Սա պայքար է ոչ թե ընդդեմ հակաբիոտիկների, այլ հանուն դրանց պահպանման. ՀՀ-ում կնշեն Հակաբիոտիկների ճիշտ օգտագործման համաշխարհային շաբաթը

9 նոյեմբերի, 2018  16:11

Հակաբիոտիկների համատարած սխալ օգտագործման պատճառով մարդկությունն այսօր վերադառնում է այն խնդիրներին, որոնք, թվում էր, վաղուց արդիականությունը կորցրել են. ինֆեկցիոն հիվանդությունները, որոնք արդեն շատ տարիներ մահացու չեն համարվում, կրկին ուշադրության կենտրոնում են հայտնվում, եւ կրկին սկսել են մարդկանց սպանել: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը:

Այսօր ինֆեկցիոն հիվանդությունները սկսել են դժվարությամբ բուժվել հակաբիոտիկների հանդեպ այդ հիվանդությունների հարուցիչ բակտերիաների կայունության տարածման պատճառով: Արդեն այսօր բակտերիաներ կան, որոնց դեմ անզոր են հայտնի բոլոր հակաբիոտիկները: Հենց այս պատճառով հակաբիոտիկների հանդեպ կայունությունն աշխարհում այդքան լուրջ խնդիր է դարձել, շեշտեց փոխնախարարը:

Լենա Նանուշյանը նշեց, որ այս խնդրի դեմ պայքարի համար անհրաժեշտ է բարձրացնել քաղաքացիների իրազեկվածությունը. մարդիկ պետք է հասկանան, որ չի կարելի հակաբիոտիկներն ընդունել առանց լուրջ անհրաժեշտության: Հարկավոր է նաեւ կանխել ոչ ինֆեկցիոն հիվանդությունների տարածումը, որպեսզի հակաբիոտիկների օգտագործման անհրաժեշտությունը նվազի: Հակաբիատիկակայունության դեմ եւս մեկ միջոց է պատվաստումը:

Մյուս կարեւոր հարցը անասնաբուծությունում հակաբիոտիկների ճիշտ օգտագործումն է, քանի որ եթե կենդանիները առանց անհրաժեշտության ստանան այդ դեղերը, առանց անվտանգության կանոնների պահպանման, արդյունքում հակաբիոտիկները կարող են մսի եւ կենդանիների կաթի հետ մարդու օրգանիզմում հայտնվել:

ՀՀ ԱՆ աշխատակազմի հանրային առողջության բաժնի պետ Քրիստինա Գյուրջյանն իր հերթին նշեց, որ որոշ մարդկանց սխալմամբ թվում է, որ այս պայքարն ուղղված է հակաբիոտիկների դեմ: Իրականում այն հակաբիոտիկների արդյունավետության պահպանմանն է ուղղված:

«Մենք պայքարում ենք ոչ թե հակաբիոտիկների դեմ, այլ հանուն դրանց պահպանման: Հակաբիոտիկները կարեւոր ռեսուրս են, եւ դրանք պետք է պահպանել, քանի որ հսկայական նշանակություն ունեն ողջ մարդկության համար»,- ասաց մասնագետը:

Նոյեմբերի 12-16-ը ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանում նշվում է Հակաբիոտիկների ճիշտ օգտագործման համաշխարհային շաբաթը: Հիմնական թեման այս տարի «Մեկ առողջություն» հայեցակարգի ոգով մարդու, կենդանիների եւ շրջակա միջավայրի առողջության պահպանության պարտավորությունն է: Շաբաթվա ընթացքում նախատեսվում է մի շարք միջոցառումներ անցկացնել, որոնք ուղղված են հակաբիոտիկների ճիշտ օգտագործման մասին բնակչության իրազեկվածության բարձրացմանը, այդ թվում անասնաբուծությամբ զբաղվող ֆերմերների:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Տեսանյութեր
 
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել հոգեկան հիվանդների վերականգնման համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի