Եթե տղամարդը ենթարկվում է նիկոտինի ազդեցությանը (կամ ինքն է ծխում, կամ ծխում են նրա ներկայությամբ), նրա երեխաների եւ թոռների մոտ կարող են առաջանալ կոգնիտիվ արատներ եւ խանգարումներ: Այս մասին նշված է PLOS Biology ամսագրում հրապարակված նոր հետազոտության մեջ:
Հետազոտության հեղինակները՝ Florida State University-ի գիտնականները, հետազոտել են հայր կրծողների սերմնաբջիջներում առանցքային գեների մեջ կատարված փոփոխությունները:
Ավելի վաղ ապացուցվել է, որ մայրերի վրա նիկոտինի ազդեցությունը զգալիորեն մեծացնում է հաջորդ սերունդների մոտ վարքագծային խնդիրների՝ ներառյալ հիպերակտիվության եւ ուշադրության դեֆիցիտի համախտանիշի առաջացման հավանականությունը:
Նոր հետազոտության շրջանակում գիտնականները արու կրծողներին ենթարկել են նիկոտինի փոքր դոզաների ազդեցության: Այնուհետեւ այս արուներին խաչավորել են էգերի հետ, որոնք երբեք նիկոտինի հետ չեն շփվել:
Չնայած արուներն իրենք վարքագծային շեղումներ չեն ցուցադրել, նրանց սերունդը հիպերակտիվ էր, խնդիրներ ուներ՝ կապված հիշողության եւ կոգնիտիվ ունակությունների հետ: Արուների սերմնաբջիջների անալիզը ցույց է տվել, որ փոփոխվել են մեծ թվով գեներ՝ ներառյալ դոֆամինային D2 ռեցեպտորի գենը, որը կարեւոր է ուղեղի զարգացման եւ սովորելու համար:
Բացառված չէ, որ հենց ծխախոտն է մեղավոր, որ ժամանակակից աշխարհում այդքան մեծ թվով երեխաներ են տառապում հիպերակտիվությամբ, ուշադրության դեֆիցիտով եւ այլ կոգնիտիվ խանգարումներով:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր