• Latest news

Հայաստանում շաքարային դիաբետով ապրող 67724 մարդ կա

14 նոյեմբերի, 2018  10:35

Հայաստանում, ըստ վիճակագրական վերջին տվյալների, շաքարային դիաբետով հիվանդ է 67724 մարդ: Պացիենտների թիվը 1990 թվականի տվյալների համեմատ աճել է մոտ 2 անդամ (35500 դեպք):

Ինչպես տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը, յուրաքանչյուր տարի Հայաստանում արձանագրվում է հիվանդացության ավելի քան 8500 նոր դեպք: Դեպքերի 82%-ը գրանցվել են 2–րդ տիպի շաքարային դիաբետից, որը կարելի է կանխարգելել:

Հիվանդության վաղ հայտնաբերման և կանխարգելման ուղղությամբ ներկայումս պետության կողմից ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ: 2015 թվականի հունվարից «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» ծրագրի շրջանակում իրականացվում է ոչ վարակիչ հիվանդությունների, մասնավորապես, շաքարային դիաբետի կանխարգելմանն ու վերահսկմանն ուղղված անվճար սքրինինգ: Ծրագրի շրջանակում 35-ից 68 տարեկան բոլոր քաղաքացիները կարող են դիմել տեղամասային պոլիկլինիկա կամ ամբուլատորիա և անցնել շաքարային դիաբետի անվճար հետազոտություններ:

Այսօր նշվում է շաքարային դիաբետի դեմ պայքարի համաշխարհային օրը: Շաքարային դիաբետն իր տարածվածությամբ համարվում է դարի հիվանդություն` ախտահարելով բնակչության գրեթե բոլոր տարիքային խմբերին: Այն կրում է համաճարակի բնույթ` հանդիսանալով ոչ վարակիչ հիվանդությունների կառուցվածքում մահացության երրորդ հիմնական պատճառը: 

Այս հիվանդությունը զարգանում է, երբ ենթաստամոքսային գեղձը բավարար քանակությամբ ինսուլին չի արտազատում (ՇԴ 1 տիպ) կամ օրգանիզմը չի կարողանում արդյունավետ օգտագործել արտազատված ինսուլինը (ՇԴ 2 տիպ): Ինսուլինն արյան մեջ գլուկոզի պարունակության մակարդակը կարգավորող հորմոն է, որը պայմանավորում է էներգետիկ փոխանակության գործընթացն օրգանիզմում: Այսպիսով, շաքարային դիաբետը բնութագրվում է արյան մեջ գլյուկոզի պարունակության քրոնիկ բարձրացմամբ, որն իր հերթին նպաստում է նյութափոխանակության խանգարմանը:

Ըստ հիվանդությունների միջազգային դասակարգչի` գոյություն ունի դիաբետի չորս հիմնական տեսակ, որոնցից առավել տարածված են առաջին, երկրորդ և երրորդ տիպերը: Աշխարհում դիաբետ ունեցողների 90%-ը հիվանդ են երկրորդ տիպի դիաբետով: Առաջին տիպի դիաբետն էնդոկրին համակարգի աուտոիմունային հիվանդություն է, որն ավելի հաճախ առաջանում է մինչև 30 տարեկան անձանց մոտ: Երկրորդ տիպի դիաբետը մետաբոլիկ հիվանություն է, որն ավելի հաճախ ի հայտ է գալիս 30 և բարձր տարիքային խմբում: Իսկ գեստացիոն դիաբետը բնութագրվում է հղիության ժամանակ առաջացած հիպերգլիկեմիայով, կամ արյան մեջ գլուկոզի պարունակության բարձրացմամբ` նորմայից բարձր մակարդակի, բայց ոչ դիաբետ ախտորոշման համար նշանակալի չափով: Գեստացիոն դիաբետը բարձրացնում է ծննդաբերության ժամանակ հավանական բարդությունների ռիսկը, ինչպես նաև հետագայում երկրորդ տիպի դիաբետի զարգացման ռիսկը:

Համաշխարհային տվյալների համաձայն` դիաբետի զարգացման ռիսկի գործոններն են` ժառանգական նախատրամադրվածությունը (1 տիպի ՇԴ), անառողջ սննդակարգը, ավելցուկային քաշը և ճարպակալումը, ֆիզիկական թերակտիվությունը, ալկոհոլի չարաշահումը, խոլեստերինի բարձր մակարդակը, զարկերակային բարձր ճնշումը, ծխախոտի օգտագործումը, կանանց մոտ հղիության դիաբետը կամ 4-կգ և ավելի քաշ ունեցող երեխայի ծննդաբերությունը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել