոտություն

8 սեպտեմբերի, 2018  21:58

Լուսնի ուժն ավելի մեծ ազդեցություն է ունենում հոգեկան որոշակի խանգարումներով մարդկանց վրա, քան նախկինում էին կարծում, նշված է Translational Psychiatry-ում հրապարակված հետազոտության մեջ:

Հետազոտողներն ուսումնասիրել են երկբեւեռ աֆեկտիվ խանգարմամբ հիվանդների օրագրերը՝ մոլեգնության եւ դեպրեսիվ օրերը համեմատելով Լուսնի փուլերի հետ: Պարզվել է, որ նորալուսնի փուլում (ոչ լիալուսնի, ինչպես կարելի էր սպասել) հիվանդներն ավելի հաճախ են դեպրեսիայից մոլագարության անցնում:

Մոլեգնության փուլը բնութագրվում է էյֆորիայով, «ծովը ծնկներից է» զգացողությամբ: Խոսքի ավելցուկը, տեղում նստելու եւ կենտրոնանալու անհնարինությունը նույնպես այս փուլի սովորական ախտանիշներ են: Էմոցիոնալ վերելքի ֆոնին հնարավոր են զայրույթի կարճաժամկետ, սակայն փոթորկուն բռնկումներ:

Այս ամենն ինչպե՞ս կարող է կապված լինել Լուսնի փուլերի հետ: Մասնագետների ենթադրությամբ՝ գործում է ցիրկադային ռիթմերին նման մեխանիզմ: Ակնհայտ է, որ մեր ներքին ժամացույցը պետք է ինչ-որ կերպ համեմատվի արտաքին գործոնների հետ, օրինակ՝ Արեգակի ծագելու եւ մայր մտնելու հետ: Մարդկանց մեծամասնության մոտ կենսաբանական ժամացույցը կարգավորված է 24-ժամյա արեւային օրով՝ երբ արեւը բարձրանում է, օրգանիզմն արձագանքում է՝ ազդանշան ուղարկելով, որ արթնանալու ժամանակն է, եւ հակառակը:

Սակայն տեսականորեն այսպիսի տրիգեր կարող է լինել ոչ միայն Արեգակը, այլեւ Լուսինը: Եվ անգամ Լուսինն Արեգակի փոխարեն: Հետազոտողներն ուսումնասիրել են ավելի քան 91 հազար մարդու տվյալները, որոնց մոտ դիտվել է սովորական շուրջօրյա (արեւային) ռիթմերի խանգարում, եւ պարզել են, որ այս մարդիկ դեպրեսիայի եւ երկբեւեռ խանգարման հանդեպ մեծ հակվածությամբ են օժտված: Նրանցից ոմանք կախված են լուսնային շրջափուլերից:

Դեռեւս մինչեւ վերջ պարզ չէ՝ խոսքը կենսաբանակա՞ն ժամացույցի խափանման մասին է, թե՞ սկզբունքորեն «այլ» կենսաբանական ժամացույցի: Սակայն մասնագետները կարծում են, որ հոգեկան խանգարումների հետ կապված նոր գործոն են հայտնաբերել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է