• Latest news

Մաքրող միջոցները հանգեցնում են երեխաների ճարպակալման

19 սեպտեմբերի, 2018  16:31

Տան մաքրության ժամանակ ախտահանող միջոցների օգտագործումը կարող է փոխել երեխաների աղիների միկրոֆլորան եւ ճարպակալման պատճառ դառնալ, պարզել են Կանադայի Ալբերտի համալսարանի գիտնականները: Նրանք կոչ չեն անում ամբողջությամբ հրաժարվել ախտահանող միջոցների օգտագործումից, սակայն խորհուրդ են տալիս կրճատել դրանց գործածության հաճախականությունը, հաղորդում է Canadian Medical Association Journal-ը:

Ավելի վաղ պարզվել էր, որ ճարպակալմամբ տառապող դեռահասների մեզի մեջ տրիկլոզանի՝ հակաբակտերիալ եւ հակասնկային նյութի բարձր մակարդակ է նկատվում: Այն ակտիվորեն օգտագործվում է մաքրող եւ լվացող, ինչպես նաեւ անձնական հիգիենայի միջոցներում՝ օճառում եւ դեզոդորանտում: Խոճկորների մասնակցությամբ փորձերը նաեւ ցույց են տվել, որ ախտահանող միջոցներ պարունակող սփրեյները հանգեցնում են աղիների միկրոֆլորայի փոփոխության: Այս տվյալները հետազոտողներին ստիպել են պարզել, թե ախտահանող միջոցներն ինչպես են ազդում երեխաների վրա:

Գիտնականները վերլուծել են 3-4 ամսական 757 երեխաների աղիների միկրոֆլորայի նմուշները, ինչպես նաեւ պարզել՝ արդյո՞ք նրանց ծնողները տան մաքրության ժամանակ մաքրող եւ ախտահանող միջոցներ օգտագործել են: Նրանց հաջողվել է արտահայտիչ կապ գտնել ախտահանող միջոցների օգտագործման, երեխաների միկրոֆլորայի մանրէաբանական կազմում փոփոխությունների եւ 1-3 տարեկանում նրանց մարմնի զանգվածի փոփոխության միջեւ: Միաժամանակ, էկոլոգիապես մաքուր միջոցները չեն մեծացրել ճարպակալման զարգացման վտանգը:

«Այն երեխաների մոտ, որոնց տանը շաբաթական մեկ անգամ ախտահանող միջոցներ են օգտագործում, 3-4 ամսականում միկրոֆլորայում Lachnospiraceae բակտերիաների պարունակությունը երկու անգամ ավելին է եղել,- պատմել է հետազոտության հեղինակներից Անիտա Կոզիրսկին: - Երբ նրանք երեք տարեկան են դարձել, նրանց մարմնի զանգվածի ինդեքսը եղել է ավելին, քան այն երեխաներինը, որոնք այդքան հաճախ չեն ենթարկվել ախտահանող միջոցների ազդեցությանը»:

Անիտա Կոզիրսկին կոչ չի անում հրաժարվել ախտահանող միջոցներից, սակայն նշում է, որ պետք չէ չարաշահել դրանք:

Նորածինների մոտ միկրոֆլորայում փոփոխությունները, պարզվել է, կապված են հենց ախտահանող միջոցների հետ. մնացյալ մաքրող եւ լվացող միջոցները դրա վրա չեն ազդել: Բացի Lachnospiraceae բակտերիաների թվի աճից, այդ երեխաների մոտ նաեւ միկրոֆլորայում Haemophilus եւ Clostridium բակտերիաների թվի նվազում է նկատվել:

«Մենք պարզեցինք, որ ախտահանող միջոցների ամենօրյա օգտագործումը երեխաների մոտ զգալիորեն մեծացնում է աղիների միկրոֆլորայում Lachnospiraceae ընտանիքի մանրէների թվի ավելացման եւ ճարպակալման զարգացման վտանգը»,- ամփոփել են հետազոտության հեղինակները:

Հետազոտողները, միաժամանակ, նշում են, որ էկոլոգիապես մաքուր մաքրող միջոցների օգտագործումը լրացուցիչ չի նվազեցնում ճարպակալման վտանգը: Նրանք դա կապում են այն հանգամանքի հետ, որ այն երեխաների մայրերը, որոնց ընտանիքում նման միջոցներ են օգտագործվում, ընդհանուր առմամբ, մինչեւ հղիությունը հակված են ավելի առողջ կենսակերպի, եւ երեխաները նրանցից առողջ միկրոֆլորա են ժառանգում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել