• Latest news

Կանաբիսը մեղմում է ցավերը, ջղաձգումները եւ եւս 25 ախտանիշ

12 սեպտեմբերի, 2018  14:29

Նյու Մեքսիկոյի համալսարանի հետազոտողները ցույց են տվել, որ մարիխուանայի օգտագործումը թույլ է տալիս արագ մեղմել մի ամբողջ շարք հիվանդությունների ախտանիշները, առավելապես ցավը, ինչպես նաեւ տագնապայնությունը եւ դեպրեսիայի այլ դրսեւորումները: Գիտնականները դրա համար օգտվել են Releaf App բջջային հավելվածի տվյալներից, որը հատուկ գրվել է այն նպատակով, որ հիվանդները կարողանան ինքնուրույն գրանցել մարիխուանայի եւ դրա դեղամիջոցների ընդունումը:

«Եթե մեր արդյունքները տարածենք մնացյալ բնակչության վրա, կստացվի, որ մարիխուանան եւ դրա դեղամիջոցները կարող են փոխարինել դեղերի բազմամիլիարդանոց շուկան: Ավելին՝ այդ փոխարինումն արդեն տեղի է ունենում»,- պարզաբանում է երկու հոդվածների հեղինակներից մեկը՝ Ջեյքոբ Վիջիլը:

Releaf App հավելվածը թույլ է տալիս վարել օգտագործման հաշվարկը, ախտանիշները գնահատել մարիխուանա ընդունելուց առաջ եւ հետո: Մշակողների կարծիքով՝ Releaf App-ը տվյալներ հավաքելու այլ եղանակներից (օրագրեր, մասնագետների հետ շփում) շահեկանորեն տարբերվում է նրանով, որ դրա օգտագործումը շատ ժամանակ չի խլում, ուստի ավելի հարմարավետ է նրանց համար, ովքեր չեն սիրում խոսել իրենց բուժման եւ/կամ կանաբիս օգտագործելու մասին:

Առաջին հետազոտության մեջ հաշվի են առնվել 27 տարբեր ախտորոշումներով 2830 հիվանդների տվյալները, որոնք ունեցել են տագնապից մինչեւ ջղաձգման ախտանիշներ: Կանաբիսի 13,638 ընդունման արդյունքում ախտանիշների սուբյեկտիվ թեթեւացման միջին արդյունքը կազմել է 10-միավորանոց սանդղակով 4 միավոր (հաշվի առնելով բոլոր դեղամիջոցային տեսակների արդյունքը՝ թուրմերը, կանեփի մզվածքով սնունդը, մոմերը, քսուքները եւ ատամի մածուկը): Երկրորդ հետազոտության ժամանակ հաշվի են առնվել անքնությամբ տառապող հիվանդների վրա միայն կանեփի ծաղկաբույլերը ծխելու ազդեցությունը, ընդհանուր առմամբ 409 մարդ զեկուցել է դեղի 1056 ընդունման մասին: Տվյալների մշակումը ցույց է տվել կանեփի ազդող նյութի՝ դելտա-9-տետրահիդրոկանաբինոլի (ՏՀԿ) արդյունավետությունը ցավի տասնյակ տարատեսակների եւ այնպիսի ախտանիշների թուլացման համար, ինչպիսին են ջղաձգումները, սրտխառնոցը, թուլությունը, մեծ եւ պակաս ախորժակը, տագնապայնությունը եւ եւս 11 անուն ախտանիշներ:

Ցավը, այդ թվում՝ քրոնիկական եւ ուռուցքային հիվանդությունների դեպքում, վերացնելու եւ էպիլեպսիայի ու մանկական ուղեղային կաթվածի, դեպրեսիայի ու հետվնասվածքային խանգարման ախտանիշները թուլացնելու ՏՀԿ հատկությունը վաղուց է ապացուցված, հիմքեր կան ենթադրելու, որ ՏՀԿ-ն կարող է մեղմել նաեւ այլ ախտորոշումներով հիվանդների վիճակը: Վիջիլի եւ նրա գործընկերների հետազոտությունը, սակայն, հիվանդների սուբյեկտիվ գնահատման հիման վրա կանաբիսի արդյունավետության առաջին ծավալուն հետազոտությունն է:

Հեղինակները նշում են, որ ազդեցության այնպիսի լայն սպեկտր, ինչպիսին կանաբիսն ունի, չունի եւ ոչ մի հայտնի դեղամիջոց. հավելվածի հավաքած տվյալների համաձայն՝ ՏՀԿ պարունակող պատրաստուկների օգտագործումը մեղմում է 27 ախտանիշներ, ընդ որում՝ դրական կողմնակի էֆեկտները (թուլացում, հանգստություն, ընդհանուր լավ ինքնազգացողություն) շատ ավելի հաճախ ու ուժգին են արտահայտվում, քան բացասականները (տագնապայնություն, գլխացավ):

Հետազոտության արդյունքների վերաբերյալ երկու հոդվածները հրապարակվել են Medicines-ում եւ Frontiers in Pharmacology-ում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել