• Latest news

Քանի՞ աղջիկ է Հայաստանում արդեն պատվաստվել գարդասիլով

12 հունվարի, 2019  19:08

Հայաստանում մարդու պապիլոմայի վիրուսի դեմ քառավալենտ պատվաստանյութով արդեն պատվաստվել է 1590 աղջիկ, 13-14 տարեկան աղջիկների մոտ 7%-ը։ Այս մասին NEWS.am Medicine-ի թղթակցին տեղեկացրել է Հայաստանի առողջապահության նախարարության իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը։

Նրա խոսքերով՝ պատվաստված աղջիկներից ոչ մեկի մոտ կողմնակի էֆեկտներ չեն գրանցվել։ Տարածված կողմնակի էֆեկտ է համարվում ցավը ներարկման տեղում, բայց անգամ ցավից, ըստ Գայանե Սահակյանի, ոչ մի աղջիկ դեռ չի բողոքել։

Ինչպես նշել է մասնագետը, Հայաստանում գարդասիլով պատվաստումը բավական դանդաղ է ընթանում:

"Պատվաստանյութի դեմ ոչ ճիշտ տեղեկությունների տարածման պատճառով 2004թ. ծնված աղջիկների ծնողները հրաժարվում են պատվաստումից։ Սակայն 2005թ. ծնված աղջիկների ծնողների հետ աշխատելը շատ ավելի հեշտ է. նրանք չեն ընկել հակապատվաստման շարժման ազդեցության տակ եւ հաճույքով իրենց երեխաներին բերում են պատվաստվելու", - նշեց Գայանե Սահակյանը։

Հիշեցնենք, որ մարդու պապիլոմայի վիրուսի դեմ պատվաստումը՝ արգանդի վզիկի քաղցկեղի կանխման նպատակով, Հայաստանում սկսել են 2017թ. դեկտեմբերի 11-ին։ Երկու տարվա ընթացքում նախատեսվում է պատվաստել 16 000 13-ամյա աղջկա, ովքեր ծնվել են 2004թ. հուլիսից հետո։

Տվյալ պատվաստման ներդրումը հասարակության մեջ հակասական արձագանք է ստացել.  ոմանք դրանում դավադրություն էին տեսնում, ոմանք պնդում էին, որ պատվաստանյութի արդյունավետությունը դեռ ապացուցված չէ, քանի որ շատ քիչ ժամանակ է անցել դրա՝ շուկա դուրս գալուց հետո, բացի այդ, համացանցում տվյալներ կան վակցինայի բազմաթիվ կողմնակի էֆեկտների մասին։

Հիշեցնենք նաեւ, որ 2017թ. Հայաստանում գրանցվել է արգանդի վզիկի քաղցկեղի 262 նոր դեպք։ Պացիենտների 80%-ը 40-69 տարեկան կանայք են: Դեպքերի 62%-ում հիվանդությունը հայտնաբերվել է 3-րդ կամ 4-րդ ստադիայում։ 2017թ. գրանցվել է նաեւ արգանդի վզիկի քաղցկեղից մահացության 75 դեպք։ 2018թ. տվյալներ դեռ չկան։

Նշենք նաեւ, որ որոշ մասնագետներ պնդում են, որ մարդու պապիլոմայի վիրուսի դեմ պատվաստելն անհրաժեշտ է ոչ միայն աղջիկներին, այլեւ տղաներին. եթե աղջիկների մոտ վիրուսի պատճառով կարող է զարգանալ արգանդի վզիկի քաղցկեղ, ապա տղաների մոտ՝ կոկորդի, բերանի խոռոչի, ավելի հազվադեպ՝ առնանդամի քաղցկեղ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է