• Latest news

ՀՀ–ում իրականացվում է էխինակոկոզի տարածվածության որոշում. Ի՞նչ պետք է իմանալ այդ հիվանդության մասին

21 սեպտեմբերի, 2018  20:35

ՀՀ ԱՆ «Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը 2018 թվականին իրականացնում է «Հայաստանի Հանրապետության քաղաքային մեծահասակ բնակչության շրջանում էխինակոկոզի տարածվածության որոշում» սկրինինգային ծրագիր, որի իրականացման համար անհրաժեշտ է արյան նմուշառում բժշկական կազմակերպություն դիմած այն անձանցից, որոնց մոտ մինչեւ ընթացիկ հետազոտությունը «էխինակոկոզ» ախտորոշում չի գրանցվել։ Բժշկական կազմակերպություններում արյան նմուշառումը կիրականացվի հիվանդների տեղեկացված համաձայնությամբ։ Այս մասին NEWS.am Medicine-ին հայտնեց համաճարակաբան Կարինե Գեւորգյանը։

Ինչպես տեղեկացրեց մասնագետը, նախատեսվում է արյան նմուշները ՀՀ ԱՆ ՀՎԿԱԿ ՊՈԱԿ-ի «Ռեֆերենս լաբորատոր կենտրոն» մասնաճյուղում անվճար հետազոտել էխինակոկոզի նկատմամբ իմունաֆերմենտային (ԻՖԱ) մեթոդով: Հետազոտությունների արդյունքները կտրամադրվեն կազմակերպություններին՝ իմունաֆերմենտային հետազոտության դրական արդյունքով անձանց շրջանում հետագա ախտորոշիչ գործիքային հետազոտություններ իրականացնելու եւ հիվանդների կոնսերվատիվ բուժումը կազմակերպելու համար:

«Ծրագրի իրականացումը կնպաստի բնակչության շրջանում էխինակոկոզի իրական վարակվածության բացահայտմանը, դեպքերի վաղ հայտնաբերմանը, վարակված անձանց կոնսերվատիվ բուժման ուղղորդմանն ու վիրահատական դեպքերի նվազեցմանը։ Նաեւ՝ ծրագրի արդյունքները հիմք կհանդիսանան էխինակոկոզի համաճարակաբանական հսկողությունը բարելավելու համար», – ասաց նա։

Ի՞նչ պետք է իմանալ էխինակոկոզ հիվանդության մասին

Էխինակոկոզ հիվանդությունը հարուցվում է Echinococcus granulosus (Էխինոկոկուս գրանուլոզուս՝ բշտային էխինակոկոզ) կամ Echinococcus multilocularis (Էխինոկոկուս մուլտիլոկուլարիս՝ ալվեոկոկոզ) տափակ որդերով, հիվանդությունները միացվել են համաճարակաբանական եւ կլինիկական ախտանշանների նմանությամբ:

Էխինակոկոզը բիոհելմինթոզ է, որի հարուցիչը՝ E.granulosus որդը, սեռական հասունացման փուլում մակաբուծում է վերջնական տիրոջ՝ շների, գայլերի, բորենիների, աղվեսների բարակ աղիքում, իսկ թրթուրային փուլում՝ գյուղատնտեսական կենդանիների եւ մարդու օրգանիզմում, որոնք հանդես են գալիս որպես միջանկյալ տերեր:  Շները վարակվում են,  երբ էխինակոկոզով հիվանդ գյուղատնտեսական կենդանիների մսեղիքը առանց եփելու գցում են շներին: Քանի որ շները (ի տարբերություն կատուների) չեն թաղում իրենց արտաթորանքը հողում, իսկ բնակչությունը սովորություն չունի զբոսանքի ժամանակ հավաքելու շների արտաթորանքը, վարակված շունը արտազատելով մեծ թվով հասունացած ձվիկներ, բաղարկում է արտաքին միջավայրը։ Մարդը վարակվում է հելմինթի ձվիկներով բաղարկված ջրի, հողի, սննդի, ինչպես նաեւ՝  կենդանիների հետ շփման միջոցով, իսկ   կենդանիները՝  հելմինթի ձվիկներով բաղարկված խոտի միջոցով։  Կարեւոր է նաեւ հիշել, որ շների խնամք իրականացնողների կողմից ոչ միշտ է իրականացվում շների հելմինթազերծում։

Էխինակոկոզ հիվանդությանը վերաբերող իրավիճակը երկրում հետեւյալն է․ Հայաստանի Հանրապետությունում գրանցվում եւ հաշվառվում են էխինակոկոզի միայն վիրահատական դեպքերը (տարեկան շուրջ 80 դեպք), այսպիսով՝ երկրում հիվանդացության վիճակագրությունը բացակայում է։ Դեպքի վարման կանոնակարգումը կնպաստի  հիվանդության վաղ հայտնաբերմանը եւ ախտորոշմանը, թույլ կտա ճիշտ որոշում կայացնել կոնսերվատիվ կամ վիրահատական բուժման վերաբերյալ՝ նվազեցնելով վիրահատական դեպքերի թիվը։

Էխինակոկոզ հիվանդությունը զարգանում է տարիների ընթացքում դանդաղ, շատ անգամ առանց ախտանշանների։ Հիվանդության կլնիկական պատկերը  պայմանավորվում է  էխինակոկային բշտի չափսերով եւ տեղակայումով։ Առավել հաճախ հանդիպում է լյարդի եւ թոքի էխինակոկոզը, բայց հնարավոր են նաեւ այլ տեղակայումներ։ Լյարդի էխինակոկոզը արտահայտվում է ընդհանուր երեւույթներով՝ ախորժակի անկում, աշխատունակության կորուստ, քաշի կորուստ, գլխացավեր, հեւոց, սրտխփոց, ծանրություն ստամոքսի շրջանում։ Նկարագրվում են նաեւ սրտխառնոց, փսխում եւ դիարեա։ Առանձին դեպքերում լինում է ջերմաստիճանի բարձրացում եւ եղնջացան։ Զարգանում է լյարդի ախտահարման պատկեր՝ ծանրություն, ճնշում, ցավեր աջ զստափոսում, լյարդի մեծացում (հիվանդության ուշացած փուլերում  բուշտը  կարող է հասնել մեծ չափսերի),  լյարդը կարծրանում է, ցավոտ է զննման ժամանակ։ Եզակի դեպքերում հնարավոր է մաշկի դեղնություն։ Թոքերի էխինակոկոզը արտահայտվում է հազով, փրփուրանման խորխով, հաճախ՝ արյան հետքերով։  Բշտի զարգացման հետ մեկտեղ, երբ ճնշվում է թոքերի հյուսվածքը, բրոնխները, անոթները, զարգանում է հեւոց, առաջ են գալիս ցավեր կրծքավանդակում, թաց եւ չոր խզզոցներ՝ թոքերում։ Էխինակոկոզի բշտի այլ տեղակայումների ժամանակ, բշտի մեծությունից կախված, նկարագրվում են ախտահարված հյուսվածքին բնորոշ խանգարումներ։

Ալվեոկոկոզի դեպքում կլինիկական նկարագրում առկա է չբարդացած շրջան (բութ, ձգող, հազվադեպ՝ նոպայաձեւ ցավեր աջ թուլակողում կամ էպիգաստրալ շրջանում): Հնարավոր է շոշափել մակաբուծային հանգույցը՝ Լյուբիմովի ախտանիշ՝ «քարե, երկաթե լյարդ»: Հիվանդության ախտանշանների արտահայտված փուլը պայմանավորված է մակաբուծային ախտահարման ծավալով, տեղակայումով եւ բարդությունների բնույթով (մակաբուծային հանգույցների քայքայում, սերտաճում հարեւան օրգանների հետ, դեղնուկի զարգացում, պորտալ կամ խոռոչային հիպերտենզիայի զարգացում, մետաստազների առաջացում այլ հյուսվածքներում):

Բժիշկները կասկածում են էխինակոկոզ, եթե առկա է համաճարակաբանական կապ՝ հիվանդը գտնվել է բարձր էնդեմիկությամբ տարածքում, նշում է շփում շնազգիների հետ, մասնակցել է ասենիզացիոն կամ դաշտերի ոռոգման աշխատանքներին, բնակավայրում սանիտարահիգիենիկ վիճակը բավարար չէ, հիվանդի մոտ առկա են վատ սովորություններ (մասնավորապես երեխաների մոտ՝ գեոֆագիան)։ Ախտորոշումը ճշտելու համար բժիշկը նշանակում է գործիքային հետազոտություններ (ֆիզիկական, ճառագայթային մեթոդներով) էխինակոկային բշտի հայտնաբերման համար եւ անհրաժեշտության դեպքում՝ շճաբանական հետազոտություններ (իմունաֆերմենտային (ԻՖԱ), լատեքս-ագլյուտինացիայի, այլ), որոնք լրացուցիչ դեր են խաղում։ Բիոպսիայի մեթոդը կիրառվում է ուռուցքներից եւ թարախաբորբերից (աբսցես) էխինակոկոզի տարբերակիչ ախտորոշման համար:  

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել