• Latest news

36-ամյա տղամարդը հազալիս ծառի նմանվող արյան մակարդուկ է թքել

7 դեկտեմբերի, 2018  14:04

36-ամյա տղամարդը հազալիս արյան մակարդուկ է թքել, որն առաջին հայացքից կարելի էր նմանեցնել ծառի ձեւ ունեցող անոթների: Իրականում սա աջ բրոնխիալ ծառից դուրս եկած արյան մակարդուկ էր, որը կրկնում էր այդ օրգանի ձեւը: Այս հետաքրքիր դեպքի մասին հայտնում է New England Journal of Medicine ամսագիրը:

Որոշ լրատվամիջոցներ գրում են, որ այս տղամարդն իբր հազալիս թոքն է դուրս թքել, բայց սա ամենեւին ճիշտ չէ. անհնար է հազալիս թոքը դուրս թքել: Իրականում սա արյան մակարդուկ է, որը տղամարդու շնչուղիներում է մակարդվել եւ ընդունել դրանց ձեւը:

Նման մակարդուկներն այնքան էլ հազվադեպ չեն հանդիպում. բժշկական գրականության մեջ մեծ թվով դեպքեր են նկարագրվել, երբ մարդիկ հազալիս դուրս են թքել ամենատարբեր ձեւի եւ չափերի մակարդուկներ: Կոնկրետ այս դեպքը հետաքրքիր է ոչ այն պատճառով, որ այն ընդհանրապես տեղի է ունեցել, այլ որ մակարդուկը հազալիս հիվանդի շնչուղիներից ամբողջական է դուրս եկել, կտորների չի բաժանվել:

Տղամարդը, ում անունը չի հրապարակվում, դեպքը նկարագրած բժիշկների մոտ է տեղափոխվել վերջին փուլում գտնվող սրտային սուր անբավարարությամբ: Բժիշկները նրան միացրել են սարքին, որը պետք է սրտին օգներ արյուն մատակարարել: Սակայն նման սարքերի պատճառով անոթներում հաճախ թրոմբներ եւ արյան մակարդուկներ են առաջանում, այս պատճառով հիվանդին տվել են նաեւ հակակոագուլյանտներ՝ արյան ջրիկացման դեղամիջոցներ: Երբեմն հակակոագուլյանտների ազդեցությամբ տեղի են ունենում անոթների ոչ մեծ պատռվածքներ, որոնք ներքին արյունահոսություն են առաջացնում: Եթե պատռվում են թոքերի շուրջ եղած անոթները, այնտեղից արյունը կարող է հայտնվել շնչուղիներում եւ այնտեղ կուտակվել:

Ցավոք, այս հիվանդի հետ հենց դա է տեղի ունեցել: Բուժումը սկսելուց գրեթե մեկ շաբաթ հետո նա սկսել է հազալիս դուրս թքել արյան ոչ մեծ մակարդուկներ, որոնք հավաքվել էին նրա շնչուղիներում, մինչեւ, ի վերջո, չի թքել մեծ մակարդուկ, որը ներկայացված է լուսանկարում:

Երբ շնչուղիներն այս մակարդուկից ազատվել են, հիվանդն իրեն ավելի լավ է զգացել: Բայց, ցավոք, մեկ շաբաթ հետո նա մահացել է սրտային անբավարարության պատճառով:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել