• Latest news

Հայ բժիշկները զգուշանում են ծանր հիվանդներին ափիոնային անալգետիկներ նշանակել. փորձագետ

12 փետրվարի, 2019  14:11

Հայ բժիշկները զգուշանում են ծանր հիվանդներին ափիոնային անալգետիկներ նշանակել: Փետրվարի 12-ին մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց «Իրական աշխարհ, իրական մարդիկ» ՀԿ փորձագետ, «Խտրականության դեմ պայքարի եւ հանուն հավասարության» կոալիցիայի նախագահ Հովհաննես Մադոյանը:

Փորձագետը տեղեկացրեց, որ Հայաստանում ամեն տարի շուրջ 18 հազար մարդ պալիատիվ օգնության կարիք ունի, որոնցից 6 հազարը օնկոհիվանդներն են: Նրա խոսքով՝ տարեկան կտրվածքով երկրում մորֆինի պահանջմունքը կազմում է 30 կգ: «Երկրում ամեն օր ափիոնային անալգետիկների կարիք ունի 2700-2800 մարդ: Մինչդեռ նման 12 հիվանդից միայն մեկն է համապատասխան ցավազրկող դեղամիջոցներ ստանում»,- հայտնեց նա:

Ուժգին ցավերի դեպքում ծանր հիվանդները յուրաքանչյուր 4 ժամը մեկ ափիոնային անալգետիկների կարիք ունեն: Սա նշանակում է, որ բժիշկը պետք է մեկանգամյա օգտագործման համար նշանակի այդ դեղամիջոցների 5-6 ամպուլա: Մինչդեռ բժիշկները սահմանափակվում են 2-3 ամպուլա նշանակելով, ինչը գործող նորմերի խախտում է:

Մադոյանի խոսքով՝ դրա պատճառը ափիոնային անալգետիկների մասին ինչպես բուժանձնակազմի անբավարար տեղեկացվածությունն է, այնպես էլ իրենց՝ պացիենտների եւ նրանց ազգականների: Այսպես՝ բժիշկներն իրենք կարող են հիվանդներին համոզել մորֆին չընդունել՝ ասելով, որ դա կարող է թմրակախվածություն առաջացնել: Մինչդեռ պալիատիվ օգնությունն ուղղված է ծանր հիվանդների կյանքի որակի բարելավմանը, եւ հնարավորությունը, որ նրանք իրենց կյանքի վերջին շաբաթներին մորֆին ընդունելու պատճառով թմրամոլ կդառնան, գործնականում հավասար է զրոյի:

Մադոյանն ուշադրություն դարձրեց նաեւ այն փաստին, որ բժիշկները հաճախ անհրաժեշտ քանակությամբ ափիոնային անալգետիկներ չեն նշանակում՝ վախենալով, որ մեծ քանակությամբ նշանակելու դեպքում այդ դեղամիջոցները կդառնան վաճառքի առարկա կամ էլ տան պայմաններում պահելն անվտանգ չէ: Արդյունքում դեպքեր են գրանցվել, երբ բժիշկները խախտելով բժշկական գաղտնիքը՝ իրավապահ մարմիններին անձնական բնույթի տեղեկություններ են տրամադրել:

«Եթե կան բժշկական ցուցումներ, ապա պետք է նշանակվեն ափիոնային անալգետիկներ: Մենք գանգատներ ենք ստացել, որ ծանր հիվանդներին, այդ թվում՝ քաղցկեղի ախտորոշմամբ, որպես ցավազրկող են նշանակվում կետոնալ, դիմեդրոլ կամ անալգին, չնայած այդ դեպքում նրանց հասնում է տրամադոլ կամ մորֆին: Մինչդեռ Հայաստանում գրանցված են Առողջապահության համաշխարհային կազմակերպության երաշխավորած բոլոր ցավազրկող դեղամիջոցները»,- շեշտեց փորձագետը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել