• Latest news

Արա Բաբլոյանը մտահոգություն հայտնեց՝ կապված ՀՀ-ում կաթվածով հիվանդների ախտորոշման եւ բուժման Res-Q ռեգիստրի տվյալների հետ (ֆոտո)

28 սեպտեմբերի, 2018  13:01

Երեւանում սեպտեմբերի 28-ին իր աշխատանքը սկսեց նյարդաբանության խնդիրներին նվիրված BRAIN-2018 միջազգային գիտաժողովը: Միջոցառմանը մասնակցում են ոլորտի համակարգողներ Հայաստանից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Կանադայից, Գերմանիայից եւ Շվեյցարիայից:

Գիտաժողովի բացման ժամանակ «Էրեբունի» ԲԿ նյարդաբանության եւ նյարդավիրաբուժության ծառայության գծով տնօրեն Նունե Եղիազարյանը ներկայացրեց Res-Q ռեգիստրի տվյալների վրա հիմնված հետազոտության տվյալները: Հայաստանը՝ նյարդաբանության 4 խոշոր բաժանմունքների կազմով Res-Q-ին է միացել  2016 թվականին: Ընթացիկ տարում Res-Q-ում գրանցվող տվյալներին են ներգրավվել երկրի եւս 2 նյարդաբանական կլինիկաներ:

2018 թվականին ռեգիստրում հավաքվել են 201 հիվանդի տվյալները, որոնց միջին տարիքը 69 տարեկանն է: Գրանցված հիվանդների 57.2 տոկոսը տղամարդիկ են, 97 տոկոսը բուժում է ստացել վերակենդանացման բաժանմունքում: Հիվանդների գերակշիռ մեծամասնության՝ 78 տոկոսի մոտ ախտորոշվել է իշեմիկ կաթված:

Եղիազարյանի խոսքով՝ հայտնաբերվել են անորոշ պատճառով կաթվածի բավականին տպավորիչ ցուցանիշներ, ինչը վկայում է, որ հիվանդները պատշաճ կերպով չեն հետազոտվել:

Հիվանդների միայն 71 տոկոսն է հոսպիտալացման առաջին ժամվա ընթացքում անցել ՀՏ կամ ՄՌՏ հետազոտություն, իսկ հիվանդների 6 տոկոսին այս հետազոտությունները չեն նշանակվել: Որոշ հիվանդանոցներում, փաստորեն, չեն անցկացվել դիսֆագիայի ստուգման (կլլման ֆունկցիաների խանգարումներ) հետազոտություններ կամ էլ հիվանդի հետագա վերականգնման հետազոտություններ: Մինչդեռ ռեգիստրին միացած մյուս հիվանդանոցներում այս հետազոտությունները նշանակվել են գրեթե 100 տոկոս դեպքերում:

Որոշ հիվանդանոցներում հակաագրեգանտների նշանակումը հասնում է 100 տոկոսի, ինչը, Եղիազարյանի խոսքով, տարօրինակ է թվում: Հիվանդների կեսից ավելին շողացող առիթմիայի դեպքում հակակոագուլյանտներ չի ստանում:

Դեպքերի մեծ մասում հիվանդները ստացիոնարում 8 օր են բուժում ստանում, որից հետո հիմնականում տուն են ուղարկվում: Չնչին տոկոս են կազմում այն հիվանդները, որոնց ուղարկում են վերականգնողական կլինիկաներ:

Եղիազարյանը տեղեկացրեց, որ ռեգիստրում ներառված հիվանդանոցներում կաթվածով հիվանդների մահացության միջին ցուցանիշը կազմել է 20 տոկոս:

Միջազգային գիտաժողովին  մասնակցող ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը նշեց, որ հետազոտության արդյունքները մտահոգություն են հարուցում: Նրա խոսքով՝ անհրաժեշտ է հասկանալ, թե կոնկրետ ինչ քայլեր է անհրաժեշտ կատարել իրավիճակը փոխելու համար, այդ թվում՝ կաթվածի կանխարգելման եւ վաղ հայտնաբերման տեսակետից: Բաբլոյանը նշեց նաեւ միասնական ստանդարտների եւ ուղեցույցների մշակման կարեւորությունը:

Հայաստանի Նյարդաբանների ասոցիացիայի ղեկավար Գուրգեն Հովհաննիսյանը NEWS.am-ի հետ զրույցում բացասական գնահատեց այն փաստը, որ Հայաստանում կաթվածով հիվանդների մեծ մասը տուն է ուղարկվում, այլ ոչ վերականգնողական կենտրոններ: Դա, սակայն, իր պատճառն ունի. հանրապետությունում վերականգնողական հարցերով զբաղվում է միայն «Արթմեդ» վերականգնողական բժշկական կենտրոնը եւ Կարմիր խաչի հայկական միության միջազգային վերականգնողական կենտրոնը:

Դրանից բացի, վերականգնումը թանկ «հաճույք» է, եւ շատերը պարզապես չեն կարող դա իրենց թույլ տալ:

Մեկնաբանելով հետազոտության արդյունքները՝ Հովհաննիսյանը նշեց, որ հիվանդանոցները տարբեր մոտեցում ունեն կաթվածով հիվանդների բուժմանը՝ կապված հետազոտության եւ բուժման միասնական ուղեցույցի բացակայության հետ: Բացասական կողմերից է նաեւ այն, որ համակարգչային տոմոգրաֆիան հասանելի է միայն Երեւանում եւ մի քանի մարզերում, ինչը դժվարացնում է հեռավոր մարզերում հիվանդների ախտորոշումը:

BRAIN 2018 միջազգային գիտաժողովը, որը նվիրված է նյարդաբանության եւ նյարդավիրաբուժության արդիական խնդիրներին, իր աշխատանքը կավարտի սեպտեմբերի 30-ին:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել