• Latest news

Դիաբետով եւ տուբերկուկյոզով հիվանդ. Կարող եմ կա՛մ դեղեր գնել, կա՛մ սնունդ. 2 դեպքում էլ հանրության համար վտանգավոր կլինեմ

11 սեպտեմբերի, 2018  15:26

54-ամյա Լեւոն Քոչարյանը դիաբետով է տառապում, նրա հաշմանդամության թոշակը չի բավականացնում ե՛ւ սինթետիկ ինսուլին գնելուն, ե՛ւ նորմալ սնվելուն. փողը բավականացնում է կա՛մ դեղերին, կա՛մ սնունդին: Նրա օրգանիզմն արագ թուլանում է թե՛ առանց ինսուլինի, թե՛ առանց նորմալ սնունդի, եւ դեղերի նկատմամբ կայուն տուբերկուլյոզի կրկնման լուրջ վտանգ կլինի, որը նա ձեռք էր բերել մի քանի տարի առաջ:

Լեւոն Քոչարյանի մոտ դիաբետն ախտորոշվել է դեռեւս 2001 թվականին, եւ հենց այդ ժամանակ էլ նա սկսել է խոզի ինսուլին ստանալ, որն օգնել է արյան մեջ գլյուկոզայի մակարդակը հսկողության տակ պահել: Սակայն երկու տարի հետո Հայաստանում խոզի ինսուլինի փոխարեն սկսել են կիրառել մարդկային ինսուլին: Լեւոն Քոչարյանը հենց այս ինսուլինն էր ստանում, երբ հիվանդացավ տուբերկուլյոզով: Շուտով պարզվեց, որ տուբերկուլյոզի շտամը, որով նա վարակվել էր, կայուն էր առաջին շարքի դեղամիջոցների նկատմամբ, ավելին՝ նրա օրգանիզմը չէր ընդունում մարդկային ինսուլինը, իսկ ներարկումից հետո արյան մեջ գլյուկոզայի մակարդակը չէր կարգավորվում: Այս ամենը լուրջ խնդիրներ ստեղծեցին ե՛ւ տուբերկուլյոզի բուժման, ե՛ւ դիաբետի արդյունավետ հսկողության համար:

Այդ ժամանակ Լեւոնին օգնության հասավ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպությունը, որը նրան տրամադրեց կոնկրետ նրա օրգանիզմի համար արդյունավետ դեղամիջոցներ: Պարզվեց, որ սինթետիկ ինսուլինը նրան շատ ավելի էր համապատասխանում, քան մարդկայինը: Իսկ տուբերկուլյոզը հաջողվեց ճնշել այլ հակաբիոտիկների միջոցով, որոնց նկատմամբ նրան ախտահարած միկրոբակտերիաները կայունություն չունեին: Մինչեւ 2011 թվականը Լեւոնը դեղեր էր ստանում «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպությունից, որից հետո ինսուլինը սկսել էր ստանալ թիվ 14 պոլիկլինիկայում:

Ամեն ինչ փոխվեց 2017 թվականին, երբ կառավարության որոշմամբ վերացավ առանձին հիվանդներին այն դեղերը տալու հնարավորությունը, որոնք չէին մտնում հաշմանդամությամբ մարդկանց համար նախատեսված արտոնյալ դեղերի ցանկում: Այս որոշումը վերջերս ուժի մեջ մտավ, եւ Լեւոնին դադարեցին տալ իր սինթետիկ ինսուլինը:

Նա ի վիճակի չէ այս ինսուլինը դեղատնից գնել, քանի որ ամեն ամիս ստիպված կլինի վճարել մոտ 100 հազար դրամ, որն ուղղակի չունի:

Հիմա Լեւոնն անհանգստանում է ոչ միայն իր առողջության համար, այլեւ իրեն շրջապատող մարդկանց անվտանգության. եթե նա թերսնվի կամ ինսուլին չստանա, նրա օրգանիզմը կթուլանա, եւ տուբերկուլյոզը կարող է նորից «գլուխ բարձրացնել»: Այդ դեպքում Լեւոնը վտանգ կներկայացնի շրջապատի համար, քանի որ կարող է նրանց վարակել դեղերի նկատմամբ ռեզիստենտ տուբերկուլյոզով:

Լեւոնի խոսքով՝ ինքը, հավանաբար, ամենեւին էլ միակ մարդը չէ, որը տուժում է անցյալ տարի ընդունված որոշման պատճառով. կան նաեւ այլ հիվանդներ, որոնք անվանական դեղերի կարիք ունեն եւ դրանք հիմա չեն կարող ստանալ:

Լեւոն Քոչարյանը գործող կառավարությանը կոչ է անում վերանայել նախորդ կառավարության ընդունած որոշումը, որպեսզի իր նման հիվանդները ստիպված չլինեն առանց բուժման մնալ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է