• Latest news

Կյանքի տեւողությունը երկարացնելու 5 արդյունավետ միջոց

24 սեպտեմբերի, 2018  22:37

Ամեն տարի գիտնականները գեներ են հայտնաբերում, որոնք կապված են օրգանիզմում ծերացման պրոցեսների հետ: Սակայն գլոբալ հետազոտությունները ցույց են տալիս, որ մարդու կյանքի երկարատեւությունը միայն գենետիկայից չի կախված: Երբեմն վատ ժառանգականությունից ավելի կարեւոր են ճիշտ սնվելը եւ կենսակերպը:

Որքան քիչ ուտես, այնքան երկար կապրես

Գրեթե 30 տարի առաջ ԱՄՆ Վիսկոնսին նահանգի Պրիմատների հետազոտության ազգային ինստիտուտի եւ Դիքերսոնի Ծերացման ազգային ինստիտուտի գիտնականների երկու անկախ խմբերը միատեսակ փորձեր են իրականացրել. նրանք ռեզուս-մակակների խմբեր են հավաքել եւ սկսել նրանց կերակրել  ցածրկալորիական մթերքներով՝ սահմանափակելով չափաբաժինների քանակությունը: 20 տարվա դիտումներից հետո ուղղակիորեն հակառակ արդյունքներ են ստացվել:

Առաջին դեպքում ցածրկալորիական սննդակարգով կերակրված կապիկները ստուգիչ խմբի կենդանիներից զգալիորեն ավելի երկար են ապրել եւ ավելի հազվադեպ են մահացել դիաբետի, քաղցկեղի եւ սիրտ-անոթային հիվանդությունների հետեւանքով: Ծերացման ազգային ինստիտուտից նրանց ցեղակիցների բախտն ավելի քիչ էր բերել՝ չնայած նրանք նույնպես ստուգիչ խմբի պրիմատներից ավելի առողջ էին, ապրել են գրեթե նույնքան:

Վեճը լուծվել է, երբ գիտնականները իրենց ջանքերը միավորել են: Պարզվել է, որ տարեց տարիքի են հասել այն մակակները, որոնց ցածրկալորիական սննդակարգով են կերակրել մեծահասակ տարիքում: Նույն կապիկները, որոնց սնունդը սահմանափակել էին վաղ մանկությունից, ապրել են գրեթե նույնքան, որքան սովորական կենդանիները:

Հետազոտողների ենթադրությամբ՝ այս արդյունքները կիրառելի են նաեւ մարդու համար:

Բուժական քաղցածություն

Բոստոնի Տ. Խ. Չանի անվան Հանրային առողջության Հարվարդի դպրոցի (ԱՄՆ) գիտնականները խորհուրդ են տալիս պարբերաբար քաղցած մնալ: Վերջերս կատարած նրանց հետազոտության համաձայն՝ սնունդից ժամանակավորապես հրաժարվելը բարելավում է բջիջներում էներգետիկ փոխանակության պրոցեսները եւ թույլ տալիս լավ վիճակն ավելի երկար պահպանել: Այլ կերպ ասած՝ կանոնավոր ոչ երկարատեւ քաղցածությունը ծերացումը դանդաղեցնում է:

Հետազոտողներն այսպիսի եզրակացության են հանգել հիմնովին ուսումնասիրելով Caenorhabditis elegans կլոր որդերի օրգանիզմում նյութափոխանակությունը: Պարզվել է, որ որդերի սրընթաց ծերացման պատճառներից մեկը (այս կենդանիները 2 շաբաթից ավելի չեն ապրում) միտոքոնդրիումների աշխատանքում խախտումներն են, որոնք պատասխանատու են բջջի էներգետիկայի համար: Սակայն եթե օգտագործվող կալորիաների քանակությունը պարբերաբար նվազեցվի մինչեւ նվազագույն, ապա միտոքոնդրիումները կարող են ավելի երկար աշխատել ճիշտ ռեժիմում, ինչն իր հերթին կդանդաղեցնի տարիքային փոփոխությունները:

Ֆիզկուլտուրայի 150 րոպե

Ավելի երկար ապրելու արդյունավետ միջոց է ակտիվ կենսակերպ վարելը եւ հնարավորինս շատ ոտքով քայլելը, նշում են Մակմաստերի համալսարանի (Կանադա) գիտնականները: Նրանք երկար ժամանակ հետեւել են աշխարհի 17 երկրից 130 հազար մարդկանց՝ մշտապես թարմացնելով նրանց առողջության, սոցիալական եւ տնտեսական վիճակի եւ կենսակերպի մասին տվյալները:

Յոթ տարի հետո պարզվել է, որ նրանք, ովքեր ֆիզիկական վարժություններին օրական կես ժամ են հատկացրել, 20 տոկոսով ավելի հազվադեպ են տառապել սիրտ-անոթային հիվանդություններով, իսկ վաղաժամ մահվան հավանականությունն այս խմբում 28 տոկոսով ցածր է եղել, քան հետազոտության մնացյալ մասնակիցների շրջանում: Էլ ավելի լավ էին այն կամավորների ցուցանիշները, որոնք սպորտի վրա շաբաթական 750 րոպե էին ծախսել՝ նրանց շրջանում երիտասարդ տարիքում մահանալու հավանականությունը 36 տոկոսով էր նվազել:

Սիդնեյի համալսարանի գիտնականները վերլուծելով 50 հազար մարդկանց բժշկական հետազոտությունների արդյունքները՝ հայտնաբերել են, որ դանդաղ զբոսանքները նախընտրող մարդկանց շրջանում վաղաժամ մահվան հավանականությունը 24 տոկոսով բարձր է, քան նրանց շրջանում, ովքեր առույգ են քայլում: Այս տարբերությունն առավել պարզորոշ է տարեցների շրջանում՝ 60 տարեկանից հետո սրտի կամ գլխուղեղի կաթվածից մահանալու հավանականությունը 53 տոկոսով ցածր է նրանց շրջանում, ովքեր արագ են քայլում:

Ուսուցումը կյանք է

2017 թվականին բրիտանացի գիտնականները որոշել են պարզել, թե մարդու կյանքի տեւողությունը որքանով է կախված գենետիկ եւ սոցիալական գործոններից: Գիտնականների տրամադրության տակ են եղել Եվրոպայի տարբեր հատվածներից 600 հազար մարդկանց գենոմների մասին ահռելի ծավալով տվյալները, որոնք երբեւէ մասնակցել են գենետիկ հետազոտությունների: Մանրակրկիտ վերլուծությունից հետո հաստատվել է, որ առողջությունը վնասող գործնականում բոլոր վնասակար սովորությունները որոշվում են ոչ միայն ԴՆԹ-ով: Ավելին՝ օրինակ, ծխելու բացասական արդյունքը վերացել է ավելի առողջ կենսակերպի անցնելու դեպքում:

Պարզվել է, որ կյանքի տեւողությունը բավական ուժեղ է կախված կրթության մակարդակից: Քոլեջում կամ համալսարանում սովորելու յուրաքանչյուր տարին մարդու կյանքի տեւողությանը հավելում է լրացուցիչ 11 ամիս: Գիտնականների կարծիքով՝ բարձրագույն կրթությունը մարդկանց օգնում է ավելի ճիշտ սնվել եւ վնասակար սովորություններից կախվածություն չունենալ:

Ծերության դեմ կախարդական հաբ

Մարդկությունն արդեն քանի հարյուրամյակ երազում է երիտասարդության էլիքսիրի մասին, եւ հիմա գիտնականներն ընդհուպ մոտեցել են դրա ստեղծմանը: Մարշալի համալսարանի (ԱՄՆ) աշխատակիցները հուլիսին պատմել են հատուկ ֆերմենտի մասին, որի ներարկումները մեծացրել են լաբորատոր մկների կյանքի տեւողությունը: Խոսքը նատրիում-կալիումային ադենոզինտրիֆոսֆատազի մասին է՝ նյութ, որը կարեւոր դերակատարում ունի թթվածնի ակտիվ ձեւերի սինթեզի մեջ: Կենսաբանները մեկ տարի շարունակ կրծողներին կերակրել են ածխաջրերի մեծ պարունակությամբ յուղոտ սնունդով (այսպիսի սննդակարգը բերում է ծերացման արտաքին նշանների արագ հայտնվելուն): Ընդ որում՝ կենդանիների մի մասը կանոնավոր կերպով ստացել է նատրիում-կալիումային ադենոզինտրիֆոսֆատազի ներարկումներ, եւ փորձի վերջում նրանք թերապիա չստացած իրենց փորձարարական ցեղակիցներից զգալիորեն ավելի երիտասարդ տեսք ունեին:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել