• Latest news

Վերջին 10 տարիներին Հայաստանում մարդու էխինոկոկոզի դեպքերի թիվն ավելացել է

16 հունվարի, 2019  15:08

Վերջին 10 տարիներին Հայաստանում մարդու էխինոկոկոզի դեպքերի թիվն ավելացել է: Հունվարի 16-ին մամուլի ասուլիսին այս մասին ասաց Հայաստանի վիրաբույժների ասոցիացիայի նախագահ Մուշեղ Միրիջանյանը:

Տվյալ հիվանդությունը բնորոշվում է լյարդում, թոքերում կամ այլ օրգաններում եւ հյուսվածքներում մակաբուծային պարկի առաջացմամբ: Հարուցիչը Echinococcus granulosus (ժապավենաձեւ որդերի տեսակ) էխինոկոկի թրթուրային փուլն է: Էխինոկոկոզը մարդուն փոխանցվում է կենդանիներից: Վարակի աղբյուր կարող են լինել շները, ինչպես նաեւ գյուղատնտեսական կենդանիները:

Միրիջանյանը նշեց, որ էխինոկոկոզի դեպքերի աճը կապված է բացառապես սանիտարահիգիենիկ պայմանների խախտման հետ: Օրինակ, դա վերաբերում է անասունների սպանդի եւ մսի կտրատմանը:

«Անթույլատրելի է, երբ այդ գործընթացն իրականացվում է փողոցային պայմաններում», - ընդգծեց նա:

Նրա խոսքով՝ էխինոկոկոզով հիվանդացության առավել մեծ աճը նկատվում է վերջին երկու տարիներին:

«Օրինակ, եթե 90-ականներին լյարդի էխինոկոկոզի վիրահատությունը ես ամիսը մեկ անգամ էի անում, ապա հիմա՝ 9-10 անգամ: Եվ ես հաշվի չեմ առնում այլ վիրաբույժների կողմից  էխինոկոկոզի դեպքում կատարած վիրահատությունները», - տեղեկացրեց Միրիջանյանը:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ էխինոկոկկոզն ամեն տարի աշխարհում գրանցվող մահվան 19 300 դեպքերի պատճառն է: ԱՀԿ-ն, միաժամանակ, նշում է, որ կենդանիների շրջանում կիստոզային էխինոկոկկոզի համաճարակային վերահսկողություն իրականացնելը դժվար է, քանի որ տնային անասունների եւ շների մոտ ինֆեկցիան առանց ախտանշանների է ընթանում:


Հիվանդացության հետ կապված իրավիճակը կարելի է բարելավել շների պարբերական ճիճվաթափման, սպանդանոցներում հիգիենայի (ներառյալ վարակված թափոնների պատշաճ վերացման) բարելավման ճանապարհով:


Ալվեոլային էխինոկոկկոզի կանխարգելումն ու դրա դեմ պայքարն ավելի դժվար է, քանի որ դրա փոխանցողներն են վայրի կենդանիները:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է