• Latest news

Պահպանել առողջությունն ու ֆերտիլությունը. Արգանդի վզիկի in situ փուլում քաղցկեղով կանայք անվճար կվիրահատվեն

20 հոկտեմբերի, 2018  17:07

Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ սքրինինգային ծրագրի շրջանակում Հայաստանի պոլիկլինիկաներում անցկացված ՊԱՊ թեստերի բոլոր դրական արդյունքները այսուհետեւ կվերստուգվեն Հայ-ամերիկյան առողջության կենտրոնում: Կանանց, որոնց մոտ կհայտնաբերվի արգանդի վզիկի քաղցկեղ in situ փուլում (այսպես կոչված, զրոյական փուլում), կենտրոնում անվճար կվիրահատեն: Այսօր՝ հոկտեմբերի 20-ին, այս մասին հուշագիր ստորագրվեց Հայաստանի Առողջապահության նախարարության եւ Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի միջեւ:

Լրագրողների հետ զրույցում Կենտրոնի տնօրեն Խաչանուշ Հակոբյանը նշեց, որ այս ծրագիրը կօգնի մեծ թվով կյանքեր եւ ընտանիքներ փրկել. եթե կինը վիրահատության համար փող չունի, եւ եթե նրա մոտ արգանդի վզիկի քաղցկեղի in situ փուլ է (հայտնի է նաեւ որպես in situ կարցինոմա,  պրեինվազիվ քաղցկեղ, ներէպիթելային քաղցկեղ), անվճար վիրահատությունը նրան կօգնի պահպանել առողջությունը եւ նույնիսկ ֆերտիլությունը: Ախտահարված հյուսվածքների վիրաբուժական հեռացումից հետո կինը կարիք չի ունենա ո՛չ քիմիաթերապիայի, ո՛չ ճառագայթային թերապիայի, եւ շուտով նույնիսկ կարող է երեխաներ ունենալ:

Խաչանուշ Հակոբյանի խոսքով՝ Կենտրոնի գինեկոլոգիական բաժանմունքը կարող է անցկացնել օրական 5-6 վիրահատություն: Սակայն նման քանակությամբ վիրահատությունների անհրաժեշտություն, իհարկե, չի լինի: Դեռեւս դժվար է ասել, թե տարեկան քանի կին նշված վիրահատությունների կարիք կունենա, սակայն, Հակոբյանի խոսքով, Կենտրոնում պատրաստ կլինեն իրենց հաշվին վիրահատել սքրինինգային ծրագրի շրջանակում հայտնաբերված in situ փուլում արգանդի վզիկի քաղցկեղով բոլոր հիվանդներին՝ անկախ նրանց թվից:

Առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը հիշեցրեց, որ ոչ ինֆեկցիոն հիվանդությունների (դիաբետ, հիպերտոնիա, արգանդի վզիկի քաղցկեղ) վաղ ախտորոշման սքրինինգային ծրագրի շրջանակում 2015-2017 թվականներին մոտ 170 հազար կանայք ՊԱՊ թեստ են հանձնել, ինչը հնարավորություն է տալիս արգանդի վզիկի քաղցկեղը հայտնաբերել շատ վաղ փուլերում եւ նույնիսկ նախաքաղցկեղի փուլում: 2018 թվականի սկզբից մինչեւ հոկտեմբերի 1-ը ՊԱՊ թեստ է հանձնել 32 հազար կին: Ավելի քան 6 տոկոսի մոտ հայտնաբերվել են բջջաբանական տարբեր շեղումներ, իսկ ինվազիվ կարցինոմա է հայտնաբերվել 0,5 տոկոսի մոտ (մոտ 50-60 կին):

Հիշեցնենք, որ ոչ ինֆեկցիոն հիվանդությունների սքրինինգային ծրագիրը մեկնարկել է 2015 թվականի հունվարին, եւ այդ պահից ի վեր անցկացվել են 1,5 միլիոնից ավելի սքրինինգային հետազոտություններ:

Ծրագիրը հաջորդ երեք տարիներին կշարունակվի՝ փոփոխությունների համաձայն, որոնք կկատարվեն «Հիվանդությունների կանխարգելում եւ վերահսկողություն» ծրագրում, որը Հայաստանի Առողջապահության նախարարությունն իրականացնում է Համաշխարհային բանկի աջակցությամբ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել