Parallels Film Production-ի տնօրեն-ռեժիսոր Հովհաննես Գալստյանը հոսպիտալացվելուց հետո հացադուլը շարունակում է:
Ռեժիսոր Հովհաննես Գալստյանը նախօրեին ուշ երեկոյան հոսպիտալացվել է «Հերացու» 1-ին հիվանդանոցային համալիր: NEWS.am Medicine-ի հետ զրույցում Գալստյանի կինը՝ «Կիսալուսնի ծովածոցը» ֆիլմի ռեժիսոր Մարինե Զաքարյանը նշեց, որ չնայած բժիշկների հրահանգներին, նա որոշել է հացադուլը շարունակել:
«Նրա ճնշումն է բարձրացել: Բժիշկներն ասացին, որ սա կարող է լինել քաղցից առաջացած սթրեսին առողջ օրգանիզմի ռեակցիա»,- ասաց նա:
Հովհաննես Գալստյանն, ընդհանուր առմամբ, հիվանդանոցում է անցկացրել մոտ 1 ժամ, որից հետո վերադարձել է հնագույն ձեռագրերի ինստիտուտ Մատենադարանի շենքի մոտ, որի մոտակայքում նա վրան է բացել եւ դեկտեմբերի 3-ից հացադուլ է անում:
«Զննումից հետո բժիշկներն ասացին, որ նրա օրգանիզմն առողջ է: Չնայած դրան, նրանք պնդում են, որ նա հացադուլը դադարեցնի: Սակայն ամուսինս վճռական է տրամադրված»,- ընդգծեց Զաքարյանը:
Հիշեցնենք, որ իր՝ «Խճճված զուգահեռներ» ֆիլմի համար Հովհաննես Գալստյանը միջազգային կինոփառատոներում մի շարք պարգեւներ է ստացել, ինչպես նաեւ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ միջազգային դիստրիբյուտորական պայմանագիր է ստորագրել INSOMNIA World Sales-ի (Ֆրանսիա) հետ:
2018 թվականի վերջին լրանում է Parallels Film Production կինոընկերության «Տատիկիս վարսերը» ֆիլմի արտադրության միջազգային նախագծի հանդեպ ունեցած Հայաստանի Ազգային կինոկենտրոնի պարտավորությունների կատարման ժամկետը:
Գալստյանի հացադուլի պատճառն այն է, որ 2017 թվականի ապրիլին այդ ժամանակ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի հրամանով նախագծի համար հատկացված գումարի մի մասը ժամանակավորապես փոխանցվել է Հայաստանի Ֆիլմ-կոմիսիոներին՝ նախարարության անհետաձգելի կարիքների համար, վերադարձնելու պայմանով:
Փողը չի վերադարձվել, ինչի հետեւանքով խափանվել են ֆիլմի արտադրության ծրագրերը, եւ ընկերությունը վնասներ է կրել: 2018 թվականին Հայաստանի Ազգային կինոկենտրոնը նոր Կանոնակարգ է հաստատել եւ օրենքի խախտմամբ անվավեր է ճանաչել ֆիլմի ֆինանսվորման մասին նախկին պարտավորությունը:
Ֆիլմի արտադրությունը կասեցվել է, իսկ միջազգային ներդրումները սառեցվել են: Parallels Film Production ընկերությանը հասցվել է ֆինանսական վնաս, նաեւ հեղինակությանը, որից հետո ընկերությունը դատական հայց է ներկայացրել Հայաստանի Ազգային կինոկենտրոնի դեմ:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր