• Latest news

Ձմռանը վիտամիններ ընդունելն արդյոք անհրաժե՞շտ է

31 դեկտեմբերի, 2018  14:27

Ձմռանը մարդկանցից շատերը սկսում են վիտամիններ ընդունել՝ ցանկանալով լրացնել դրանց պակասը եւ «իմունիտետն ամրապնդել»: Պարզելու համար՝ արդյոք անհրաժե՞շտ է դա անել, NEWS.am Medicine-ը զրուցեց «Աստղիկ» ԲԿ թերապեւտիկ բաժանմունքի ղեկավար, սրտաբան Ալլա Սաֆարյանի հետ:

Մասնագետի խոսքով՝ իհարկե, վիտամինների եւ միկրոտարրերի դեֆիցիտը կարող է մի ամբողջ շարք խնդիրներ առաջացնել. այսպես՝ ավելի ու ավելի մեծ թվով հետազոտություններ են բացահայտում, օրինակ՝ D վիտամինի պակասի հետ կապված վտանգները: Սակայն առողջության համար ամենեւին օգտակար չէ նաեւ հիպերվիտամինոզը, ուստի ինքնուրույն որեւէ դեղամիջոց, այդ թվում՝ վիտամիններ ընդունելու որոշումն այնքան էլ լավ գաղափար չէ:

Մասնագետը նշեց, որ առանց լաբորատոր թեստերի անհնար է պարզել՝ արդյոք մարդն ունի՞ որեւէ վիտամինի կամ միկրոտարրի անբավարարություն: Օրինակ՝ եթե պացիենտի մոտ առկա է անեմիա, ապա, չնայած տարածված կարծիքին, սա դեռեւս չի նշանակում, որ նա B12 վիտամինի դեֆիցիտ ունի, հետեւաբար՝ այս կամ ցանկացած այլ վիտամին նշանակելուց առաջ անհրաժեշտ է, այնուամենայնիվ, արյան մեջ դրա պարունակության ստուգման անալիզ հանձնել: Նույնը վերաբերում է նաեւ այլ վիտամիններին եւ միկրոտարրերին:

«Այսօր Հայաստանում լաբորատորիաներ կան, որոնցում նման անալիզներ կատարում են: Օրինակ՝ «Աստղիկ» ԲԿ լաբորատորիայում կարելի է ստուգել բոլոր կարեւոր վիտամինների եւ միկրոտարրերի մակարդակը. ստացած տվյալների հիման վրա անհրաժեշտության դեպքում կարելի է պացիենտին վիտամիններ նշանակել: Այսպիսի անալիզների համար փողի խնայողություն կատարել չարժի, քանի որ եթե հայտնի չլինի պացիենտի մոտ այս կամ այն վիտամինի պարունակության մակարդակը, մենք չենք իմանա, թե նրան ինչպիսի դեղաչափ նշանակենք»,- նշեց մասնագետը:

Բժիշկ Սաֆարյանը հիշեցրեց, որ եթե մարդն ընդունի վիտամիններ, որոնց պարունակությունն օրգանիզմում անբավարար չէ, դա կարող է բերել դրանց ավելցուկի: Իսկ հիպերվիտամինոզը պակաս լուրջ խնդիր չէ, քան ավիտամինոզը: Ավելին՝ եթե պացիենտի մոտ, օրինակ, առկա է օնկոլոգիական հիվանդություն, որի մասին նա կարող է դեռեւս նաեւ չիմանալ, վիտամինների ընդունումը կարող է առաջացնել ուռուցքի ավելի բուռն եւ ակտիվ աճ: Եվ սա առանց բժշկի հետ խորհրդակցելու վիտամիններ չընդունելու եւս մեկ պատճառ է:

Իհարկե, կան մարդկանց խմբեր, որոնց վիտամինները նշանակում են կանխարգելման նպատակներով: Օրինակ՝ հղի կանանց նշանակում են ֆոլաթթու (կամ հղիների համար նախատեսված վիտամինների համալիր, որը նաեւ ֆոլաթթու է պարունակում), որն անհրաժեշտ է պտղի նորմալ ձեւավորման համար: Մանկաբույժը կարող է երեխաներին նաեւ վիտամիններ նշանակել: Բայց այս դեպքերում ինչպես այդ վիտամինների դեղաչափը, այնպես էլ տարատեսակը բժիշկներն են ընտրում:

«Եթե ձեզ թվում է, որ ավիտամինոզ ունեք, ցանկալի է բժշկի դիմել, որը տեղեկանալով, թե ձեզ կոնկրետ ինչպիսի ախտանիշներ են անհանգստացնում, կորոշի՝ ինչ անալիզներ նշանակել, իսկ արդեն ստացած տվյալների հիման վրա՝ որ վիտամինը նշանակել: Իմ խորը համոզմամբ՝ չի կարելի առանց բժշկի նշանակման որեւէ բան, այդ թվում վիտամիններ ընդունել»,- նշեց բժիշկ Սաֆարյանը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել