• Latest news

Բուժումը հասանելի է, բայց պացիենտներն անհասանելի են. Ինչպես է Հայաստանում աշխատանքային միգրացիան խանգարում հասնել «90-90-90» նպատակին

18 հունվարի, 2019  16:29

Հայաստանում ՄԻԱՎ ինֆեկցիայի տարածման գործում լուրջ դերակատարում ունի աշխատանքային միգրացիան. երկրում բոլոր ՄԻԱՎ դրական մարդկանց 66 տոկոսը աշխատանքային միգրանտներն ու նրանց գործընկերներն են: Դա էլ հենց խանգարում է երկրում հասնել «90-90-90» նպատակին, պնդում է ՁԻԱՀ-ի կանխարգելման ազգային կենտրոնի ղեկավար Սամվել Գրիգորյանը:

Հայաստանում ՄԻԱՎ-ով բոլոր մարդիկ 2017 թվականից կարող են հակառետրովիրուսային թերապիան անվճար ստանալ՝ անկախ արյան մեջ CD4-լիմֆոցիտների քանակությունից: Հակառետրովիրուսային թերապիան ՄԻԱՎ ինֆեկցիայի բուժման մեթոդ է, որի շնորհիվ պացիենտի մոտ վիրուսային բեռնվածությունը կարելի է նվազեցնել մինչեւ անորոշելիի. ընդ որում՝ վիրուսը չի ճնշի պացիենտի իմունային համակարգը, իսկ ինքը՝ պացիենտը  արդեն «վարակիչ» չի լինի:

Իսկ ինչո՞ւ բոլորը չեն ստանում հակառետրովիրուսային թերապիա: Որովհետեւ ՄԻԱՎ-ով մարդկանց 56 տոկոսը աշխատանքային միգրանտներն են, որոնք պարբերաբար մեկնում են այլ երկրներ աշխատելու: Նրանցից շատերը հայրենիքում գտնվելու ժամանակ իրենց կարգավիճակի մասին տեղեկանալով՝ կրկին են մեկնում՝ բուժումը չսկսելով կամ այն կիսատ թողնելով: Արդյունքում այսօրվա դրությամբ ՄԻԱՎ-ով պացիենտների միայն 72 տոկոսն է հակառետրովիրուսային թերապիա ստանում: Նրանցից 85 տոկոսի մոտ թերապիան արդյունավետ է, իսկ արյան մեջ վիրուսային բեռնվածությունը անորոշելի է:

Ինչպես նշեց Սամվել Գրիգորյանը, այս թիվը կարող էր եւ ավելի մեծ լինել, սակայն մասնագետները հնարավորություն չունեն հետեւելու բոլոր պացիենտների վիճակին՝ կրկին այն պատճառով, որ նրանցից շատերը աշխատելու են մեկնում այլ երկրներ: Նույնիսկ եթե նրանք ընդունում են իրենց նշանակված դեղերը, մասնագետները չեն կարող են նրանց վիճակը դիտարկման ենթարկել:

«Մենք բուժում ենք տրամադրում, այն անվճար է եւ հասանելի, բայց ստացվում է, որ մեզ համար անհասանելի է իրենց՝ պացիենտների մի մասը»,- նշեց Սամվել Գրիգորյանը՝ ելույթ ունենալով «ՄԻԱՎ ինֆեկցիան եւ միգրացիայի խնդիրները» գիտաժողովում:

Հիշեցնենք, որ դեռեւս 2014 թվականին UNAIDS-ը ՄԻԱՎ համաճարակի վերացման համար մշակել էր «90-90-90» ռազմավարությունը, որի համաձայն՝ 2020 թվականին ՄԻԱՎ-ով ապրող բոլոր մարդկանց 90 տոկոսը իր կարգավիճակի մասին պետք է իմանա, ՄԻԱՎ ինֆեկցիայի ախտորոշմամբ բոլոր հիվանդների 90 տոկոսը պետք է մշտական հակառետրովիրուսային թերապիա ստանա, հակառետրովիրուսային թերապիա ստացող բոլոր հիվանդների 90 տոկոսի շրջանում պետք է դիտվի զրոյական վիրուսային բեռնվածություն:

Եվրոպական որոշ երկրներ արդեն հասել են «90-90-90» նպատակին, իսկ Հայաստանում այս պահին հաջողվել է հասնել «76-72-85»-ի: Հայաստանում ՄԻԱՎ-ով վարակված մարդկանց հաշվարկային թիվը 3400 է, սակայն վերջին տեղեկություններով՝ միայն 2589 մարդ (76 տոկոսը) գիտի իր կարգավիճակի մասին: Նրանցից 72 տոկսը ստանում է հակառետրովիրուսային թերապիա, որոնցից 85 տոկոսի մոտ անորոշելի վիրուսային բեռնվածություն է:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել