• Latest news

2 լաբորատորիա՝ 2 հակասական արդյունք. Ծնողները չեն կարողանում պարզել՝ իրենց 6-ամյա դստեր մոտ կա գլյուտենի անհանդուրժողականություն թե ոչ

31 հոկտեմբերի, 2018  20:51

Մեկ տարի առաջ 6-ամյա Նատալիի մոտ ախտորոշվել է գլյուտենի (ցելիակիա) անհանդուրժողականություն, որից հետո նա ամբողջ տարին ստիպված էր հետեւել հատուկ, բավականին բարդ սննդակարգի, որը շատ անհարմարություններ է ստեղծել ե՛ւ իր, ե՛ւ նրա ծնողների համար: Վերջերս, սակայն, աղջիկը այդ անալիզը նորից հանձնել է երեւանյան երկու լաբորատորիաներում. մեկի տվյալներով նրա մոտ, այնուամենայնիվ, գլյուտենի անհանդուրժողականություն կա, մյուսի տվյալներով՝ չկա:

Աղջկա հայրը՝ Գեւորգ Վլասյանը, NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում պատմեց, որ ամեն ինչ սկսվել է անցյալ տարվա ամռանը: Աղջիկը հայտնվել է «Արաբկիր» ԲԿ-ում, որտեղ նրա մոտ լեղապարկում քար են հայտնաբերել: Քարագոյացման պատճառը պարզելու ընթացքում բժիշկները նրա մոտ հայտնաբերել են գլյուտենի անհանդուրժողականություն եւ հատուկ սննդակարգ են նշանակել:

«Պրոմթեստ» մասնավոր լաբորատորիայում նրանք տարվա ընթացքում մի քանի անգամ հանձնել են նույն անալիզը (Հակա-tTG IgA, Հակամարմիններ տրանսգլուտամինազի հանդեպ, A դասի իմունոգլոբուլին): Սկզբում արդյունքը շատ բարձր էր՝ 214 RU/ml, այն դեպքում, երբ այս լաբորատորիայի նորմատիվներով նորման մինչեւ 20 RU/ml է: Ժամանակի ընթացքում ցուցանիշն աստիճանաբար նվազել է: Ընթացիկ տարվա հուլիսին աղջիկը նույն անալիզը հանձնել է «Արաբկիրում», եւ արդյունքը եղել է 10.1 RU/ml (10 RU/ml նորմայի դեպքում), այսինքն նորմային շատ մոտ: Զարմացած ծնողները աղջկան տարել են «Պրոմթեստ», սակայն այնտեղ ցուցանիշը նախկինի պես բարձր էր՝ 70 RU/ml, իսկ մի քանի օր հետո՝ նույնիսկ 75.3 RU/ml: Նույն օրը անալիզը վերահանձնել են «Դավիդյանց» լաբորատորիայում, որտեղ արդյունքը եղել է 9.07 RU/ml (10 RU/ml նորմայի դեպքում):

«Սա երկու հակասական արդյունք է: Այստեղ խոսքը ոչ թե արդյունքներում փոքր տարբերությունների մասին է, այլ հարցն այն է, թե ընդհանրապես իմ դստեր մոտ կա՞ գլյուտենի անհանդուրժողականություն: Նա ընդհանրապես պե՞տք է այդ սննդակարգին հետեւի,- նշեց աղջկա հայրը: - Լաբորատորիաներից մեկի արդյունքները հաստատապես բացարձակ սխալ են, սակայն ինչպես հասկանալ՝ ո՞րն է ճիշտ պատասխանը»:

Նրա խոսքով՝ երկու լաբորատորիաներում տեղեկանալով իր խնդրին՝ վերստուգել են աղջկա արյան պահպանած շիճուկը: Երկու լաբորատորիան էլ պնդում է, որ իր արդյունքները ճիշտ են:

Հասկանալու համար, թե երկրում ով է զբաղվում լաբորատորիաների լիցենզավորմամբ եւ պատասխանատու որակի վերահսկողության համար, սեպտեմբերի 17-ին Գեւորգը նամակ է ուղարկել Հայաստանի առողջապահության նախարարություն: Այնտեղից նրան պատասխանել են, որ լաբորատորիաներում որակի վերահսկողությունն իրականացնում է վարչապետին առընթեր Առողջապահության եւ աշխատանքի տեսչությունը: Գեւորգի նամակը վերահասցեագրել են նշված տեսչություն, սակայն նա այնտեղից հստակ պատասխան չի ստացել. պատասխան նամակում նշված էր, որ այդ հարցն իրենց իրավազորության ներքո չէ:

Մինչեւ հիմա Գեւորգը բազմիցս զանգահարել է թե՛ նախարարություն, թե՛ տեսչություն, սակայն այդպես էլ չի ստացել այն հարցի պատասխանը, թե ինչու են երկու լաբորատորիաներ տալիս այդքան տարբեր արդյունքներ, եւ ով է պատասխանատու նրանց գործունեության համար:

Ի վերջո, մտահոգված հորը խոստացել են աշխատանքային խումբ ստեղծել, որը կհետեւի, որ նրա դուստրը նույն անալիզը հանձնի քաղաքի բոլոր լաբորատորիաներում, հետո արդյունքները կհամեմատեն եւ կհասկանան, ինչ անել այնուհետեւ:

Այս խոստումից հետո 20 օր է անցել: Վերջերս Գեւորգին հայտնել են, որ աշխատանքային խումբը, վերջապես, ստեղծվել է: Բայց այն առայժմ ոչ մի լուրջ քայլ չի ձեռնարկել, իսկ Գեւերգը համոզված էլ չի, որ ապագայում կձեռնարկի:

«Ստացվում է, որ հիմա ոչ ոք իրավիճակին չի տիրապետում: Լաբորատորիան կարող է տալ ցանկացած սխալ պատասխան, որի համաձայն մարդուն կարող են բուժում նշանակել, որը, հնարավոր է, նրան ընդհանրապես պետք չի: Մենք՝ որպես քաղաքացիներ, ցանկանում ենք հասկանալ, թե որ գերատեսչությունն է այս հարցով զբաղվում, ով է ընդհանրապես սրա համար պատասխանատու»,- նշեց Գեւորգը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է