• Latest news

Հայաստանի առողջապահության նախարարությունը կողպե՞լ է էլեկտրոնային առողջապահության շուկան

16 հունվարի, 2019  14:07

«Սոցմեդիկա» ընկերությունը, որի մշակումները հաջողությամբ ներդրվել են ռուսական էլեկտրոնային առողջապահության համակարգում, ապարդյուն փորձում է իր նորարարական արտադրանքով դուրս գալ հայկական շուկա:

«Սոցմեդիկան» զբաղվում է բժշկության ոլորտում արհեստական ինտելեկտի մշակմամբ՝ հիմնվելով Բժշկական գիտելիքների միավորված բազայի (UMKB) վրա: Սա ավտոմատացված համակարգ է, որը ներդրվում է առողջապահության կառուցվածքի մեջ եւ իրականացնում բուժման գործընթացի մոնիթորինգ՝ նախազգուշացնելով ռիսկերի մասին եւ նվազեցնելով բժշկական սխալները:

Ընկերությունը «Սկոլկովո» ինովացիոն կենտրոնի ռեզիդենտ է: «Մենք այսօր պատրաստ ենք մեր տեխնոլոգիաները ներդնել Հայաստանի առողջապահության համակարգի մեջ եւ երկրում բարձր տեխնոլոգիական բիզնես վարել, սակայն անգամ թավշյա հեղափոխությունից հետո իշխանությունների կողմից ոչ մի հետաքրքրվածություն չենք տեսնում»,- NEWS.am Medicine-ի հետ զրույցում նշեց ընկերության փոխտնօրեն Ռոբերտ Մանուկյանը:

«Մենք առաջարկում ենք Հայաստանի էլեկտրոնային առողջապահության համակարգում ներդնել մեր մշակած տեխնոլոգիաները եւ արհեստական ինտելեկտի բնագավառում ինովացիոն IT արտադրանքը: Մենք բազմիցս դիմել ենք Հայաստանի Առողջապահության նախարարությանը, սակայն ապարդյուն»,- նշում է նա:

Հայաստանի կառավարության 2017 թվականի հուլիսի 20-ի որոշմամբ eHealth էլեկտրոնային առողջապահության համակարգը տրվել է մրցույթում հաղթած օպերատորին՝ շվեյցարական Sylex SARL ընկերությանը: «Մենք կասկածում ենք, որ մրցույթի մասնակիցներին ներկայացված պահանջները չեն համապատասխանել ընդունված ստանդարտներին եւ/կամ չեն պահպանվել մրցույթի բոլոր պայմաններն ու անցկացման կարգը»,- հայտարարեց Մանուկյանը:

Ըստ պաշտոնական տվյալների՝ պետական պատվեր կատարող բժշկական կազմակերպությունների վճարումները Sylex SARL-ին կազմում են (2018-ի օգոստոսի դրությամբ) ամսական կտրվածքով շուրջ 60 մլն դրամ:

Մանուկյանը նշեց, որ էլեկտրոնային դեղատոմսերի համակարգին դեղատների միանալու սակագները չափից ավելի բարձր են: «Այսպես՝ eHealth օպերատորը հայտարարել է, որ էլեկտրոնային դեղատոմսերի համակարգին միանալու դեպքում մեկ դեղատան համար միանվանգ վճարումը կկազմի միջինը 224 հազար դրամ, իսկ յուրաքանչյուր ամիս դեղատունը վճարելու է մոտ 50 հազար դրամ: Եթե այս սակագները բազմապատկենք  երկրի խոշոր քաղաքներում գործող դեղատների թվին, որը 1700 դեղատուն է (ըստ պաշտոնական վիճակագրության տվյալների), ապա օպերատորը ստանում է 0,7 մլն դոլարի եկամուտ դեղատների մեկանգամյա միացման համար եւ տարեկան մոտ 2 մլն դոլար որպես բաժանորդավճար:

Մինչդեռ համանման համակարգի սպասարկման եւ զարգացման համար բավական է տասնյակ անգամ փոքր գումարը, եւ մեզ դա հայտնի է: Մեր հաշվարկներով՝ ելնելով հրապարակված սակագներից, Օպերատորի եկամուտը տարեկան կարող է կազմել 3,5 մլրդ դրամից ավելի: Ի՞նչ է սա, եթե ոչ կոռուպցիոն սխեմայի գոյության ինդիկատոր, որը Օպերատորի թիկունքում կանգնած պաշտոնյաների համար մեծ ատկատներ է իրականացնում»,- ընդգծեց նա:

Մինչդեռ «Սոցմեդիկա» ընկերության մշակումները կօգնեին լուծել պետպատվերի շրջանակում բուժսպասարկման փուլերում, ինչպես նաեւ դեղորայքի եւ բժշկական սարքավորումների պետական գնումների ժամանակ կոռուպցիոն բարձր ռիսկերի հետ կապված խնդիրները:

Հնարավոր համագործակցությանն առնչվող «Սոցմեդիկայի» գրավոր դիմումները չեն առաջացրել Առողջապահության նախարարության հատուկ հետաքրքրությունը: Մինչդեռ eHealth-ում արհեստական ինտելեկտի ներդրումը այս համակարգն ավելի թափանցիկ կդարձնի, իսկ բժշկական ծառայությունները՝ ավելի հասանելի: Սա, իր հերթին, կհանգեցնի ցուցաբերվող բուժօգնության որակի բարձրացմանը:

Այսպես՝ «Սոցմեդիկան» առաջարկում է Հայաստանում ներդնել բժշկական որոշումների ընդունման աջակցության համակարգ՝ «Էլեկտրոնային կլինիկական դեղաբան»: ԷԿԴ համակարգը հաջողությամբ կլինիկական փորձարկում է անցել եւ օգտագործվում է Ռուսաստանի Դաշնության բուժհաստատություններում:

Ընկերության եւս մեկ արտադրանք է «խելացի» էլեկտրոնային դեղատոմսերի եւ ՖարմՏԱԿՍԻ-ի (Трансграничная Автоматизированная Когнитивная Система Информирования в Фармацевтической отрасли - Դեղագործության ոլորտում Տեղեկատվության անդրսահմանային ավտոմատացված կոգնիտիվ համակարգ) դեղամիջոցների տարածման վերահսկման համակարգը: Այն թույլ է տալիս վերահսկել արտադրողից մինչեւ սպառող մակնշված դեղամիջոցների տարածումը՝ միաժամանակ բացառելով շուկայում կեղծումների հայտնվելը:

«Սոցմեդիկայի» փորձագետներին մտահոգում է այն հարցը, թե պետությունը, որպես էլեկտրոնային առողջապահության համակարգի սեփականատեր, այսօրվա դրությամբ արդյոք ծրագրային ապահովման նախնական գաղտնագրերին, տվյալների բազային եւ  eHealth համակարգի տեխնիկական սպասարկման բոլոր հրահանգներին հասանելիություն ստանալու հնարավորություն ունի՞: «Թե՞ թվարկված ամեն ինչը գտնվում է շվեյցարական Sylex SARL ընկերության բացառիկ վերահսկողության տակ»,- նշեց Մանուկյանը:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել