• Latest news

Որ ոչ մի զինվոր այլեւս վերջույթներից չզրկվի. Հայ երիտասարդը ականներ որոնող ռոբոտ է ստեղծում (ֆոտո)

8 նոյեմբերի, 2018  19:20

Երբ 4-րդ կուրսի ուսանող Հովհաննես Սարգսյանը գիտակցեց, որ մի քանի ամիս հետո բանակ է զորակոչվելու, մտահոգվեց՝ հնարավո՞ր է այդ ժամանակահատվածում սարք մշակել, որը զինված ուժերին օգուտ կտա եւ ծառայությունն ավելի անվտանգ կդարձնի: Քանի որ նա մեծ թվով զինվորների մասին էր լսել, որոնք ականի վրա պայթելու հետեւանքով կորցրել էին վերջույթները, որոշել է ռոբոտ-ականազերծող ստեղծել, որը մարդկանց փոխարեն ականները կորոնի եւ դրանք կվնասազերծի:

Ռոբոտը, որի վրա Հովհաննեսն աշխատում է ANEL (Հայկական ազգային ինժեներական լաբորատորիաներ՝ Armenian National Engineering Laboratories) կենտրոնում, մեծապես նման է մետաղորսիչի. այն մետաղական իրերը գտնում է 15 սմ խորությամբ:

Առայժմ պատրաստ է միայն ռոբոտի նախատիպը, Հովհաննեսը հույս ունի ավելի կատարելագործված տարբերակն ավարտել 2 ամսում. ռոբոտը ոչ միայն կկարողանա գտնել ականը, այլեւ այն վնասազերծել:

«Սկզբում ես մտածում էի, որ ռոբոտը պարզապես ականներ կհանի հողի տակից։ Սակայն երբ մենք սկսեցինք խորությամբ ուսումնասիրել կառուցվածքն ու ականների աշխատանքի սկզբունքները, հասկացա, որ ականների մեծամասնության պարագայում այդ հնարքը չի գործի, եւ դրանք չեզոքացնելու միակ միջոցը դրանք պայթեցնելն է։

Իմ ռոբոտի նոր տարբերակում ձեռք-մանիպուլյատոր կլինի, որը գտնված ականի վրա ոչ մեծ պայթուցիկ կտեղադրի, կհեռանա անվտանգ հեռավորության վրա եւ հեռակա կպայթեցնի այն։ Եթե ականները շատ լինեն, ապա բոլոր միանգամից կպայթեցնի», - ասում է Հովհաննեսը NEWS.am Medicine-ի հետ զրույցում։

Ռոբոտի ներկայիս տարբերակը Bluetooth-ի միջոցով հեռակառավարվում է, բայց նոր տարբերակը, Հովհաննեսի խոսքով, կկառավարվի ռադիոալիքների միջոցով. այդ ժամանակ օպերատորը կկարողանա գտնվել շուրջ 2 կիլոմետր հեռավորության վրա, ոչ թե 25 մետրի, ինչպես հիմա։

«Ինչո՞ւ չեմ ցանկանում ավտոմատացնել այս ռոբոտը։ Որովհետեւ եթե նա ավտոմատ լինի, սխալի հավանականությունը մեծ կլինի։ Ավելի ճիշտ է, որ այս ռոբոտը կառավարի մարդը՝ փորձառու օպերատորը, այդ ժամանակ սխալի հավանականությունը շատ փոքր կլինի», - ասում է Հովհաննեսը։

Եթե այդպիսի ռոբոտ հայտնվի Հայաստանի սահմանին, այն, երիտասարդի համոզմամբ, կկարողանա անգնահատելի օգնություն ցուցաբերել ինժեներ-ականազերծողներին։

«Այս ռոբոտը կարող է օգտագործվել զինված ուժերում, եւ նպատակն այն է, որ այլեւս ոչ մի զինվոր չզրկվի վերջույթներից ականների պատճառով», - ասում է Հովհաննեսը։

Այս կենտրոնի երիտասարդների մեկ այլ հետաքրքիր մշակում է բիոնիկական ձեռք, որը հնարավոր կլինի կառավարել մտքի ուժով։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է