• Latest news

Հայաստանում միջոցառումների շարք կանցկացվի՝ Տեսողության համաշխարհային օրվա կապակցությամբ

11 հոկտեմբերի, 2018  13:18

Հոկտեմբերի 2-րդ հինգշաբթին նշվում է որպես Տեսողության համաշխարհային օր։ Այս տարի Տեսողության համաշխարհային օրվա միջոցառումներն անցկացվում են «Ակնային խնամք ամենուր» կարգախոսի ներքո՝ նպատակ ունենալով խրախուսել տեսողության խնդիրների հանդեպ հասարակության ուշադրության բարձրացումն ամենուր։

«Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական հիմնադրամը (ՀԱՆ ԲՀ) այդ կապակցությամբ հայտարարում է միջոցառումների միամսյակ: Յուրաքանչյուր շաբաթ կկազմակերպվի մեկ միջոցառում՝ ուղղված ակնային խնդիրների վաղ բացահայտմանը եւ բուժմանը, ինչպես նաեւ աչքի խնամքի մասին տեղեկատվության տարածմանը։

Միջոցառումների միամսյակը կմեկնարկի Արմավիրի մարզի Արմավիր գյուղում բնակչության անվճար ակնային զննումներով։ Բացի ընդհանուր ստուգումից, Շաքարախտի համաշխարհային հիմնադրամի հետ իրականացվող «Հայաստանում կուրության կանխարգելում շաքարախտային ռետինոպաթիայից» եռամյա ծրագրի շրջանակներում շաքարային դիաբետ ունեցողների ակնահատակը կլուսանկարվի արդի տեխնոլոգիաներով՝ նպատակ հետապնդելով ժամանակին ախտորոշել եւ կանխարգելել շաքարախտով պայմանավորված ակնային հիվանդություններից առաջացող կուրությունը։

Միամսյակի ընթացքում ակնային խնամքի վերաբերյալ իրազեկման միջոցառում կանցկացվի երիտասարդության շրջանում, մասնավորապես՝ հանդիպում կկազմակերպվի «Ռեստարտ» քաղաքացիական ուսանողական նախաձեռնության ներկայացուցիչների հետ՝ քննարկելու ակնային խնամքի եւ առողջ ապրելակերպի հիմնական դրույթները, քննարկման ավարտին կիրականացվի ակնային զննում։

Մեկ այլ նախաձեռնություն նախատեսված է ՀՀ կրթության եւ գիտության նախարարության հետ. կազդարարվի դպրոցականների շրջանում տեսողության ստուգման ծրագրի մեկնարկը եւ «Ավետիս» երեխաների առողջության խնամքի հարթակի գործարկումը։ «Ավետիս»-ը նորարարական գործիք է, որը հասանելի է լինելու դպրոցի բժշկական անձնակազմին, ծնողներին եւ մանկաբույժներին՝ ավելի արդյունավետ դարձնելու երեխաների ակնային խնամքով հետաքրքրված անձանց համագործակցությունը։

Մշտապես ուշադրության կենտրոնում պահելով հասարակության՝ սոցիալապես խոցելի խմբերի ներկայացուցիչների ակնային խնամքը՝ ակնային զննումներ կիրականացվեն «Առաքելություն Հայաստան» հասարակական կազմակերպության շահառուների շրջանում, անհրաժեշտության դեպքում անվճար բուժում՝ լազերային միջամտություն կամ վիրահատություն կիրականացվի։

«Կարեւորելով հասարակության լայն շրջանում ակնային խնդիրների վերաբերյալ տեղեկատվության տարածումը եւ ակնաբույժների եւ հասարակության հետ գործակցութամբ ձեռքբերովի կուրության կանխարգելումը՝ Հայկական ակնաբուժության նախագիծը 2004թ.-ից Հայաստանում ամեն տարի տոնում է Տեսողության համաշխարհային օրը՝ իրազեկման եւ ակնաբուժական տարատեսակ միջոցառումներով։ Այս տարվա կարգախոսին համահունչ՝ իրականացնում ենք ծրագրեր ինչպես դպրոցականների ու երիտասարդների, այնպես էլ տարեցների շրջանում՝ ուշադրության կենտրոնում պահելով ոչ միայն մայրաքաղաքի, այլ նաեւ մարզերի բնակչությանը», - ասաց Հայկական ակնաբուժության նախագծի հայաստանյան գրասենյակի տնօրեն Նունե Եղիազարյանը:

Ըստ Կուրության կանխարգելման միջազգային գործակալության տվյալերի, աշխարհի բնակչության շուրջ 3.37 տոկոսը՝ 253 մլն մարդ ունի տեսողության խանգարում, որից 36 մլն-ը կույր է, իսկ եւս 217մլն-ն ունի տեսողության միջին և ծանր աստիճանի  խանգարում (2015 թվականի տվյալ): Կուրության և տեսողության միջին ու ծանր աստիճանի խանգարումների դեպքերից 124 մլն-ը ունեն աչքի լուսաբեկման ոչ ճշգրտված խախտում, իսկ 65 մլն-ի մոտ տեսողության խանգարումը պայմանավորված է կատարակտով: Թվարկված դեպքերի 75 տոկոսը հաղթահարելի է, այսինքն դրանք հնարավոր է բուժել կամ կանխարգելել: Տեսողության խանգարմամբ բնակչության 89 տոկոսը կենտրոնացած է զարգացող, ցածր եկամուտ ունեցող երկրներում: Տեսողության միջին և ծանր աստիճանի խանգարում ունեցող անձանց 55 տոկոսը կանայք են: Տեսողության խանգարման հիմնական ամենատարածված պատճառներն աշխարհում հետեւյալն են՝ աչքի լուսաբեկման խախտումները, կատարակտ եւ գլաուկոմա: Իսկ կուրության պարագայում դրանք են՝ կատարակտը, գլաուկոման եւ տարիքային մակուլյար դեգեներացիան: Ինֆեկցիոն հիվանդություններով պայմանավորված տեսողական խնդիրներ ունեցող անձանց քանակը զգալիորեն նվազել է վերջին 20 տարիների ընթացքում:

ՀԱՆ ԲՀ-ն 1992թ.-ից ի վեր ՀՀ առողջապահության նախարարության հետ գործակցությամբ ակնաբուժական բարեգործական ծառայություններ է մատուցում Հայաստանի բնակչությանը։ «Լույս հայի աչքերին» ծրագրի շրջանակներում 2003թ.-ց այն իրականացրել է ավելի քան 400.000 ակնային ստուգում, կատարել է շուրջ 25.000 ակնային վիրահատություն եւ լազերային միջամտություն, բաժանել է ավելի քան 70.000 ակնոց:

Ըստ Հայկական ակնաբուժության նախագծի իրականացրած հետազոտության՝ Հայաստանում աչքի հիվանդություններն առավել տարածված են 50 եւ ավելի տարեկան բնակչության շրջանում: Տարիքային այս խմբում տեսողության խաթարման տարածվածությունը 8.4% է, կատարակտի տարածվածությունը` 27%, մակուլյար դեգեներացիայինը՝ 6.5%, գլաուկոմայինը՝ 3.4%, դիաբետիկ ռետինոպաթիայինը՝ 4.4%: Հայաստանի մեծահասակ բնակչության (16+ տարեկան) շուրջ 13%-ն ունի կուրության բերող առնվազն մեկ ակնային հիվանդություն: 50 եւ ավելի տարեկանների շրջանում խոցելի ակնային առողջություն ունեցողների ներկայացվածությունը գրեթե 3 անգամ ավելին է եւ կազմում է 37%: 50-ից հետո կյանքի յուրաքանչյուր լրացուցիչ 5 տարին ավելացնում է խոցելի ակնային առողջություն հավանականությունը 9%-ով:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է