• Latest news

SunD. Հայ մշակողների հավելվածը կարող է հաշվարկել D վիտամինի անհրաժեշտ քանակությունը

12 հոկտեմբերի, 2018  15:50

Հայաստանից մի խումբ երիտասարդներ նոր հավելված են մշակել, որը կօգնի հաշվարկել, թե որքան ժամանակ է անհրաժեշտ արեւի տակ զբոսնելու համար, որպեսզի երեխայի օրգանիզմը ստանա D վիտամինի իրեն անհրաժեշտ քանակությունը:

Ինչպես հայտնի է, արեւի տակ երկար մնալը  վնասակար է թե՛ երեխաների, թե՛ մեծահասակների համար, սակայն D վիտամինի դեֆիցիտն էլ կարող է բերել մի ամբողջ շարք խնդիրների: Շատ դժվար է հաշվարկել, թե որքան երկար է պետք մնալ փողոցում՝ վիտամինի սեփական նորման ստանալու համար, քանի որ մաշկի տակ այս վիտամինի արտադրման արագությունը կախված է մի ամբողջ շարք գործոններից՝ կոնկրետ պահին եղանակային պայմաններից մինչեւ մաշկի գույնը:

SunD նախագծի հիմնադիր Վահագն Հակոբյանը եւ նախագծի հեղինակներից Բագրատ Կիրակոսյանը NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում նշեցին, որ նախքան հավելվածի ստեղծումը երկու տարի իրենց գործընկերների հետ գիտական հետազոտություններ են անցկացրել, որոնց արդյունքում հայտնաբերել են, որ մեքենայական ուսուցումն օգտագործելով՝ ըստ արեւի լուսանկարների կարելի է որոշել ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը: Apple ընկերության ներկայացուցիչները չափազանց զարմացած էին, երբ նրանց են ուղարկել այս հետազոտության արդյունքները. նախկինում նրանք չգիտեին էլ, որ իրենց հեռախոսների միջոցով կարելի է որոշել արեգակնային ճառագայթման ինտենսիվությունը:

Այս հետազոտությունների արդյունքների վրա հիմնվելով՝ երիտասարդները ստեղծել են SunD հավելվածը. օգտատերը պետք է առաջին հերթին հավելվածի մեջ մտցնի երեխայի տվյալները՝ տարիքը, մաշկի գույնը եւ այլն, այս ամենն անհրաժեշտ է ծրագրի ճիշտ աշխատանքի համար: Փողոց դուրս գալով՝ օգտատերը պետք է լուսանկարի արեւը (հավելվածը կհուշի, թե դա ինչպես ճիշտ անել), որից հետո հավելվածը կվերլուծի ստացած պատկերը, կորոշի ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը եւ կասի, թե երեխան այդ օրը փողոցում որքան ժամանակ պետք է անցկացնի, որ ստանա D վիտամինի իր նորման:

Եթե զբոսանքի ընթացքում եղանակը փոխվում է (օրինակ՝ երկնքում ամպեր են հայտնվում կամ հակառակը՝ երկինքը պարզվում է), հավելվածը հնարավորություն է տալիս արեւը կրկին լուսանկարել եւ զբոսանքի ժամանակի վերահաշվարկ կատարել:

Ինչպես նշեցին մշակողները, հավելվածի մեջ կարելի է հավելել մի քանի երեխաների տվյալները, եւ այն կհուշի, թե նրանցից յուրաքանչյուրը կոնկրետ օրը որքան երկար կարող է զբոսնել փողոցում:

«Այստեղ միջին մեծություններ չկան եւ չեն կարող լինել,- նշեց Վահագն Հակոբյանը: - Օրվա ընթացքում ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը բազմիցս փոխվում է եւ կախված է այնպիսի գործոններից, ինչպիսն են՝ ամպամածությունը, տարվա եղանակը եւ այլն: Շատ բան է կախված նաեւ երեխայի մաշկի գույնից եւ տարիքից. D վիտամինի անհրաժեշտ քանակություն ստանալու համար մեկը կոնկրետ օրը պետք է արեւի տակ անցկացնի 10 րոպե, մյուսը՝ 60»:

Հավելվածն առայժմ աշխատում է միայն iPhone հեռախոսներով, սակայն հաջորդ տարի մշակողները ծրագրում են տարբերակ ստեղծել նաեւ անդրոիդ-հեռախոսների համար: Նրանք ծրագրում են նաեւ մոտ ապագայում հավելվածի եւս մեկ տարբերակ ստեղծել՝ արդեն մեծահասակների համար նախատեսված:

Մշակողների խոսքով՝ հավելվածի թիրախային շուկան է ամբողջ աշխարհը. այսօր D վիտամինի պակասի խնդիրն ամբողջ աշխարհում արդիական է, եւ ավելի մեծ թվով մարդիկ են ցանկանում իմանալ, թե ինչպես է հնարավոր D վիտամինի իրենց անհրաժեշտ քանակությունը ստանալ՝ սննդային հավելումներ չօգտագործելով:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել