• Latest news

Վահանաձեւ գեղձի վիրահատություն՝ առանց պարանոցի վրա սպիների. պատմում է իտալացի վիրաբույժը

27 սեպտեմբերի, 2018  21:02

Կանանցից շատերին է վախեցնում վահանաձեւ գեղձի վիրահատությունը, քանի որ դրանից հետո պարանոցին սպիներ են մնում։ Կորեացի գիտնականները գտել են այս խնդրի լուծումը. նրանք կտրվածքն անում են ոչ թե պարանոցին, այլ... թեւատակի հատվածում։

Էնդոկրինային վիրաբույժ Գաբրիելե Մատերացին (Իտալիա) սակավաթիվ մասնագետներից մեկն է, որը Եվրոպայում նման վիրահատություններ է կատարում։ NEWS.am Medicine–ի թղթակցի հետ զրույցում նա պատմեց թեւատակից հասանելիությամբ տրիեոիդէկտոմիայի (վահանաձեւ գեղձի ամբողջական կամ մասնակի հեռացում) առանձնահատկությունների մասին։

Գաբիրելե Մատերացին ահա արդեն 6 տարի թեւատակից հասանելիությամբ տրիեոիդէկտոմիա է անցկացնում եւ այս ընթացքում կատարել է ավելի քան 400 վիրահատություն։

Մասնագետի խոսքով՝ այսպիսի առաջին վիրահատությունը կատարել են 2009 թվականին Հարավային Կորեայում. ինչպես հայտնի է, կորեուհիներն իրենց արտաքինին մեծ ուշադրություն են հատկացնում եւ չեն ցանկանում երեւացող տեղում սպիներ ունենալ, ուստի կորեացի վիրաբույժները տրիեոիդէկտոմիայի նոր եղանակ մտահղացան։ Պարանոցի վրա ոչ մի կտրվածք չեն անում. կտրվածքը կատարվում է թեւատակի շրջանում, որտեղից մասնագետը էնդոսկոպիական գործիքներով հասնում է մինչեւ վահանաձեւ գեղձ։

Վիրահատությունն ինքնին տեխնիկապես ավելի բարդ է համարվում, քան սովորական տրիեոիդէկտոմիան, քանի որ անհրաժեշտ են նաեւ էնդոսկոպիայի հմտություններ, դրանից բացի՝ նման վիրահատությունների ժամանակ հաճախ օգտագործում են հատուկ «ռոբոտների», որոնք դյուրացնում են վիրահատության կատարումը, բայց որոնց հետո նույնպես պետք է կարողանալ ճիշտ աշխատել։ Բացի այդ՝ թեւատակից հասանելիությամբ տրիեոիդէկտոմիան սովորական տրիեոիդէկտոմիայից ավելի թանկարժեք է։

Վիրահատությունը տեւում է մոտ 1,5 ժամ, եթե այն կատարում է փորձառու մասնագետ եւ անցկացվում է նարկոզի օգտագործմամբ։

Ինչ վերաբերում է բարդություններին, ապա հիվանդներից մոտ 2 տոկոսի մոտ վիրահատությունից հետո մաշկի վրա կապտուկներ են մնում, որոնք, սակայն, 2 շաբաթ հետո անցնում են։ Հնարավոր են նաեւ այլ բարդություններ, օրինակ՝ եթե վնասվեն նյարդերը կամ մկանները, հիվանդը որոշ ժամանակ կդժվարանա թեւը շարժել, սակայն ժամանակի ընթացքում շարժունակությունը վերականգնվում է։ Տեսականորեն հնարավոր է անզգուշորեն վնասել նաեւ պարանոցի անոթները, սա կարող է հիվանդի մոտ արյունահոսություն առաջացնել։ Սակայն այս բոլոր բարդությունները չափազանց հազվադեպ են պատահում, եւ մեծ մասամբ դրանցից խուսափելը դժվար չէ՝ անհրաժեշտ է պարզապես զգույշ լինել, նշեց մասնագետը։

«Ես արդեն այդպիսի ավելի քան 400 վիրահատություն եմ կատարել, եւ ոչ մի անգամ ինձ մոտ այդպիսի խնդիրներ չեն առաջացել։ Այսպես ասեմ՝ եթե վիրահատությունը զգույշ կատարվի, բարդություններն ավելին չեն լինի, քան սովորական տրիեոիդէկտոմիայի ժամանակ»,– ասաց Գաբրիելե Մատերացին։

Գաբրիելե Մատերացին Հայաստան է եկել մասնակցելու համատեղ կոնգրեսին (Վիրաբույժների եվրոպական միության XXII տարեկան համագումար եւ Վիրաբույժների հայկական ասոցիացիայի IV կոնգրես), որը նվիրված է վիրաբուժության արդիական խնդիրներին։ Վաղը՝ սեպտեմբերի 28–ին, նա հանդես կգա թեւատակից հասանելությամբ տրիեոիդէկտոմիայի մասին դասախոսությամբ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել