Նեյրոնները շրջապատող պերինեյրոնային ցանցերը գիտությանը հայտնի են 1893 թվականից, բայց այդ ժամանակներից այդ կառուցվածքների նշանակությունը գաղտնիք էր մնում: Այժմ Virginia Tech Carilion Research Institute-ի գիտնականներին վերջապես հաջողվել է բացահայտել պերինեյրոնային ցանցերի գործառույթները: Այս բացահայտումը կարող է օգնել էպիլեպսիայի բուժման նոր մեթոդների մշակման հարցում:
Պերինեյրոնային ցանցը կառուցվածք է, որը բաղկացած է արտաբջջային նյութերից, որոնք շրջապատում են մարդու ու կենդանիների գլխուղեղի եւ ողնուղեղի որոշ տեսակի նյարդային բջիջների ճյուղերը եւ մարմինները:
Համարվում է, որ այս ցանցը կարեւոր դեր է խաղում նյարդային համակարգի զարգացման մեջ եւ կարգավորում է սինապտիկ պլաստիկությունը: Բժիշկ եւ կենսաբան Կամիլլո Գոլջին ենթադրել է, որ ցանցը սահմանափակում է նեյրոնից նեյրոն ազդանշանների փոխանցումը:
Ուսումնասիրության ընթացքում, որի արդյունքները հրապարակվել են Nature Communications ամսագրում, գիտնականները ուսումնասիրել են էպիլեպսիայի մկնային մոդելը, որն առաջացել է գլիոբլաստոմայից՝ նյարդային հյուսվածքի օժանդակ բջիջների չարորակ ուռուցքից:
Ուռուցքային հյուսվածքները գլուտամատի ավելցուկ են արտադրում, որը սպանում է առողջ բջիջները՝ ուռուցքի աճի համար տեղ ազատելով:
Հետազոտողները հայտնաբերել են, որ գլուտամատը ճնշում է գամմա-ամինայուղային թթվի ակտիվությունը (ԳԱՅԹ), որն իրենից արգելակային նեյրոմեդիատոր է ներկայացնում: ԳԱՅԹ-ի պարունակության նվազեցումը կապված է էպիլեպսիայի զարգացման հետ:
Գիտնականները նաեւ պարզել են, որ գլիոբլաստոման արտադրում է ֆերմենտներ, որոնք ԳԱՅԹ արտադրող նեյրոնների մոտ հարձակվում են պերինեյրոնային ցանցի վրա: Պարզվել է, որ արտաբջջային նյութերը թույլ են տալիս նեյրոններին արագ իմպուլսներ անցկացնել, իսկ ցանցի խախտման ժամանակ մկների մոտ ջղաձգումներ են առաջանում այն պատճառով, որ ԳԱՅԹ-ը ոչ բավարար արագությամբ է արտադրվում:
Գիտնականների խոսքով, առանձնահատուկ ինհիբիտորների օգնությամբ ֆերմենտների ճնշումը կարող է մարդկանց էպիլեպսիայի բուժման նոր մեթոդ դառնալ:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր