• Latest news

Էլիզա Հայրապետյան․ Ընտանիքը կարեւոր դեր է խաղում շաքարախտի կանխարգելման եւ բուժման հարցում

14 նոյեմբերի, 2018  18:17

Նոյեմբերի 14-ին Երեւանում, «Մոսկվայի տուն» մշակութագործարարական կենտրոնում տեղի ունեցավ Շաքարախտի համաշխարհային օրվան նվիրված միջոցառում։ Դրան մասնակցում էին բժիշկ-էնդոկրինոլոգներ, շաքարախտով հիվանդներ եւ նրանց ընտանիքի անդամներ։

2018թ․ Շաքարախտի դեմ պայքարի համաշխարհային օրը անցկացվում է «Ընտանիքը եւ շաքարախտը» կարգախոսի ներքո։ «Ընտանիքը կարեւոր դեր է խաղում շաքարախտի կանխարգելման եւ բուժման, ինչպես նաեւ հիվանդին պատշաճ խնամելու հարցում»,- NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում նշեց Շաքարախտի հայկական ասոցիացիայի ղեկավար, Երեւանի գլխավոր էնդոկրինոլոգ, Էրեբունի ԲԿ-ի առաջատար մասնագետ- էնդոկրինոլոգ Էլիզա Հայրապետյանը։

«Երբ ընտանիքի անդամները առողջ սնունդ են օգտագործում, միասին ֆիզիկական վարժություններ են անում, դա դրականորեն է ազդում եւ իջեցնում է շաքարախտի զարգացման վտանգը։ Դրա հետ մեկտեղ, ընտանիքի անդամների ուշադիր վերաբերմունքը միմյանց նկատմամբ օգնում է հիվանդության վաղ բացահայտմանը, ճիշտ սննդակարգի վերահսկողությանը եւ դեղորայքի ժամանակին ընդունմանը»,- ասաց նա։

Էնդոկրինոլոգը հայտնեց, որ շաքարախտի տարածումն աշխարհում շարունակում է աճել։ 2017թ․ աշխարհում գրանցվել է շաքարախտով հիվանդ 425 մլն մարդ։ Միաժամանակ, փորձագիտական գնահատականներով՝ 2040թ․ նրանց թիվը 642 միլիոնի կհասնի։ Ընդ որում, անհանգստացնում է այն փաստը, որ շաքարախտով հիվանդ 3 մարդուց մեկի մոտ այն բացահայտված չէ։

«Շատերը շաքարախտով ապրում են անգամ չկասկածեկով այդ մասին»,- ընդգծեց Հայրապետյանը։ Փորձագետը տեղեկացրեց, որ երկրորդ կարգի շաքարախտի դեպքում անհրաժեշտ է ուշադրություն դարձնել այնպիսի երեւույթների վրա, ինչպես հեղուկների հաճախ օգտագործումը, հաճախ միզելը, թուլությունը, քաշի կորուստը, տեսողության վատանալը։

Հայրապետյանը մատնացույց արեց այն, որ ողջ աշխարհում երկրորդ կարգի շաքարախտը, որով հիմնականում 30 տարեկանից հետո են հիվանդանում, հանդիպում է նաեւ դեռահասների եւ երեխաների մոտ։ «Շատ երկրներում երեխաների մոտ նկատվում է անառողջ սննդի, ֆաստֆուդների ընդունում, ինչը ֆիզիկական ակտիվության նվազման հետ մեկտեղ հանգեցնում է քաշի ավելացմանը։ Նման պատկեր դիտարկվում է նաեւ Հայաստանում»,- տեղեկացրեց բժիշկը։

Նրա խոսքերով՝ շաքարախտի 70 տոկոս դեպքերը կարելի է կանխել կամ հետաձգել առողջ ապրելակերպի դեպքում։ Խոսքը ոչ միայն ճիշտ սննդակարգի եւ ֆիզիկական ակտիվության, այլեւ վնասակար սովորույթներից հրաժարվելու մասին է։

Շաքարախտի համաշխարհային օրը ամեն տարի նոյեմբերի 14-ին է նշվում։ Այս ամսաթիվն ընտրվել է որպես հարգանքի տուրք ինսուլինի ստեղծողներից մեկին՝ Ֆրեդերիկ Բենթինգին, ով ծնվել է 1891թ․ նոյեմբերի 14-ին։

Առաջին անգամ Շաքարախտի համաշխարհային օրն անցկացվել է IDF-ի (Շաքարախտի միջազգային ֆեդերացիայի) եւ ВОЗ-ի (Առողջապահության համաշխարհային կազմակերպության) կողմից՝ 1991թ․ նոյեմբերի 14-ին։

Սկսած 2007 թվականից՝ այն անցկացվում է Միացյալ ազգերի կազմակերպության հովանու ներքո։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է