• Latest news

Ճանաչենք հիվանդություննները․ Կարմրուկ

18 նոյեմբերի, 2018  16:51

Մի քանի հիվանդությունների մասին, ըստ երեւույթին, դուք կյանքում ոչ մի անգամ չեք լսել, եթե, իհարկե, բժիշկ չեք։ Սակայն կան հիվանդություններ, որոնց կարող է բախվել մեզանից յուրաքանչյուրը եւ չիմանալ դրանց մասին չի կարելի։

NEWS.am Medicine-ը իր նոր խորագրում կներկայացնի այն հիվանդությունները, որոնց մասին պետք է իմանա մեզանից յուրաքանչյուրը, որպեսզի նաեւ տեղյակ լինենք, թե ինչ վտանգ են նրանք ներկայացնում, ինչպես պաշտպանվել դրանցից եւ ինչ պետք է անել կամ չանել, եթե դուք, այնուամենայնիվ, հիվանդացել եք արդեն։

Այսօրվա թեման կարմրուկն է։

Կարմրուկ

Սուր վարակիչ հիվանդություն է, որը բնորոշվում է բարձր ջերմաստիճանով (մինչեւ 40,5 °C), բերանի խոռոչի լորձաթաղանթի ու վերին շնչուղիների բորբոքմամբ, շաղկապենաբորբով ու մաշկի բծավոր բշտիկային ցանով։ Այս բոլոր ախտանիշներն ուղեկցվում են օրգանիզմի ընդհանուր ինտոքսիկացիայով։

Կարմրուկն այսօր գտնվում է շատ միջազգային կազմակերպությունների ուշադրության կենտրոնում՝ այս տարի Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտնել է Եվրոպայի տարածաշրջանում հիվանդացության ռեկորդային մակարդակի մասին՝ 2018 թվականի առաջին կիսամյակում գրանցվել է կարմրուկի ավելի քան 41 000 դեպք, որոնցից 37-ը՝ մահվան ելքով։ Սա հիվանդության ամենաբարձր ցուցանիշն է 2010 թվականից ի վեր։

Փոխանցման ճանապարհները

Կարմրուկը հիվանդ մարդուց առողջ մարդուն փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով․ երբ վարակված անձը փռշտում կամ հազում է, հարուցիչները նրա օրգանիզմից անցնում են արտաքին միջավայր։ Եթե նրան շրջապատող մարդիկ կարմրուկի դեմ իմունիտետ չունեն, ապա հիվանդանալու հավանականությունը 100 տոկոս է։ Եթե մարդը կարմրուկի դեմ պատվաստվել է կամ արդեն իսկ հիվանդացել է, ապա հիվանդ մարդու հետ շփումից վարակվելը քիչ հավանական է։

Կարմրուկով հիվանդ պացիենտը վտանգավոր է շրջապատի համար սկսած ինկուբացիոն շրջանի վերջին օրերից մինչեւ մաշկի վրա ցանի հայտնվելու չորրորդ օրը։ Ցանի 5-րդ օրվանից նա արդեն վտանգավոր չի համարվում։

Ախտանիշները

Ինկուբացիոն շրջանը սովորաբար տեւում է 8-14 օր, որից հետո սկսվում է հիվանդության բուռն զարգացումը՝ ջերմաստիճանը բարձրանում է մինչեւ 38-40 °C, սկսվում է չոր հազ, հարբուխ, փռշտոց, գլխացավ, կոպերն այտուցվում, աչքերը կարմրում, կոշտ եւ փափուկ քիմքի վրա կարմիր բծեր են հայտնվում։

Հիվանդության երկրորդ օրը այտի լորձաթաղանթին հայտնվում են փոքրիկ սպիտակ բծեր՝ շրջապատված նեղ կարմիր երիզով՝ այսպես կոչված Բելսկի-Ֆիլատովա-Կոպլիկի բիծը, իսկ կարմրուկի ցանը (էքզանտեման) հայտնվում է արդեն հիվանդության 4-5-րդ օրը՝ սկզբում դեմքին, ապա պարանոցին, ականջների ետեւում, իսկ հաջորդ օրը՝ իրանին ու վերջույթներին։

Բուժումը

Կարմրուկի բուժման համար հատուկ դեղամիջոցներ դեռեւս չկան, այդ իսկ պատճառով մասնագետները դիմում են ախտանշային բուժման, որը ներառում է հակաբորբոքիչ միջոցներ շնչուղիների վիճակի բարելավման համար, խխահան միջոցներ, ջերմիջեցնող դեղեր եւ այլն։

Անգրագետ բուժման դեպքում կարմրուկը կարող է բարդացումների հանգեցնել, որոնք կապված են կենտրոնական նյարդային համակարգի աշխատանքի, շնչառական համակարգի, աղեստամոքսային տրակտի հետ։ Առողջապահության համաշարհային կազմակերպության տվյալներով՝ 2011 թվականին կարմրուկը սպանել է 158 000 մարդ ամբողջ աշխարհում, որոնց թվում մեծամասնությունը մինչեւ 5 տարեկան երեխաներ։

Կանխարգելումը

Կարմրուկի կանխարգելման ամենաարդյունավետ միջոցը այսօր մնում է պատվաստումը։ Այն շատ արդյունավետ է համարվում․ մեկ չափաբաժնից երեխաների շուրջ 85 տոկոսը իմունիտետ է ձեռք բերում կարմրուկի դեմ, եւ միայն մոտ 15 տոկոսն է, որ իմունիտետ ձեռք չի բերում։Համընդհանուր պատվաստումը ապահովում է կարմրուկի համաճարկների կանխարգելումը, սակայն եթե պատվաստումների ծավալը սկսում է նվազել, բարձրանում է վարակի տարածման վտանգը պոպուլյացիայում։

Վերջաբանի փոխարեն

Կարմրուկը բավականին վտանգավոր վարակիչ հիվանդություն է, որը կարող է լուրջ բարդացումների բերել եւ նույնիսկ մահացու ելքի։ Պացիենտների մեծամասնությունը եւ կարմրուկի զոհերի մեծ մասը մինչեւ 5 տարկան երեխաներ են, իսկ կարմրուկը կանխարգելել կարելի է պատվաստվելու միջոցով։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է